«Այբ»-ը՝ ԱՄՆ IACAC-ի հոբելյանական 30-րդ համաժողովի մասնակից - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Այբ»-ը՝ ԱՄՆ IACAC-ի հոբելյանական 30-րդ համաժողովի մասնակից

«Այբ»-ը՝ ԱՄՆ IACAC-ի հոբելյանական 30-րդ համաժողովի մասնակից

13 հուլիսի / 2023

 

 «Այբ» դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ Աննա Ակոպյանը և Ռուզաննա Մայիլյանը մասնակցեցին Ֆլորիդայի միջազգային համալսարանում  տեղի ունեցած Համալսարանական ընդունելության խորհրդատվության միջազգային ասոցիացիա (IACAC - International Association for College Admission Counseling)  հոբելյանական 30-րդ համաժողովին։

 

Համաժողովը հարթակ է տրամադրում կրթության ոլորտի մասնագետներին՝ կիսելու իրենց փորձը, քննարկելու նորարարական մոտեցումները և ձևավորելու նոր գործընկերություններ: Համաժողովն իր բովանդակությամբ, ձևաչափով և մասնագիտական համայնքի ներգրավվածությամբ ամենախոշոր միջոցառումներից մեկն է աշխարհում. նրան մասնակցում են մոտ 1500 կրթական կազմակերպություններ՝ դպրոցական և բուհական ուսումնական հաստատություններ ամբողջ աշխարհից։

 

«Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը և «Այբ» կրթական հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի համակարգող Ռուզաննա Մայիլյանը համաժողովի ընթացքում ներկայացրին «Այբ»-ի գործունեության և Արարատյան բակալավրիատի յուրահատկությունները:

 

Բացի դրանից, «Այբ»-ի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցեցին տարբեր սեմինարների: Շփվելով կրթական փորձագետների և մասնագետների հետ՝ «Այբ»-ի ներկայացուցիչները խորացրին իրենց պատկերացումները կրթական ոլորտի ընթացիկ միտումների մասին և արժեքավոր պատկերացումներ ձեռք բերեցին դասավանդման նորարարական մեթոդների, տեխնոլոգիաների ներմիավորման և անհատականացված ուսուցման մոտեցումների վերաբերյալ:

 

IACAC  2023-ում «Այբ»-ն ընդլայնեց իր գործընկերների ցանցը՝ հարթելով ապագա համագործակցության և գիտելիքների փոխանակման նոր ուղիներ:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին