Որակյալ կրթությունն ամենամեծ հայրենասիրություններից մեկն է - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Որակյալ կրթությունն ամենամեծ հայրենասիրություններից մեկն է

Որակյալ կրթությունն ամենամեծ հայրենասիրություններից մեկն է

30 Հոկտեմբերի / 2020

 

Գրիգորի Արտազյանն այս տարի ավարտեց Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը: «Կենգուրու 2020» մրցույթի մեր մասնակիցներից է: Երրորդ դասարանից ամեն տարի մասնակցում է մրցույթին: Մաթեմատիկայի սիրահար է: Կարծում է, որ, չնայած ծագած բոլոր խնդիրներին, առաջին առցանց «Կենգուրուն» շատ նորարար էր և օգնում էր բավականին ժամանակ խնայել:

 

Գրիգորին մաթեմատիկայի և տեխնոլոգիաների, ֆիզիկայի և նորարարության սիրահար է: Որոշել է կրթությունն արտասահմանյան բուհերում շարունակել:

«Անցած տարի ընդունվել էի համալսարաններ, սակայն համավարակի պատճառով կրթաթոշակների հետ կապված որոշ խնդիրներ եղան: Հետաձգել եմ մյուս տարվան, բայց այժմ նաև ավելի բարձր կարգով համալսարաններ եմ դիմում: 

Քանի որ միշտ խանդավառված եմ եղել «Կենգուրուով» և մաթեմատիկայով, այդ սիրով էլ ֆիզմաթ դպրոց եմ գնացել: «Կենգուրուն» կյանքի հետ կապված իրական խնդիրներ լուծելու մասին է: Այն ավելի հետաքրքիր է դարձնում կյանքը. մեր շրջապատում տրամաբանական այնքա՜ն շատ բաներ կան մաթեմատիկայի հետ կապված: Շատ եմ սիրում տրամաբանական, վերլուծական մտածողությունը, որն էլ հենց սովորեցնում է «Կենգուրուն»:

Որոշել եմ մեխանիկական և օդատիեզերական ինժեներություն (mechanical and air space engineering) մասնագիտությամբ շարունակել կրթությունս: Ինքնաթիռներ ու թռչող առարկաներ շատ եմ սիրում, ֆիզիկայի «օդային հատվածը» ինձ միշտ գրավել է, հատկապես հիմա, երբ պատերազմական այս շրջանում տեսնում ենք, թե ինչքան կարևոր է այս ուղղությունը: Ուզում եմ ինժեներական նորարար ընկերություն ունենալ, որը մեքենայական ուսուցմամբ կզբաղվի հենց մեր երկրում:

Շատ մարդիկ ասում են, որ հայրենասեր չեմ, գնում եմ այլ երկրում սովորելու: Բայց ես մտածում եմ, որ կարելի է դրսում որակյալ կրթություն ստանալ ու հետ գալ և երկրում փոփոխություններ անել: Որակյալ կրթությունն ամենամեծ հայրենասիրություններից մեկն է: Այժմ տարբեր համալսարաններ դիմելուց բացի կամավորական աշխատանքով եմ զբաղված: SAT թեստ եմ դասավանդում երեխաներին, ինչպես նաև հետաքրքրված եմ «Կենգուրու» մրցույթի վիճակագրական տվյալներով, որոնց հիման վրա շատ հետաքրքիր հետազոտությունների վրա կարելի է աշխատել: 

Ես վստահ եմ, որ #Հաղթելուենք, քանի որ մեր գիտելիքը մեր ուժն է»:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին