Հայ դեռահասների 8 ստարտափ թիմ նախնական ֆինանսավորում է ստացել «Սերունդ առանց սահմանների» մրցույթի «ԻմաՋեն» երիտասարդական նախաձեռնության շրջանակներում - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Հայ դեռահասների 8 ստարտափ թիմ նախնական ֆինանսավորում է ստացել «Սերունդ առանց սահմանների» մրցույթի «ԻմաՋեն» երիտասարդական նախաձեռնության շրջանակներում

Հայ դեռահասների 8 ստարտափ թիմ նախնական ֆինանսավորում է ստացել «Սերունդ առանց սահմանների» մրցույթի «ԻմաՋեն» երիտասարդական նախաձեռնության շրջանակներում

02 հունիսի / 2022

Հայաստանի 6 մարզերի կողմից ներկայացված և մրցույթին մասնակցող 12 նախագծերից 8 գաղափար հաղթահարել է ինկուբացիոն փուլը։

 

 

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի 2022 թ. «Սերունդ առանց սահմանների» մրցույթի «ԻմաՋեն» երիտասարդական նախաձեռնության շրջանակներում հանգստյան օրերին Դիլիջանում անցկացված վարժանքի ավարտին հայ դեռահասների ութ ստարտափ թիմ անցել է նախագծերի իրականացման փուլ՝ յուրաքանչյուրը որպես նախաֆինանսավորում ստանալով 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (444,280 դրամ):

 

 

«Սերունդ առանց սահմանների» մրցույթի մեկնարկը տրվել է մարտի սկզբին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, մասնավորապես՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԶԾ-ի, ՄԱԿԲՀ-ի, ինչպես նաև «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Մրցույթի հայտերի ընդունման փուլում ստացվել է 109 հայտադիմում Հայաստանի վեց մարզերը և քաղաքամայր Երևանը ներկայացնող 14-24 տարեկան երիտասարդներից։ Հայտերում ներկայացված են եղել տարաբնույթ գաղափարներ՝ սկսած կրթական որակի բարելավման և քաղաքացիական ակտիվիզմի խթանման, մինչև աշխատատեղերի ավելացման, կլիմայական փոփոխությունների կանխման, մեդիագրագիտության և հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման եղանակներ և ուղիներ։

 

«Սերունդ առանց սահմանների» մրցույթի գործընկերներն են՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Սիներջի» ընկերության հայաստանյան գրասենյակը ու «Բոդի շոփ» բրենդի հայաստանյան մասնաճյուղը։ Ներկայացված 109 հայտադիմումներից ընդհանուր ընտրական հանձնաժողովի կողմից առանձնացվել են 12-ը, որոնք մրցել են մայիսի 28-29-ին Դիլիջանում անցկացված վարժանքի շրջանակներում։ Վարժանքի արդյունքներով գաղափարների ինկուբացիոն փուլ են անցել հետևյալ ութ թիմերը․

 

Landslide Rulers թիմը (Երևան), որ ցանկանում է կառուցել հատուկ վանդակներ՝ վերօգտագործելով թափոնները՝ նրանց երկրորդ կյանք հաղորդելով և միաժամանակ պայքարելով սողանքների դեմ:

 

ԿԼԻՄԱՊՈԼԻՍ թիմը (Վեդի) նախատեսում է սեղանի խաղ ստեղծել, որ կունանա նաև իր առցանց տարբերակը հայերեն և անգլերեն՝ ցանկանալով ներկայացնել երիտասարդներին, թե ինչպես կարելի է նվազեցնել կլիմայի փոփոխության հետևանքները:

 

Creative Corner թիմի (Գյումրի) գաղափարը ոչ ֆորմալ կրթական հաստատության ստեղծումն է, որն առաջարկում է վերապատրաստում և պրակտիկա սպասարկման ոլորտում՝ օգնելով երիտասարդներին մուտք գործել աշխատաշուկա:

 

Tea & More թիմը (Կողբ) նախատեսում է ստեղծել չրերի և բուսական թեյերի արտադրություն:

 

- Girlopolis թիմի (Երևան) գաղափարը STEM-ով հետաքրքրված աղջիկների համար մի շարք հեքաթոններ անցկացնելն է՝ խրախուսելով աղջիկներին հիմնել իրենց ստարտափները, զարգացնել իրենց տեխնոլոգիական գաղափարները և STEM-ում ընտրել կարիերայի ուղին:

 

- MeDialog թիմը (Երևան) նախատեսում է խրախուսել դեռահասների և երիտասարդների շրջանում մեդիագրագիտությունը՝ կանխելով առցանց բռնության ենթարկվելու և խարդախությունների մեջ ներքաշվելու հնարավորությունները՝ դարձնելով երիտասարդներին ավելի ինքնավստահ և ավելի պաշտպանված:

 

- Vayeli Cafe and Bakery թիմի գաղափարը Կապանում սրճարան հիմնելն է: Այդպիսով ոչ միայն աշխատատեղեր կստեղծվեն, այլև այն կծառայի որպես հավաքատեղի երիտասարդների համար:

 

- էկո Կողբ թիմի գաղափարն է Տավուշում ստեղծել էկո տոպրակների կարի արտադրամաս, որը կկանխի պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, աշխատատեղեր կստեղծի կանանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ GenU-ի աջակից Body Shop-ը խոստացել է աջակցել Էկո Կողբին և խթանել պայուսակների վաճառքը Հայաստանի Body Shop-ի խանութներում ևս:

 

 

Այս փուլում թիմերը կուղղեն տրամադրված նախաֆինանսավորումը իրենց գաղափարների իրագործմանը՝ ոլորտային փորձագետների ուղղորդման ներքո:

 

«Սերունդ առանց սահմանների» մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդներին՝ ծավալելու հանրօգուտ գործունեություն, լսելի դարձնելու իրենց ձայնը, ինչպես նաև բացահայտելու և իրագործելու իրենց ներուժը ձեռնարկատիրության և ստեղծարարության ոլորտներում: Երիտասարդ տարիները լավագույն ժամանակն են նախաձեռնորեն լուծելու սեփական համայնքների սոցիալական խնդիրները: Ինչպես ցույց է տվել դիմումների ընդունման փուլը, հայ երիտասարդները գաղափարների պակաս չունեն և պատրաստակամ են նպաստել իրենց երկրի զարգացմանը և ապագայի կերտմանը»,- միաձայն փաստում են կազմակերպիչները:

 

2022 թ.-ի հուլիսին Հայաստանի կողմից ներկայացված լուծումներից ամենախոստումնալից երկուսը կներկայացվեն միջազգային մրցույթի։ Հաղթած նախագծերը լրացուցիչ ֆինանսավորում կստանան, իսկ մրցույթի գործընկերների կողմից մշակված ինկուբացիոն միջազգային հատուկ ծրագիրը կօգնի ընդլայնելու այդ նախագծերի մասշտաբը։

 

 

 

«Առանց սահմանափակումների սերունդ» մրցույթը հանրային և մասնավոր հատվածների և երիտասարդության միջև միջազգային գործընկերության ձևաչափ է, որի նպատակն է օգնել երիտասարդներին դառնալ հանրօգուտ և նվիրված քաղաքացիներ։ Մրցույթի շրջանակներում փորձ է արվում կապելու միջնակարգ կրթությունն ու վերապատրաստումը զբաղվածության և ձեռնարկատիրության հետ՝ հզորացնելով յուրաքանչյուր երիտասարդի կարողությունը հաջողելու աշխատաշուկայում։

 

Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդ նորարարներ Հայաստանից և 35 այլ երկրներից՝  կրթության բարելավման, աշխատատեղերի ստեղծման, քաղաքացիական մասնակցության խթանման ուղղություններով, ինչպես նաև կլիմայական փոփոխություններին դիմագրավման, մեդիագրագիտության, հոգեկան առողջության և այլ ոլորտներում երկարաժամկետ զարգացման խնդիրներին նպաստող լուծումներ մշակելու նպատակով։ 2021 թ.-ի դրությամբ այս միջազգային նախաձեռնությունը գործում է ավելի քան 43 երկրում՝ ներգրավելով մոտ 200 կազմակերպություն և ավելի քան 15 մլն․երիտասարդի, ում կարողություններին զարկ տալով՝ վերջիններիս ներուժը լիարժեք իրագործելու լայն հնարավորություններ են ստեղծվում:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին