Քեմբրիջի մասնագետ․ «Աշակերտները լավ են հանձնել Արարատյան բակալավրիատի առաջին քննությունները» - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Քեմբրիջի մասնագետ․ «Աշակերտները լավ են հանձնել Արարատյան բակալավրիատի առաջին քննությունները»

Քեմբրիջի մասնագետ․ «Աշակերտները լավ են հանձնել Արարատյան բակալավրիատի առաջին քննությունները»

29 Հունիսի / 2016

Արարատյան բակալավրիատի (ԱԲ) առաջին քննությունների 10-օրյա ստուգման և գնահատման գործընթացն ավարտվեց հունիսի 10-ին։ Այս նպատակով անցած երկու շաբաթվա ընթացքում հաջորդաբար Հայաստան այցելեցին «Քեմբրիջի միջազգային քննությունների» երկու մասնագետ, ովքեր ողջ ընթացքում ոչ միայն օգնեցին Արարատյան բակալավրիատի քննական կենտրոնի աշխատակիցներին, այլև հարկ եղած դեպքում մինչև ուշ գիշեր մնացին կենտրոնի գրասենյակում։

 

Անցած շաբաթ Հայաստանում էր «Քեմբրիջի միջազգային քննությունների» կրթական ծրագրերի գծով գնահատման ավագ մասնագետ Անաբել Քրիդլը, ում ջանքերի և աշխատանքին նվիրվածության շնորհիվ Արարատյան բակալավրիատի քննությունների գնահատումը ժամանակին ավարտվեց, իսկ հունիսի 15-ին երկար սպասված արդյունքները վերջապես հայտնի դարձան։

 

«Այբ» հիմնադրամի հաղորդակցության թիմը զրուցեց տկն Քրիդլի հետ՝ իմանալու, թե ինչպես է ընթացել գնահատման գործընթացը, ինչ կարծիք ունի Արարատյան բակալավրիատի քննությունների մասին և ինչ խորհուրդ կտա բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հանձնել քննությունները մյուս տարի։

 

– Մի քանի օր առաջ Հայաստանում էր Քեմբրիջի խորհրդատու Հեթըր Ուեսթը, ով իրականացրեց քննությունների ստուգմանն ուղղված վերապատրաստումներ, որից հետո Հայաստան ժամանեցիք Դուք՝ օգնելու քննությունների գնահատմանը։ Ըստ Ձեզ՝ քննությունները ստուգող մասնագետները ի՞նչ հմտություններ պետք է ունենան։
– Լավ հարց է։ Քննությունները ստուգողները պետք է նախևառաջ լինեն քննվող առարկաների լավ մասնագետներ։ Բացի դրանից, նրանք պետք է լինեն կազմակերպված և ունենան տրամաբանական մտածողություն։ Կարևոր է, որ նրանք ունենան պարզ ձեռագիր, այլապես անընթեռնելի նշումները կդժվարացնեն գնահատման գործընթացը։ Ստուգողները պետք է լինեն հետևողական, որպեսզի նույն չափանիշներով գնահատեն յուրաքանչյուր աշխատանք։ Նրանք նաև պետք է լինեն ազնիվ, որպեսզի արդար կերպով գնահատեն աշխատանքները։

 

– Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում արդար գնահատում ապահովելու համար։
– Արդար գնահատումն ապահովում ենք ստուգողներին նախապես պատշաճ կերպով վերապատրաստելով ըստ գնահատման այս համակարգի, իսկ գնահատման ճշգրտությունն ապահովելու նպատակով մենք սովորաբար ունենում ենք մեկից ավելի ստուգող, ովքեր ստուգում են միմյանց աշխատանքները՝ առավելագույն ճշգրտություն ապահովելու համար։

 

Իմ աշխատանքում արդարություն կոչվածը մի փոքր այլ է․ ուղղակի պետք է ընտրել ճիշտ մարդկանց։ Մենք երբևէ ստուգողներին նախօրոք չենք տրամադրում իրական քննությունների հանձնարարությունները, որպեսզի որևէ մեկին չփոխանցեն դրանց պատասխանները։

 

– Ի՞նչ կարծիք ունեք Արարատյան բակալավրիատի քննական կենտրոնի մասին։
– Մեծ հաճույք ստացա քննական կենտրոնի աշխատակիցների հետ աշխատելուց։ Կարծում եմ, որ արագ են զարգանում։ Ես հնարավորություն ունեցա տեսնելու հարցաթերթերի պահպանման և պահեստավորման հարմարությունները, որոնք ինձ տպավորեցին։ Ինչ վերաբերում է ստուգողներին, նրանք հիանալի աշխատանք են կատարել՝ լուրջ մոտեցում ցուցաբերելով։ Հատկանշական է, որ նրանք բոլորը ցանկանում էին պատշաճ կերպով կատարել իրենց գործը և բավականին բարեխղճորեն են գնահատել քննությունները։

 

– Դուք ներառված եք եղել Արարատյան բակալավրիատի քննությունների գնահատման աշխատանքներում։ Անդրադարձ կատարելով կատարված գնահատմանը՝ ի՞նչ կարծիքի եք մեր աշակերտների գիտելիքի մակարդակի և քննություններին նրանց պատրաստվածության մասին։
– Դժվար է ասել։ Փաստն այն է, որ երբ առաջին անգամ հանձնում ես քննություն մի կրթական համակարգով, որը դասավանդվում է առաջին անգամ, ապա այն կարող է իրապես բարդ լինել, բայց աշակերտները բավականին լավ են դրսևորել իրենց՝ հաշվի առնելով, որ քննություններն առաջին անգամ էին անցկացվում։ Ինձ շատ ուրախացրեց այն, որ նրանք լավ գնահատականներ են ստացել։

 

– Աշակերտները հատկապես ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն՝ ավելի լավ գնահատականներ ստանալու համար։
– Նրանք պետք է զարգացնեն իրենց հմտությունները։ Ակնհայտ է, որ նրանցից շատերն ունեն առարկայական գիտելիք, բայց չպետք է մոռանալ, որ Քեմբրիջի քննությունները հիմնված չեն միայն գիտելիքի վրա։ Այս քննությունները հաջողությամբ հաղթահարելու համար աշակերտները պետք է ունակ լինեն կիրառելու իրենց գիտելիքը տարբեր իրավիճակներում։ Որպես կանոն՝ գիտությունների դեպքում նրանք պետք է ճիշտ լուծեն թե գործնական, թե գրավոր խնդիրները։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին