Հաշվի առնելով հանրակրթության պետական չափորոշչի ներդրման մարտահրավերային գործընթացում դպրոցների առջև ծառացած խնդիրները և հետամուտ լինելով փետրվարին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը նախարարության ընդգծած առաջնահերթություններին՝ օրերս նախաձեռնել էինք առցանց հանդիպում նախարարության ընտրած մենտոր դպրոցների տնօրենների հետ։
Հանդիպմանը՝
- ներկայացրինք մեր հնարավոր աջակցության շրջանակը` ելնելով նախապես դուրս բերված կարիքներից.
- ԱԲ-ի թեկնածու դպրոցների և Տավուշի դպրոցների տնօրենները ներկայացրին «Այբ»-ի մասնագիտական վերապատրաստումների վերաբերյալ իրենց փորձառությունը.
- տնօրենների հետ քննարկեցինք մենտոր դպրոցների հիմնական խնդիրներն ու նպատակները։
Ամփոփելով՝ պատրաստակամություն հայտնեցինք առաջիկա 4 ամիսների ընթացքում՝
- դպրոցներին տրամադրելու նախագծային ուսումնառության մասին տեսադասերի շարքը և դրա հիման վրա իրականացնելու փոխգործուն առցանց սեմինարներ,
- անցկացնելու մենտորության գաղափարի, նպատակի և նշանակության թեմայով վեբինարներ,
- դուրս բերելու համագործակցության այլ ձևաչափեր և թեմաներ՝ ելնելով դպրոցների կարիքներից ու առաջնահերթություններից։
Մասնակիցների առաջարկով «Այբ»-ն առաջիկայում համատեղ աշխատանքային հարթակ կստեղծի` հնարավորություն ստեղծելով միասին քննարկելու լավագույն փորձը, դուրս բերելու արդի խնդիրները և քննարկելու դրանց լուծման արդյունավետ տարբերակներ։
Կրթական համակարգում առաջնորդության, փոխօգնության և մենտորության ինստիտուտների կայացումն ու ամրացումը մեր մեծ նպատակներից են։
«Այբ»-ը, հիմնվելով Արարատյան բակալավրիատի, Տավուշում ուսուցիչներին ու դպրոցի ղեկավար կազմին հանրակրթական պետական չափորոշիչի փորձարարական ծրագրով վերապատրաստելու, ինչպես նաև նախագծային ուսումնառության իր առաջատար փորձի վրա, պատրաստ է ուղղորդող հարթակ լինելու մենտոր դպրոցների համայնքի և, նրանց առաջնորդությամբ, հանրապետության մյուս դպրոցների զարգացման համար։