«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ամանորյա շնորհավորական ուղերձը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ամանորյա շնորհավորական ուղերձը

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ամանորյա շնորհավորական ուղերձը

30 Դեկտեմբերի / 2018

 

Սիրելի՛ «Այբ» համայնք,

 

Սիրելի՛ գործընկեր,

 

Միասին մենք այս տարի կարողացանք նորովի համախմբվել «Այբ» գաղափարի շուրջ` վերահաստատելով որակյալ հայկական կրթություն ունենալու մեր նպատակը և չվարանելով հաղթահարել այդ նպատակին հասնելու ճանապարհին ծագած որևէ դժվարություն։

 

«Այբ» կրթական հիմնադրամը 12 տարիների ընթացքում հաջողությամբ ստեղծել և իրագործել է կրթական 25 ծրագիր։ Լիահույս ենք, որ 2019-ին շարունակելու ենք այս տեմպը՝ զարգացնելով և ընդլայնելով մեր նախագծերի ուղղությունները։ Շնորհակալություն եմ  հայտնում «Այբ» համայնքի բոլոր ներկայացուցիչներին այս ծրագրերի իրագործմանը նպաստելու համար. ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքը, ներդրումը, ջանքն ու նվիրվածությունն են ձևավորել այն միջավայրը, որից ծնունդ են առել կրթական այսքան հետաքրքիր գաղափարներ։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Այբ» ակումբի բոլոր անդամներին՝ այս տարիներին ցուցաբերած մեծ աջակցության և մեր գաղափարները կիսելու համար։ Եվ, իհարկե, մեծ երախտագիտության են արժանի մեր բարերարները, որոնց հոգատարության ու սրտացավության շնորհիվ բազմաթիվ երեխաներ ստանում են որակյալ, մրցունակ կրթություն։

 

Անցնող տարին լի էր նոր նախաձեռնություններով, ծրագրերով, փոփոխություններով և իրադարձություններով։ Ես վստահ եմ, որ փոփոխությունները մեզ բերելու են զարգացման նոր փուլ, տալու են «Այբ»-ին գործունեության ընդլայնմանը համընթաց քայլելու նոր հնարավորություն։ 

 

Շնորհավորում եմ «Այբ» ողջ համայնքի Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում, որ 2019-ին բոլորի ընտանիքներում թևածեն սեր և խաղաղություն։

 

2018-ին՝

 

Մոսկվայի նորարարությունների գործակալության հետ ստորագրեցինք համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում փորձելու ենք հետաքրքիր կապ ստեղծել տեխնոլոգիական ու կրթական ոլորտների և իրական բիզնես միջավայրի միջև.

 

նախանշեցինք Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի հետ համագործակցության նոր ուղղություն, որի շրջանակում նախատեսում ենք ուսումնասիրել և հասկանալ, թե ինչպես կարող ենք առավելագույն օգուտ քաղել տվյալներից, մեքենայական ուսումնառությունից և արհեստական բանականությունից և կիրառել դրանք դասարաններում՝ լավագույնս աջակցելու ուսուցիչներին և աշակերտներին.

 

անցկացրինք Հայաստանում ամենահայտնի հինգ դպրոցական մրցույթները՝ այս տարի ևս արձանագրելով աշակերտների բարձր մասնակցություն ու ոգևորություն, տոնեցինք մեր ամենազանգվածային երկու մրցույթների հոբելյանները՝ «Կենգուրու» մրցույթի 10-ամյակը և «Մեղու» մրցույթի 5-ամյակը, հնարավորություն ընձեռեցինք Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի հավաքական և Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հաղթող թիմերին՝ ներկայացնելու Հայաստանը մրցույթների միջազգային փուլերում (Ուկրաինայում և Թաիլանդում) և բարձր արդյունքներով վերադառնալու հայրենիք.

 

Ազգային երգ ու պարի ակադեմիայի հետ միասին շարունակեցինք հանրակրթական դպրոցներում «ազգային երգ ու պար» առարկայի ներդրման ծրագիրը և առարկայի ուսուցիչների վերապատրաստումը, այս տարվա հագեցած դասընթացների շրջանակում վերապատրաստվեց 133 ուսուցիչ, և առարկան ներդրվեց ևս 7 հանրակրթական դպրոցում.

 

հավատարիմ մնալով հայ երեխաներին լավագույն կրթություն ընձեռելու մեր հանձնառությանը՝ անվճար առցանց կրթական հարթակի՝ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ջանքերով 2018 թ. շարունակեցինք էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման ու թարգմանության նախագիծը՝ այն համալրելով տարբեր ձևաչափերի նոր կրթական նյութերով, ինչպես նաև «Վորլդ Վիժըն Հայաստանի» հետ մեկնարկեցինք համագործակցության նոր ծրագիր.

 

նոր թափ հաղորդեցինք մեր ֆոնդահայթայթման ջանքերին՝ հետաքրքիր միջոցառումների արդյունքում հավաքված դրամն ամբողջությամբ ուղղելով «Այբ» դպրոցի աշակերտների համար լավագույն կրթական միջավայր ստեղծելուն ու ավագ դպրոցի կրթաթոշակային ֆոնդը համալրելուն.

 

ձեռք բերեցինք նոր գործընկերներ ի դեմս «Ռեստելեկոմ»-ի, Կոնվերս բանկի, «Վորլդ Վիժըն»-ի, «Յուքոմ»-ի, Հայ բարեգործական ընդհանուր միությանSkill-ի, «Սարաջյան թրեյնինգս»-ի, «Մեգաթոյս»-ի, «Նոյյան տապան»-ի, «Դաբլ թրի»-ի.

 

մի շարք կառուցվածքային և համակարգային փոփոխություններ կատարեցինք «Այբ» կրթական հիմնադրամում՝ վերջինիս գործունեությունը բարելավելու նպատակով։

 

Այս տարի նաև՝

 

պետք է մեկնարկեր Արարատյան բակալավրիատի՝ հանրակրթական դպրոցներում ներդրման առաջին փուլը, սակայն ընթացիկ տարում կասեցվեց Կրթության գերազանցության ազգային ծրագրի ընթացքը: Այն մեր նախաձեռնություններից միակն էր, որն իրականացվում էր պետության հետ համաֆինանսավորմամբ. ԿԳ նախարարության հետ բանակցությունների արդյունքում մենք ստորագրեցինք համաձայնագիր, որով դադարեցրինք ծրագրի իրականացման շրջանակում համագործակցությունը, և հուշագիր, որով ամրագրեցինք «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը շարունակելու և այդ ուղղությամբ հնարավոր համագործակցության եզրեր գտնելու մեր շահագրգռությունը։

 

Սիրելի՛ թիմ, շնորհակալ եմ քեզ այս բոլոր ծրագրերն անմնացորդ նվիրումով իրականացնելու և քո կարողությունները «Այբ»-ի առաքելությանը ծառայեցնելու համար։

 

Այս տարի ձևավորեցինք «Արի՛ Այբ»-ի բարի ավանդույթը, որը նախատեսում ենք շարունակել նաև 2019-ին և սիրով սպասում ենք ձեզ «Այբ»-ում։

 

Սոնա Կոշեցյան

Գործադիր տնօրեն
«Այբ» կրթական հիմնադրամ

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին