Հայ պատանի քիմիկոսները կմեկնեն Ուկրաինա՝ մասնակցելու պատանի քիմիկոսների մրցաշարին - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Հայ պատանի քիմիկոսները կմեկնեն Ուկրաինա՝ մասնակցելու պատանի քիմիկոսների մրցաշարին

Հայ պատանի քիմիկոսները կմեկնեն Ուկրաինա՝ մասնակցելու պատանի քիմիկոսների մրցաշարին

11 Սեպտեմբերի / 2018

Մայիսի 20-ին ութերորդ անգամ տեղի ունեցան Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի (ՊՔՀՄ) կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը, որոնք այս տարի անցկացվեցին Հայաստանում կրթական մի շարք ծրագրերի իրականացման գործում մեծ ներդրում ունեցած կառույցի՝ «Կոնվերս բանկի» աջակցությամբ և հովանավորությամբ։

 

Մրցաշարի կիսաեզրափակչում մրցեց 11 թիմ, որոնցից եզրափակիչ անցավ 4-ը, հաղթող ճանաչվեց Գյումրու «Ֆոտոն» թիմը:

 

Եզրափակիչ փուլի ավարտին մրցաշարի կազմակերպիչները հայտարարեցին անակնկալի մասին, որը կյանքի կոչելը հնարավոր դարձավ «Կոնվերս բանկի» աջակցությամբ. «ՊՔՀՄ 2017-2018»-ի եզրափակիչ անցած չորս թիմերից կազմվելու է հավաքական թիմ, որը ս. թ. հոկտեմբերին կմեկնի Ուկրաինա՝ մասնակցելու Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշարին:

 

Հավաքական ընտրելու գործընթացն ավարտվեց սեպտեմբերի 7-ին։ Հայաստանի հավաքականը բաղկացած կլինի 5 անդամից։ Թիմի հետ կմեկնի նաև երկու մարզիչ, որոնցից մեկը, որը նաև «Այբ» կրթական հիմնադրամի մասնագետ է, մրցույթի միջազգային կազմակերպչից ստացել է հրավեր՝ հանդես գալու Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշարի ժյուրիի կազմում։

 

Մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը Ուկրաինայի Ռովնո քաղաքում։

 

Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի մասին
 

Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնություններից է, որն անցկացվում է 2010 թվականից: Այն փոխգործուն (ինտերակտիվ) խաղի սկզբունքով իրականացվող մրցույթ է, որում 9-12-րդ դասարանների աշակերտները լուծում են քիմիայի բարդ առաջադրանքներ, բանավիճում գիտական թեմաների շուրջ և ներկայացնում իրենց հետազոտությունների արդյունքները: Մրցույթը հնարավորություն է տալիս բարձր դասարանի աշակերտներին ամբողջ թիմով փնտրելու և գտնելու այնպիսի խնդիրների լուծումներ, որոնք այս պահին գուցե դեռ լուծում չունեն:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին