Հայ երեխաների ռոբոտաշինության թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը Չինաստանում - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Հայ երեխաների ռոբոտաշինության թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը Չինաստանում
  • Հայ երեխաների ռոբոտաշինության թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը Չինաստանում
  • Հայ երեխաների ռոբոտաշինության թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը Չինաստանում
  • Հայ երեխաների ռոբոտաշինության թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը Չինաստանում

Հայ երեխաների ռոբոտաշինության թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը Չինաստանում

06 Օգոստոսի / 2018

Հուլիսի 20-25-ին Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) 2016 թ․ հայաստանյան փուլի հաղթող Arm Cyber Kids պատանեկան թիմը մասնակցել է Չինաստանի Գույան քաղաքում անցկացվող 18-րդ Ռոբոտների համաշխարհային պատանեկան մրցույթին (World Adolescent Robotics Competition, WARC)։

 

Հայ երեխաները մասնակցել են մրցույթին վերջինիս կազմակերպչի՝ Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի ընկերակցության (China Association for Science and Technology, CAST) հրավերով։ Կազմակերպիչը նաև հոգացել է թիմի և մարզչի մասնակցության, այդ թվում՝ թռիչքի և կեցության բոլոր ծախսերը։ Ընդհանուր առմամբ՝ այս տարի մրցույթին մասնակցելու հրավեր էր ստացել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad) ավելի քան 60 և «Առաջին համաշխարհային մարտահրավեր» (First Global Challenge) մրցույթի ավելի քան  40 թիմ աշխարհի տարբեր երկրներից։

 

Arm Cyber Kids թիմը, որի անդամներն են քույր և եղբայր 12-ամյա Ինես և 10-ամյա Աշոտ Գասպարյանները, մրցել է «Սովորական մրցույթ» կատեգորիայի տարրական տարիքային խմբում՝ իր ռոբոտով պայքարելով 26 թիմի հետ։ Թեժ պայքարի արդյունքում թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը։ Թիմի մարզիչը երեխաների հայրն է։ Մրցութային այս կատեգորիայի տարրական տարիքային խմբում հաղթել է Ռուսաստանի թիմը, 2-5-րդ տեղերը զբաղեցրել են Չինաստանի թիմերը։

 

Այս տարի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի թիմերը մրցել են հետևյալ կատեգորիաներում՝ «Սովորական մրցույթ»՝ տարրական տարիքային խմբի համար, «Սովորական մրցույթ»՝ միջին տարիքային խմբի համար, և «Բաց մրցույթ»։

 

Հայ երեխաների մասնակցությունն այս մրցույթին հնարավոր է դարձել շնորհիվ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից անցկացվող Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլին Arm Cyber Kids թիմի մասնակցության, քանի որ Ռոբոտների համաշխարհային պատանեկան մրցույթին մասնակցելու համար թիմը պետք է մասնակցած լինի իր երկրի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին և ունենա ազգային փուլի կազմակերպչի հաստատումն այդ մասին։ Հայաստանում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի պաշտոնական և միակ լիազորված կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է։ Հայաստանում ՌՀՕ-ի գործընկերն ու հովանավորն է Creative Educational Technologies (CET) ընկերությունը:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին