Համագործակցության հուշագիր «Այբ» կրթական հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության միջև - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Համագործակցության հուշագիր «Այբ» կրթական հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության  միջև

Համագործակցության հուշագիր «Այբ» կրթական հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության միջև

31 Մայիսի / 2021

«Այբ» կրթական հիմնադրամի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ ճշգրիտ և բնական գիտությունների առարկաների արտասահմանյան չորս դասագրքերի հայերեն թարգմանված էլեկտրոնային տարբերակներն անվճար կտրամադրվեն նախարարությանը:
 

Հուշագրով կարևորվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում որակյալ կրթության հասանելիությունը` շեշտը դնելով կրթական ոլորտում փոխշահավետ և հանրօգուտ համագործակցության վրա։
 

Հուշագիրը հիմքեր է ստեղծում ՀՀ-ում գիտատեխնիկական ոլորտի զարգացման և սովորողների ու ուսուցիչների համար այդ ուղղությամբ որակյալ ու արդիական հայալեզու ռեսուրսների հասանելիության համար։ Համագործակցության նպատակն է բարձրացնել կրթության որակը, բարելավել ՀՀ-ում սովորողների պատրաստվածությունն ու զինել ուսուցիչներին որակյալ կրթական ռեսուրսներով։ Կողմերը պատրաստակամ են օժանդակելու դասագրքերում շարադրված մեթոդաբանության և առարկայական բովանդակության կիրառությունը ՀՀ հանրակրթական դպրոցներում ապահովելու հարցում։ Նախարարությունը հանձն է առել օգտագործել «Այբ»-ի թարգմանած դասագրքերը՝ պահպանելով ինչպես «Այբ» կրթական հիմնադրամի, այնպես էլ մայր հրատարակչությունների հեղինակային իրավունքները։ «Այբ» կրթական հիմնադրամը դասագրքերը նախարարությանը կտրամադրի անվճար հիմունքներով:
 

«Այբ»-ն, այսպիսով, հաստատակամ է իր առաքելության մեջ՝ համագործակցելու բոլոր գործընկերների՝ այդ թվում պետության հետ՝ մեր կողմից մշակված կրթական բովանդակությունը Երևանի և ՀՀ բոլոր մարզերի սովորողներին հասանելի դարձնելու համար։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին