Հանուն Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջընթացի․ «Այբ» կրթական հիմնադրամը շարունակում է մասնակցությունը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործունեությանը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Հանուն Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջընթացի․ «Այբ» կրթական հիմնադրամը շարունակում է մասնակցությունը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործունեությանը

Հանուն Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջընթացի․ «Այբ» կրթական հիմնադրամը շարունակում է մասնակցությունը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործունեությանը

11 Հունիսի / 2018

 

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է, որ «Այբ» կրթական հիմնադրամը՝ որպես Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր, շարունակելու է իր ներդրումը բերել FAST-ի կանոնադրական նպատակների իրականացմանը։ «Այբ» կրթական հիմնադրամի ամբողջական ներդրումը կազմելու է 500.000 ԱՄՆ դոլար։

 

«Հաշվի առնելով FAST հիմնադրամի առաքելությունը՝ Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումը` կարևոր ենք համարում մեր շարունակական աջակցությունը FAST-ին և հայտարարում մեր երկարաժամկետ հանձնառության մասին»,- ասված է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարության մեջ։

 

«Կրթությունն այն ոլորտն է, որտեղ հատկապես կարևոր է ուժերի համատեղումը՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։ Մենք մշտապես մասնակցել ենք Հայաստանի բազմաթիվ կրթական նախաձեռնությունների՝ դա համարելով սկզբունքային՝ կրթության ոլորտում որակական փոփոխությունների հասնելու համար։ FAST-ին մասնակցության շնորհիվ՝ մենք մեր ներդրումն ենք ունենում Հայաստանի գիտատեխնոլոգիական զարգացման մեջ, որի հիմքը մենք դրել ենք «Արարատյան բակալավրիատ» միջազգայնորեն ճանաչված հայալեզու կրթական ծրագրի մշակման շնորհիվ: Մրցունակ հանրակրթությունը հիմքն է մրցունակ բարձրագույն կրթության: «Այբ» հիմնադրամի մշակած «Հայաստանի տեխնոլոգիական համալսարան» ծրագիրն ամրագրում է նոր հավակնություն բարձրագույն կրթության ոլորտում և հեռանկար բացում Հայաստանի գիտատեխնոլոգիական զարգացման համար»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մամիկոնյանը։

 

FAST-ի առանցքային խնդիրներից մեկը գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր ազգային ներուժի համախմբումն է և միջազգային առաջատար մասնագետների ներգրավումը` Հայաստանը դարձնելու տեխնոլոգիական նորարարության և ստեղծարարության համաշխարհային կենտրոն:

 

 

***

 

«Այբ»-ը 2006 թվականին հիմնադրել են մարդիկ, ովքեր իրենց ձեռքբերումները համարում են որակյալ կրթության արդյունք և ցանկանում են լավագույն կրթության հնարավորություն ընձեռել Հայաստանի և սփյուռքի սովորողներին: «Այբ»-ը միավորում է մարդկանց, ովքեր գիտակցում են կրթության կարևորությունը և պատրաստ են իրենց մասնակցությունն ու ներդրումը բերելու հայկական զարգացմանը, օրինակելի կրթական միջավայրերի ստեղծմանը, ուսյալ և պատասխանատու սերունդների ձևավորմանը: Իր տասներկուամյա աշխատանքի ընթացքում «Այբ» հիմնադրամն իրականացրել է բազմաբնույթ գործունեություն հանրակրթության ոլորտում` մշակելով և իրագործելով կրթական ծրագրեր, նախագծելով և հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթանել են կրթության համակարգային փոփոխություններ: «Այբ»-ի ծրագրերն ազգային հարուստ կրթական ժառանգության և համաշխարհային առաջատար փորձի յուրօրինակ համադրություն են։ Մենք ձգտում ենք Հայաստանը դարձնելու բարձրորակ կրթություն ապահովող երկիր, որն իր ուրույն տեղն ունի համաշխարհային կրթական քարտեզի վրա:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին