ՀՏՀ - Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

«Այբ» կրթական հիմնադրամը իրականացնում է կրթական ծրագրեր հանրակրթության ոլորտում: Հիմնադրամի նպատակն է Հայաստանում ձևավորել կրթության նոր մշակույթ և համակարգված ներդրումներով աջակցել երկրում կրթության ոլորտի զարգացմանը: «Այբ» հիմնադրամը մշակում և իրագործում է բազմաթիվ կրթական ծրագրեր, նախագծում ու հիմնում օրինակելի կրթական միջավայրեր, մշակում և տարածում 21-րդ դարի պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր և մեթոդաբանություններ:

 

«Այբ» կրթական հիմնադրամի ծրագրերը հիմնականում ուղղված են դպրոցականներին՝ 1-12 դասարանների աշակերտներին: Հիմնադրամի շահառուների թվում են նաև դպրոցների ուսուցիչները: 

Ո՛չ: «Այբ» հիմնադրամի գործունեության շահառուներն են Հայաստանի բոլոր դպրոցներն ու բոլոր աշակերտները։ «Այբ» դպրոցը «Այբ» հիմնադրամի առանցքային և կարևորագույն ծրագիրն է, սակայն ուսումնական և դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաներն ու մեթոդաբանությունները, որ ստեղծվում, մշակվում ու փորձարկվում են «Այբ» դպրոցում, ապա տարածվում են բոլոր դպրոցների վրա՝ շնորհիվ «Այբ» հիմնադրամի նախաձեռնած տասնամյա ազգային ծրագրի՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ): Այս ծրագրով նախատեսվում է ՀՀ և Արցախի դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու այլընտրանքային կրթական ծրագիր` Արարատյան բակալավրիատը (ԱԲ), և վերապատրաստել բարձր որակավորում ունեցող ուսուցիչների համայնք:


Բացի դրանից «Այբ»-ն իրականացնում է մի շարք այլ կրթական ծրագրեր, այդ թվում հայտնի զանգվածային դպրոցական մրցույթները՝ «Կենգուրուն», «Ռուսական արջուկը», «Մեղուն» և այլն, որոնք ներգրավում են Հայաստանի ու Արցախի բոլոր դպրոցականներին։

«Այբ» կրթական հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կառույց է: Հիմնադրամի միջոցները գոյանում են՝

•    անհատ բարերարների և կազմակերպությունների կողմից արված նվիրատվություններից և նպատակային նվիրաբերություններից, որոնք կազմում են միջոցների մեծ մասը,
•    ծրագրերի իրականացման համար ներգրավվող  միջոցներից, այդ թվում՝ նպատակային ֆինանսավորում և ծրագրերի մասնակիցների ներդրումներ:

«Այբ» կրթական հիմնադրամի միջոցները ներդրվում են հիմնադրամի  կրթական ծրագրերի իրականացման և  վարչական ծախսերի մեջ։

«Այբ» կրթական հիմնադրամի ծրագրերին կարելի է աջակցել ֆինանսական և ոչ ֆինանսական նվիրատվությունների միջոցով։ Աջակցության եղանակների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։ Նվիրատվություն կատարելով «Այբ»-ին՝ Դուք միանում եք կրթության աջակիցների համաշխարհային ցանցին և օգնում եք զարգացնել մեր երկիրն ու կերտում նրա նոր ապագան։ Մեր կոնտակտային տվյալները տեսե՛ք այստեղ:

«Այբ» հիմնադրամը համագործակցում է տարբեր անհատների և կազմակերպությունների հետ, որոնք մեզ հետ միասին նպաստում են Հայաստանի կրթական ոլորտի զարգացմանը։ Մենք ողջունում ենք ցանկացած նոր առաջարկ կամ նախաձեռնություն, որն ուղղված է մեր ընդհանուր նպատակի իրագործմանը, և պատրաստ ենք քննարկելու համագործակցության եզրերը։ Մեր կոնտակտային տվյալները տեսե՛ք այստեղ: