Արարատյան բակալավրիատ. տպավորիչ արդյունքներ անհավանականորեն կարճ ժամանակահատվածում - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Արարատյան բակալավրիատ. տպավորիչ արդյունքներ անհավանականորեն կարճ ժամանակահատվածում

Արարատյան բակալավրիատ. տպավորիչ արդյունքներ անհավանականորեն կարճ ժամանակահատվածում

19 Հունվարի / 2017

Օրերս բացառիկ այցով Հայաստանում էր գտնվում Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի (համագործակցում է աշխարհի ավելի քան 160 երկրի հետ – Խմբ.) փոխտնօրեն Դեն Բրեյը: Պրն Բրեյը Հայաստան էր ժամանել հատուկ այցով՝ հանդիպելու իր հայաստանյան գործընկերներին և ամփոփելու Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում իրականացված աշխատանքները։


ԿԳԱԾ-ի հաղորդակցության թիմը կարճ շրջայց կազմակերպեց «Այբ» դպրոցում՝ ներկայացնելու Հայաստանում առաջին դպրոցը, որն առաջարկում է «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը, ապա հարցազրույց ունեցավ պրն Բրեյի հետ։


- Պրն Բրեյ, ի՞նչը «դրդեց» Քեմբրիջի համալսարանին համագործակցելու «Այբ» կրթական հիմնադրամի հետ։

- 2014 թվականի հունվարն էր։ Հայաստանից Քեմբրիջ եկավ հայկական պատվիրակությունը, որն ամենայն մանրամասնությամբ և վարակիչ խանդավառությամբ մեզ ներկայացրեց միջազգայնորեն ճանաչված որակավորում («Արարատյան բակալավրիատ» հայալեզու ծրագիր – Խմբ.) ունենալու իր տեսլականը, որը, հիրավի, հիացրեց մեզ։ Հասկացանք, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ այդ տեսլականի իրագործման ճանապարհին։ Հենց այդպես սկսվեց մեր համագործակցությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ, և ես անչափ ուրախ եմ դրա համար։


- Պրն Բրեյ, Քեմբրիջն ունի մի շարք միջազգային գործընկերներ․ կա՞ որևէ բան,  որը հատկապե՛ս կառանձնացնեիք «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցության մեջ։

- Մեկ բան, որ հատկապես առանձնանում և տպավորիչ է դարձնում մեր համագործակցությունը, այն արագությունն է, որով Արարատյան բակալավրիատն (ԱԲ) առաջ է ընթանում։ Դեռ երկու տարի էլ չի անցել այն օրից, երբ մենք սկսեցինք քննարկումները, իսկ այսօր արդեն ունենք բարձրորակ և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր։ Դեռ ավելին, մենք ունենք աշակերտներ, ովքեր հանձնել են ԱԲ-ի քննությունները և ստացել ԱԲ-ի հավաստագիրը։ Եվ այդ ամենը՝ անհավանականորեն կարճ ժամանակահատվածում։

- Ինչպե՞ս եք տեսնում Քեմբրիջի և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությունը ապագայում։

- Կարծում եմ, որ մեր համագործակցությունը խիստ արդյունավետ է։ Մեզ համար անչափ հաճելի է աշխատել հայաստանյան գործընկերների հետ։ Հաջորդ երկու տարիների ընթացքում ծրագիրն աստիճանաբար «կհանձնվի» նրանց․ առաջին փուլում աշխատանքների մեծ մասը կատարվում էր Քեմբրիջում, Քեմբրիջի ներգրավմամբ և հայաստանյան գործընկերների աջակցությամբ, մինչդեռ առաջիկա տարիներին Քեմբրիջի ներգրավվածությունն աստիճանաբար կնվազի, և այդ աշխատանքների մեծ մասը կիրականացվի Հայաստանում, իսկ Քեմբրիջը հիմնականում կաջակցի որակի ապահովման գործում։

- Պրն Բրեյ, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի և Սինգապուրի կրթական համակարգերը հայտնի են ամբողջ աշխարհում։ Հայկական կրթությունը երբևէ կարո՞ղ է հայտնվել նրանց կողքին։

- Հայաստանում ստեղծվել է մի որակավորում, որն այսօր համազոր է միջազգային որակավորումներին, և դատելով այն ամենից, ինչ ես տեսա այսօր (ակնարկում է «Այբ» դպրոցում կատարած շրջայցին – Խմբ.), ինչպես նաև «Այբ» կրթական հիմնադրամի հետ մեր համագործակցությունից՝ ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու դա չի կարող իրականություն դառնալ։ Կարծում եմ, որ «Այբ» կրթական հիմնադրամի հետ միասին այնպիսի հիմքեր ենք դրել, որոնք բացում են այդ պատուհանը Հայաստանի համար։ Արդյո՞ք հայկական կրթությունը կհայտնվի Ձեր նշած կրթական համակարգերի կողքին, թե ոչ, մեծապես կախված է նրանից, ինչ կատարվում է այստեղ, իսկ այստեղ բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են, և ամեն ինչ հենց ձեր ձեռքերում է։

Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ Ծրագիրը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում։

Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերի ընտրված դպրոցներում առնվազն մեկական դասարանով՝ հետագայում ընդլայնման ակնկալիքով։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։ Այս գերազանցության ծրագիրը կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն և ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում:


2015 թ․ ընթացքում ԱԲ-ը համաքննվեց Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի ﬕջազգային քննություններ» կենտրոնի կողմից և արդյունքում գնահատվեց որպես անգլիական խորացված մակարդակներին (GCE A Levels) համազոր։ 2016 թ․ օգոստոսին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC)` միջազգային հավաստագրման ամենահեղինակավոր կառույցը, նույնպես ԱԲ-ը համազոր ճանաչեց այնպիսի միջազգային առաջատար կրթական ծրագրերի, ինչպիսին են անգլիական խորացված մակարդակները (GCE A Levels) և ամերիկյան Advanced Placement-ը (AP)։ ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ կրթական ծրագրերին հնարավորություն է տալիս հայ աշակերտներին հայերենով հանձնելու միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորելու այդ համալսարաններում:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին