Ռոբոտների համաշխարհային oլիմպիադայի մասնակիցների թիվն այս տարի կրկնապատկվել էր - News | Ayb Educational Foundation
  • Ռոբոտների համաշխարհային oլիմպիադայի մասնակիցների թիվն այս տարի կրկնապատկվել էր
  • Ռոբոտների համաշխարհային oլիմպիադայի մասնակիցների թիվն այս տարի կրկնապատկվել էր

Ռոբոտների համաշխարհային oլիմպիադայի մասնակիցների թիվն այս տարի կրկնապատկվել էր

22 July / 2021

Հուլիսի 18-ին «Այբ» կրթական հիմնադրամը գլխավոր գործընկեր SoftConstruct ընկերության և մշտական հովանավոր «Ռոստելեկոմ Հայաստանի» հետ համագործակցությամբ կազմակերպեց տարվա ռոբոտաշինական ամենակարևոր իրադարձություններից մեկը Հայաստանում՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը։

Հեղինակավոր մրցույթը Հայաստանում անցկացվում է արդեն վեցերորդ անգամ, և մենք շատ ուրախ ենք, որ այն ավելի մեծ ծավալների է հասել նաև շնորհիվ մեր գործընկերների։

 ««Ռոստելեկոմ Հայաստանն» արդեն դարձել է մեր գաղափարական գործընկերը և մեզ հետ միասին առաջ է տանում ռոբոտաշինության շարժումը Հայաստանում։ Մեր երեխաներին այստեղ տեսնելով, հատկապես փոքրերին՝ հավատում ես, որ մեր երկրին հետաքրքիր տեխնոլոգիական ապագա է սպասում»,- նշեց  «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը:

SoftConstruct կազմակերպության ներկայացուցիչ Սարգիս Պողոսյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ իրենք կարևորում են ռոբոտաշինության դերը ժամանակակից աշխարհում և շարունակաբար աջակցում կրթական-նորարարական և երիտասարդների տեխնոլոգիական մտքի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։

««Այբ»-ի հետ կայուն համագործակցությունը տարեցտարի ավելի արգասաբեր է դառնում, իսկ առանցքում կրթությունն է և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը: Մեր ընկերությունը շարունակում է աջակցել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային՝ բացահայտելու ու խորացնելու աշակերտների ինժեներական միտքն ու ստեղծագործական կարողությունները»,- նշեց «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Միխայիլ Ռազբաևը:

Այս տարի մրցույթը նոր ձևաչափ ուներ. մրցույթին զուգահեռ տեղի ունեցավ «Սոֆթբոթ» ռոբոտաշինական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին ձեռքբերումները։

ՌՀՕ-ի հայաստանյան փուլին մասնակցեց 17 թիմ 4 մրցութային խմբերում։ Առաջին անգամ օլիմպիադային մասնակցելու հնարավորություն ունեին նաև մարզային սկսնակ թիմեր, որոնք «Այբ»-ի մեկ այլ՝ «Լեգոստարտ-2021» ռոբոտաշինական մրցույթի շնորհիվ որոշակի փորձ էին ձեռք բերել։

 ՌՀՕ-ի այս տարվա թեման էր՝ «PowerBots - Էներգետիկայի ապագան»։

Թիմերի գլխավոր խնդիրն էր վերականգնվող էներգիայի օգտագործմանն ուղղված առաջադրանքների կատարումը։ Տարբեր տարիքային թիմերի համար առանձնացված էին տարբեր առաջադրանքներ։

«ՌՀՕ-2021» մրցույթում We Do մրցութային խմբում թեժ պայքարում հաղթեց Mind Center We Do 1 թիմը։ 

Մրցութային տարրական խմբում հաղթող ճանաչվեց YeLo Robotics թիմը։

Մրցութային կրտսեր խմբում մրցակիցներից առաջ անցավ Mind Center Junior-ը։

«ՌՀՕ-2021»-ի ազգային փուլում ավագ տարիքային խմբի լավագույն և մրցաշարի հաղթող ճանաչվեց Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի «Ֆիզմաթ» թիմը։ Վերջինս ռոբոտաշինության ոլորտում արդեն մի քանի տարվա փորձ ունի և բազմաթիվ մրցույթներում պատվավոր հորիզոնականներ է զբաղեցրել՝ «Բիոնիկ ձեռք», «Խելացի տուն», «Խելացի ջերմոց» նախագծերով։

Ահա այսպես՝ «Այբ»-ը հերթական անգամ կարողացավ մեկ միասնական գաղափարի շուրջ միավորել բոլոր նրանց, ովքեր կարևորում են կրթությունը, տեխնոլոգիաներն ու երիտասարդների ներուժը ապագան կերտելու ճանապարհին։

 

Have a look at what we do