Ավելի մոտ բնությանը. Քաջարանի «ԱյբԼաբ»-երը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Ավելի մոտ բնությանը. Քաջարանի «ԱյբԼաբ»-երը
  • Ավելի մոտ բնությանը. Քաջարանի «ԱյբԼաբ»-երը
  • Ավելի մոտ բնությանը. Քաջարանի «ԱյբԼաբ»-երը

Ավելի մոտ բնությանը. Քաջարանի «ԱյբԼաբ»-երը

12 Ապրիլի / 2019

2007 թվականից «Այբ» կրթական հիմնադրամի աջակցությամբ մի շարք մարզային դպրոցներում և մայրաքաղաքում բացվեցին տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից առարկայական լաբորատորիաներ։ «Այբ»-ի աջակցությամբ հիմնվել է արդեն 8 լաբորատորիա հանրապետության տարբեր մարզերի դպրոցներում։

 

Երևանում, Քաջարանում, Վաղարշապատում և Բերդում գործող «ԱյբԼաբ»-երն ամբողջական լաբորատոր համալիրներ են` իրենց տարածքային լուծումներով, կահավորանքի ու սարքավորումների համալրվածությամբ, հաղորդակցական և անվտանգության համակարգերով:

 

«ԱյբԼաբ» ծրագրի նպատակն այնպիսի ուսումնական միջավայրեր ստեղծելն է, որտեղ դպրոցականները հնարավորություն ունեն բացահայտելու իրենց ներուժը, փորձարկումներ և փոքրիկ հայտնագործություններ անելու։

 

«Այբ» կրթական հիմնադրամը նպատակ է դրել շարունակելու մարզերում լաբորատորիաների ստեղծման գործընթացը։ Իսկ մինչ այդ ներկայացնենք այն, ինչ արդեն իրականացվել է։

 

 

2010 թվականին Քաջարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցներում բացվեցին տարածաշրջանում էկոլոգիայի առաջին «ԱյբԼաբ»-երը։ Նշենք, որ այս գաղափարն իրականացվել է «Այբ» կրթական հիմնադրամի և Քաջարանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում՝ քաղաքապետարանի հովանավորությամբ:

 

Բնապահպանական նպատակը

 

Լաբորատորիաները հիմնականում ծառայում են «Քաջարան. բնությունը և էկոլոգիան» ուսումնական առարկայի և «Էկոլոգիա» խմբակի դասերի անցկացմանը: Բացի դրանից, օգտագործվում են բնագիտության, աստղագիտության, աշխարհագրության դասընթացներն արդիական պահանջների համաձայն կազմակերպելու նպատակով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։

 

Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության և առողջապահության ծրագրերի զարգացման բաժնի պետ Գարեգին Գաբրիելյանը բարձր է գնահատում «ԱյբԼաբ»-ի առկայությունն իրենց քաղաքում։

 

«Լաբորատորիաները օրինակ են ծառայում համայնքի այլ դպրոցների համար։ Դպրոցները ձգտում են ունենալ նմանատիպ տեխնոլոգիապես հագեցած դասարաններ, կիրառել մեր փորձը՝ բարձրացնելով աշակերտների կրթվածությունը», - մեզ հետ զրույցում ասաց Գարեգին Գաբրիելյանը։

 

Համայնքապետարանի ներկայացուցիչը նշում է, որ Քաջարանից դուրս գտնվող համայնքներում գործում են դպրոցներ, որտեղ աշակերտների քանակը 40-45 հոգի է։ Այդ դպրոցներում հետագայում նախատեսվում է բացել փոքրիկ դասարաններ՝ «ԱյբԼաբ»-ի օրինակով։

 

Իր հերթին Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը պատմում է, որ քաղաքի երկու դպրոցները համագործակցում են նաև Քաջարանի բնապահպանական ճակատի հետ։

 

«Բնապահպան մասնագետները պարբերաբար հետաքրքիր նախաձեռնություններով են հանդես գալիս՝ անցկացնելով սեմինարներ և դասընթացներ բնապահպանի մասնագիտության արդիականության և կարևորության վերաբերյալ», - ասում է տնօրենը։

 

ԵՊՀ-ի դասախոսական կազմի ներկայացուցիչները նույնպես մասնակցել են հանդիպումներին՝ ներկայացնելով Քաջարանի բնությանը և բնապահպանական խնդիրներին առնչվող հետաքրքիր թեմաներ և քննարկում կազմակերպել աշակերտների հետ։

 

Դպրոցի տնօրենը նշում է, որ աշակերտները հաճույքով են մասնակցում կազմակերպվող բնապահպանական բոլոր միջոցառումներին, և արդյունքում նրանց մեջ բնապահպանության  նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։

 

«ԱյբԼաբ»-երի առավելությունները

 

Այս նախագծի միջոցով «Այբ»-ը ստեղծել է ժամանակակից առարկայական լաբորատորիայի օրինակելի մոդել՝ կիրառելով իր անձնական փորձը։ Սեփական լաբորատորիա ունենալը կարևոր է դարձել նաև այլ դպրոցների համար, որոնցում «ԱյբԼաբ»-եր բացելու նախաձեռնությունը եկել է հենց այդ դպրոցներից:

 

Լաբորատորիաների առկայության կարևորությունը նրանում է, որ, բացի դասագրքերից, աշակերտներն ունեն հնարավորություն գործնականորեն կիրառելու դպրոցում ստացած գիտելիքները։

 

«Երեխաներն ուսուցիչների օգնությամբ փորձեր են կատարում՝ անմիջապես մասնակից դառնալով այդ գործընթացներին», - ասում է տիկին Գևորգյանը։  

Դպրոցի տնօրենը նշում է, որ ուսուցիչների շրջանում լաբորատորիայի առկա սարքավորումների կիրառման հարցում հմտությունների պակաս չկա։

 

«Օրինակ՝ ունենք քիմիայի ուժեղ մասնագետ, Գոհար Վարդանյանն է։ Բոլոր անհրաժեշտ սարքավորումները կան։ Եթե քիմիայի դասավանդման համար անհրաժեշտ նյութերն ավելի շատ լինեն դպրոցում, ավելի հետաքրքիր կդառնա այդ առարկայի դասավանդումը»,- հավելում է տնօրենը։

 

 

Քաջարանի «ԱյբԼաբ». հետաքրքիր փաստեր

 

Իրականացված նախագծեր

- Քաջարանի շուրջ բնապահպանական որոշակի չափանիշներով ընտրված տարածքների ուսումնասիրություն

- Բույսերի նմուշառման և դրանց վերաբերյալ տեղեկույթի պատրաստում

 

 

Էկո-մրցույթներ

- «Հայկական մուֆլոնի պահպանության ծրագրի» շրջանակում ստեղծագործական մրցույթ

- Բնապահպանության վերաբերյալ գիտելիքների դիտարկում-մրցույթ

 

 

Ձեռքբերումներ

- «ԱյբԼաբ»-երում քաղաքապետարանի աջակցությամբ ստեղծվել են համապատասխան թեմատիկայով գրադարաններ։

- Ստեղծվել են Քաջարանի գեոէկոլոգիական դպրոցական ատլասը, աշխատանքային տետրեր և ուրվագծային քարտեզներ։

- Մշակվել է էլեկտրոնային դասերի շարք` Քաջարանի բնապահպանական խնդիրներին լուծումներ տալու նպատակով:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին