Ստեղծվել է մասնագիտական կրթության անվճար հարթակ հայ երիտասարդների համար - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Ստեղծվել է մասնագիտական կրթության անվճար հարթակ հայ երիտասարդների համար
  • Ստեղծվել է մասնագիտական կրթության անվճար հարթակ հայ երիտասարդների համար
  • Ստեղծվել է մասնագիտական կրթության անվճար հարթակ հայ երիտասարդների համար

Ստեղծվել է մասնագիտական կրթության անվճար հարթակ հայ երիտասարդների համար

01 Փետրվարի / 2019

Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամը, Վորլդ Վիժն Հայաստանը և «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը նախաձեռնել են հայ երիտասարդների մասնագիտական կրթությանն ու կողմնորոշմանն օժանդակող հայալեզու, բարձրորակ և անվճար կրթական ռեսուրսների ստեղծումը։


«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը, «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող Առցանց կրթական հարթակի տեղայնացման կամ զարգացման նախագծի շրջանակում, այլընտրանքային կրթության նոր ու հզոր առցանց հարթակում ստեղծել է մաթեմատիկայի, ֆինանսների, ձեռնարկատիրության, ծրագրավորման, արվեստների, քիմիայի հայալեզու ուսումնական նյութեր։

 

Հունվարի 31-ին տեղի ունեցած միջոցառմանը ներկայացվեցին ստեղծված հայալեզու նյութերն ու նոր ծրագրերը։

 

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, խոսելով «ԵՄ-ն հանուն երիտասարդների» նախաձեռնության և ապագայի մասնագիտությունների մասին, նշեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերության հարթակում կարևոր գործընկեր է, և այս շրջանակում մի շարք համատեղ ծրագրեր են իրականացվում։ «Դրանցից մեկի արդյունքին ականատես ենք այսօր։ Առանց երիտասարդների նորարարական ոգու մենք չենք կարող ունենալ լավ ապագա, և մեր ներդրումը երիտասարդության և կրթության ոլորտում ավելի լավ, ավելի խաղաղ, ավելի խոստումնալից ապագայի վստահություն է տալիս»,- ասաց ԵՄ-ի ներկայացուցիչը։

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը կարևորեց կրթության նոր հնարավորությունները երիտասարդների համար և նշեց, որ առցանց  հարթակներն այլընտրանքային տարբերակ են կրթությունը հատկապես մարզերում բնակվող երիտասարդներին հասանելի դարձնելու համար։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ ինքը նույնպես օգտվում է նմանատիպ հարթակներից՝ ինքնազարգացման նպատակով։

Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը խոսեց այս նախաձեռնության շնորհիվ մարզերի երիտասարդներին առցանց կրթական համակարգում ներգրավելու, ոգևորելու, աշխատաշուկայում մրցունակ դարձնելու մասին. «Նման կրթական հարթակները օգնելու են մեր երիտասարդներին վաղվա օրն ավելի լավ կառուցել: Երևանում ապրողները զարգացման շատ լայն հնարավորություններ ունեն, իսկ մարզերում ապրողները՝ շատ ավելի սահմանափակ հնարավորություններ։ Այս առումով հարթակը շատ հարց կլուծի»,- ասաց նա։

«Այբ» կրթական հիﬓադրաﬕ գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը ներկայացրեց 13 տարիների ընթացքում հիմնադրամի իրականացրած կրթական նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանում կրթության վերափոխմանն ու նորարարությունների ներմուծմանը, և մասնավորեցրեց «Քան» ակադեﬕայի հայաստանյան գրասենյակի գործունեությունը։ «Այս գաղափարի շուրջ աշխատանքները սկսվել են դեռ 2012 թվականին։ Իսկ 2017 թվականին այն արդեն դարձավ հիմադրամի ամենահեռանկարային ծրագրերից մեկը։ Ծրագրի ստեղծման հիմքում կանգնած են «Այբ» ավագ դպրոցի շրջանավարտները»,- ասաց Սոնա Կոշեցյանը։

Եվրոպական միության ֆինանսավորմամբ ստեղծված այս հարթակի հնարավորությունների մասին ներկաներին պատմեցին Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի ղեկավար Լիանա Սարգսյանը և «Քան» ակադեմիայի հայաստանյան  գրասենյակի ղեկավար Գայանե Արամյանը։ Ավելի ուշ մասնակիցները հնարավորություն ստացան տեղում փորձարկելու առցանց հարթակի հնարավորություններն ու առավելությունները։

 

Հիմնադրամի  տնօրենը միջոցառման ավարտին շնորհակալություն հայտնեց թե՛ այս նախաձեռնության ակունքներում կանգնած գործընկերներին՝ Եվրոպական միությանը, Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակին, թե՛ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի երիտասարդ թիմի ներուժին առաջինը հավատացած և աջակցած «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամին։

____________________________________________________________________________________________________

«Քան» ակադեմիայի մասին

«Հասանելի ամենքին և ամենուր». «Քան» ակադեմիայի կարգախոսն է, որը կրթական առցանց մեկ հարթակում  է համախմբել աշխարհի  190 երկրներից 60 միլիոն մարդու և հնարավորություն ընձեռել անհատական կարիքներին համահունչ ինքնակրթվելու, սովորելու, զարգանալու։

«Քան» ակադեմիայի օգնությամբ հայալեզու սովորողները, ծնողներն ու ուսուցիչները և, ընդհանրապես, ինքնակրթությամբ զբաղվողները կարողանում են անվճար օգտվել աշխարհի առաջատար կրթական ռեսուրսներից մեկից և ստանալ 21-րդ դարին համահունչ հայալեզու կրթություն։ Արդեն ստեղծվել են հայերեն 2000 տեսանյութ, 900 վարժություն և ուսուցողական նյութ, և նախատեսվում է ստեղծել ու տեղայնացնել նաև նոր բաժինների նյութեր:

Եվրոպական միության մասին

Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

«Այբ» կրթական հիմնադրամի մասին

«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին այնպիսի մարդկանց կողմից, որոնք իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և կամենում միասնական ներդրմամբ ստեղծել բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր: «Այբ» կրթական հիմնադրամի նպատակն է՝ ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը։ «Այբ»-ն իրականացնում է բազմաբնույթ գործունեություն հանրակրթության ոլորտում` մշակելով կրթական բարեփոխումների ծրագրեր, նախագծելով և հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են ծառայում համակարգային փոփոխությունների համար: Հիմնադրամը 13 տարիների ընթացքում նախաձեռնել է 25 կրթական նախագիծ։

 Վորլդ Վիժն Հայաստանի մասին

Վորլդ Վիժնը Հայաստան է եկել 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո։ Այսօր Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերն ուղղված են այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսին են վաղ մանկության հասակում երեխաների լիարժեք աճն ու զարգացումը, բժշկական ծառայությունների բարելավումը, երեխաների պաշտպանությունն ու կրթությունը, աղքատության վերացումն ու կայուն եկամուտների ստեղծումը, ինչպես նաև երիտասարդների կենսունակության բարձրացումը։ Վորլդ Վիժնը աշխատում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում՝ ծառայություններ մատուցելով 200-ից ավելի համայնքներում։ Կազմակերպության հովանավորության ծրագրերում գրանցված է շուրջ 35 000 երեխա։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին