Արարատյան բակալավրիատը չի սպասում. մեկնարկում են անհատական այցեր դպրոցներ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Արարատյան բակալավրիատը չի սպասում. մեկնարկում են անհատական այցեր դպրոցներ

Արարատյան բակալավրիատը չի սպասում. մեկնարկում են անհատական այցեր դպրոցներ

22 Փետրվարի / 2017

«Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված ծրագիրը, նոր թափ առնելով դեռ անցած տարի, շարունակում է հաստատուն կերպով առաջ ընթանալ։


Հունվարին ՀՀ մարզերում և փետրվարին Ստեփանակերտում ավարտվեց Արարատյան բակալավրիատին միանալու դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը, իսկ այսօր արդեն մեկնարկում է դիմումի փուլի հաջորդ քայլը՝ անհատական այցեր դպրոցներ։


Քանի դպրոց և ինչ նպատակով
 

Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետի լրանալուց անմիջապես հետո մեկնարկեց դրանց ուսումնասիրությունը, որի արդյունքում ընտրվեց 27 դպրոց՝ 26-ը ՀՀ մարզերից և 1-ը Արցախից, որոնք, ըստ կանխատեսումների, արդեն 2018 թվականին կարող են հավաստագրվել որպես ԱԲ-ի դպրոց։ 


Այս դպրոցների մասին ամբողջական պատկեր ստանալու և դրանք որպես ԱԲ-ի լիարժեք թեկնածու դպրոց դիտարկելու նպատակով առաջիկա երկու շաբաթում Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) թիմը՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԿԳԱԾ-ի բաժնի ղեկավար Սոնա Կոշեցյանի և ԱԲ-ի դպրոցների անդամակցության և համակարգման բաժնի մասնագետ Անուշ Այվազյանի, կայցելի այդ դպրոցներ՝ ծանոթանալու նրանց նպատակներին, կրթական մոտեցումներին, միջավայրին ու ավանդույթներին, բացահայտելու այն ոլորտները, որոնք հետագա բարելավման կարիք ունեն։


Բոլոր այն դպրոցները, որոնք կբավարարեն ԱԲ-ի դպրոց դառնալու չափանիշները, մարտ ամսին կանցնեն հաջորդ՝ թեկնածության փուլ, որի ավարտին դպրոցները պետք է ունենան բարեփոխված կառավարման ոլորտ, հավաստագրված ուսուցիչներ և բարելավված կրթական միջավայր։


«Եթե այցերի ընթացքում լինեն դպրոցներ, որոնք չեն բավարարի թեկնածության փուլ անցնելու պահանջները, ապա իրենց համար կսահմանվի թեկնածության փուլ անցնելու նոր ժամանակահատված», - մեզ հետ զրույցում ասաց Անուշ Այվազյանը՝ հիշեցնելով, որ Արարատյան բակալավրիատը ներկայիս պետական հանրակրթական ծրագրին զուգահեռ գործող պետական ծրագիր է, իսկ կրթությունը անվճար է լինելու ԱԲ-ի ծրագրով սովորող բոլոր աշակերտների համար։


Այնուհետ կմեկնարկի ընտրված դպրոցների ուսուցիչների զարգացման ծրագիրը՝ 10-11 ամիս տևողությամբ վերապատրաստումներ՝ ուղղված ուսուցիչների դասավանդման հմտությունների և կարողությունների զարգացմանը. հենց այս ուսուցիչներն էլ կդասավանդեն ԱԲ-ի կրթական ծրագրով։


Նշենք, որ հավաստագրված բոլոր դպրոցները կարող են ներդնել ԱԲ կրթական ծրագիրը ինչպես մեկ դասարանում, այնպես էլ ամբողջ դպրոցում՝ ըստ ցանկության։


Հիշեցնենք, որ ԱԲ-ին անդամակցելու դիմում-հայտ էր ներկայացրել ՀՀ մարզերի 54 և Ստեփանակերտի 1 դպրոց։


Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ Ծրագիրը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում։

 

Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերի և Ստեփանակերտի ընտրված դպրոցներում առնվազն մեկական դասարանով՝ հետագայում ընդլայնման ակնկալիքով։ Նախատեսվում է, որ ԱԲ ծրագրով առաջին մարզային դպրոցներն իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։


Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։ Այս գերազանցության ծրագիրը կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն և ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում:


2015 թ․ ընթացքում ԱԲ-ը համաքննվեց Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի ﬕջազգային քննություններ» կենտրոնի կողմից և արդյունքում գնահատվեց որպես անգլիական խորացված  մակարդակներին (GCE A Levels) համազոր։ 2016 թ․ օգոստոսին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC)` միջազգային հավաստագրման ամենահեղինակավոր կառույցը, նույնպես ԱԲ-ը համազոր ճանաչեց այնպիսի միջազգային առաջատար կրթական ծրագրերի, ինչպիսին են անգլիական խորացված մակարդակները (GCE A Levels) և ամերիկյան Advanced Placement-ը (AP)։ ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ կրթական ծրագրերին հնարավորություն է տալիս հայ աշակերտներին հայերենով հանձնելու միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորելու այդ համալսարաններում

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին