Լավագույնին ձգտելը հաջողության հասնելու կեսն է, առանց որակյալ կրթության հաջողությունը պարզապես անհնար է - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Լավագույնին ձգտելը հաջողության հասնելու կեսն է, առանց որակյալ կրթության հաջողությունը պարզապես անհնար է

Լավագույնին ձգտելը հաջողության հասնելու կեսն է, առանց որակյալ կրթության հաջողությունը պարզապես անհնար է

19 Օգոստոսի / 2019

 

Սուրեն Թադևոսյանը Գյումրիից է, սովորում է «Այբ» ավագ դպրոցում։ Նա այն 25 աշակերտներից մեկն է, որոնք «Այբ» ավագ դպրոց են ընդունվել մարզերից։ «Այբ» կրթական հիմնադրամը բարերարների և աջակիցների շնորհիվ ամբողջովին հոգում է նրա և ընկերների ուսման ու կեցության ծախսերը՝ հնարավորություն ընձեռելով ստանալու 21-րդ դարի հայկական կրթություն։

 

««Այբ»-ի մասին լսել էի վաղուց, երբ մասնակցում էի «Կենգուրու» մրցույթին. դա դեռ 2011 թվականն էր։ Մեր մարզում բավականին լավ արդյունք էի գրանցել մրցույթից։ «Այբ»-ը միշտ պատկերացրել եմ որպես գերխելացի աշակերտների դպրոց, որտեղ ես երբեք հնարավորություն չեմ ունենա սովորելու, նույնիսկ այնտեղ հայտնվելու երազանք չունեի։ Սակայն երբ հաղթահարեցի ընդունելության քննությունները և հարցազրույցի եկա «Այբ», հասկացա, թե ինչքան շատ եմ ուզում կրթությունս շարունակել հենց «Այբ»-ում, «Այբ»-ի միջավայրում՝ չնայած նրան, որ շատ էի սիրում Գյումրին, ընկերներիս, իմ միջավայրը։

 

Ինչպես երբեք չէի մտածի, որ կուզենամ ավագ դպրոցի կրթությունս Երևանում շարունակել, այնպես էլ չէի մտածի, որ արտասահմանում կրթություն շարունակելու գաղափարը կանցնի մտքովս (չափից շատ հայրենասեր եմ ես), իսկ հիմա մտածում եմ, որ լավագույնին ձգտելը հաջողության հասնելու կեսն է և առանց որակյալ կրթության հաջողությունը պարզապես անհնար է։ Ուզում եմ  ճարտարապետ դառնալ, լավ ճարտարապետ... Իսկ «Այբ»-ը այդ ճանապարհի վստահ սկիզբն է։ Ուզում եմ շեշտել «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը հատկապես. այն մեր կրթության ամենակարևոր բաղադրիչն է, որի շնորհիվ ես ինքս՝ որպես «Այբ»-ի աշակերտ, հասկանում եմ, թե ինչ է որակյալ կրթությունը։ Շատ եմ ցավում, որ այս կրթության հնարավորությունը տրված չէ նաև այլ աշակերտների, որոնք հնարավորություն չունեն սովորելու «Այբ» ավագ դպրոցում։

 

Կրթաթոշակային ֆոնդի աջակցությունը, «Այբ»-ում «հայտնվելը» և սովորելը իմ կյանքի մի նոր շրջափուլի սկիզբ դարձան, որտեղ որակյալ կրթությունն է, ազնվությունը, ապագայի երազանքները, նպատակները և ցանկությունը, որ լավագույն կրթություն ստանալու այս հնարավորությունը հասանելի լինի մարզերի և Երևանի հազարավոր երեխաների»։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին