Կրթական հետազոտական նոր հարթակ «Այբ» հիմնադրամից - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Կրթական հետազոտական նոր հարթակ «Այբ» հիմնադրամից
  • Կրթական հետազոտական նոր հարթակ «Այբ» հիմնադրամից
  • Կրթական հետազոտական նոր հարթակ «Այբ» հիմնադրամից
  • Կրթական հետազոտական նոր հարթակ «Այբ» հիմնադրամից

Կրթական հետազոտական նոր հարթակ «Այբ» հիմնադրամից

01 Սեպտեմբերի / 2020

 

Գործարկվեց «Այբ»-ի մրցույթների կրթական հետազոտական առցանց հարթակը։ «Այբ» կրթական հիմնադրամն արդեն 10 տարի Հայաստանի Հանրապետության և Արցախի հարյուր հազարավոր դպրոցականների համար կազմակերպում է զանգվածային մրցույթներ և այս տարիների ընթացքում կուտակել է տվյալների բավականին մեծ ու ընդգրկուն շտեմարան, որը կարևոր տեղեկույթ է պարունակում ոլորտային փոփոխությունների և կրթական մի շարք երևույթների վերաբերյալ։

Առցանց հարթակում փոխգործուն տարրերի տեսքով ներկայացված են 10 տարիների տվյալների հիման վրա կատարված որոշակի վերլուծություններ, որոնք կայուն հիմք կարող են դառնալ կրթության ոլորտում հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար, որի կարիքը մեր երկրում մեծապես զգում ենք։

 

Հարթակի առցանց ներկայացմանը որպես խոսնակ հրավիրված էին «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը, «Դեյթամոտուս» ընկերության հիմնադիրներ Հաբեթ Մադոյանն ու Վահե Մովսիսյանը, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր Մանուկ Հերգնյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Արամ Փախչանյանը ցավով նշեց, որ մեր երկրում տվյալների վրա հիմնված հետազոտությունների մշակույթ չկա, և հարթակը այն կարևոր քայլերից է, որ տանում է դեպի գիտահետազոտական գործունեություն և փաստերի վրա հիմնված որոշումների կայացման մշակույթ։

 

Հարթակում ներկայացված են «Կենգուրու», «Մեղու» և «Ռուսական արջուկ» մրցույթների վերլուծական տվյալները և այդ երեք մրցույթների արդյունքների համեմատությունները՝ նոր հետազոտական վարկածներ առաջ քաշելով հատկապես բնագիտական և հասարակագիտական առարկաների համեմատության մեջ՝ վերլուծությունների լայն հնարավորություն ընձեռելով հետազոտողների համար: Օրինակ՝ ըստ հարթակի տվյալների հիման վրա կատարված հետազոտության՝ մեր երկրում «Կենգուրու» մրցույթում տղաներն ավելի լավ արդյունք են գրանցում, քան աղջիկները։

Հարթակի բաժինները

· Տվյալների նկարագրության բաժին

· Գենդերային ճեղք․ տղաների և աղջիկների առաջադիմության համեմատություն

· Արդյունքների վերլուծություն՝ ըստ մարզերի, տարիների և գնահատականների

· Արտագրությունների վերլուծություն

· Լավագույն արդյունքներ

· Քարտեզ․ ինչպիսի պատկեր ունենք ըստ տարիների, տարիքային խմբերի, մարզերի՝ ամբողջ երկրի մասշտաբով

 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարևորեց մեր երկրում հետազոտական կարողությունների, տվյալահեն քաղաքականության մշակման զարգացումը։ ««Այբ»-ի մրցույթները ոչ ստանդարտ մրցույթներ են, կա բավականին տարբերություն մեր դպրոցական ծրագրի և այս մրցույթների առաջադրանքների միջև, որոնք ավելի շատ տրամաբանության, ստեղծագործ մոտեցման վրա են հիմնված, և, այս իմաստով, կարծում եմ, կրթության քաղաքականություն մշակողների համար այս տվյալների հարթակը շատ հետաքրքիր պատկեր կարող է տալ»։

 

Սոնա Կոշեցյանը նշեց, որ «Այբ»-ի դպրոցական մրցույթներն այս տարվանից կանցկացվեն առցանց՝ ժամանակի պահանջներին և մարտահրավերներին համապատասխան։

««Այբ»-ը շատ է կարևորում կրթության ոլորտում հետազոտությունների իրականացումն ու տվյալահեն քաղաքականության մշակումը՝ հիմնված տարիների փորձի և ճշգրիտ արդյունքների վրա։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք մեր այս տարիների աշխատանքի արդյունքը ծառայեցնել նաև այս ուղղությամբ»։

 

Առաջարկում ենք ծանոթանալ հարթակի հնարավորություններին. այն մեկ ամիս բաց է լայն օգտագործման համար, այնուհետև կգործի բաժանորդագրություն։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին