«Մի՛ կարծեք, թե այստեղ իդեալական երեխաներ են հավաքված. «Այբ»-ում ցանկացած երեխայի ներսում գտնվող լավն են լույս աշխարհ հանում» - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Մի՛ կարծեք, թե այստեղ իդեալական երեխաներ են հավաքված. «Այբ»-ում ցանկացած երեխայի ներսում գտնվող լավն են լույս աշխարհ հանում»
  • «Մի՛ կարծեք, թե այստեղ իդեալական երեխաներ են հավաքված. «Այբ»-ում ցանկացած երեխայի ներսում գտնվող լավն են լույս աշխարհ հանում»
  • «Մի՛ կարծեք, թե այստեղ իդեալական երեխաներ են հավաքված. «Այբ»-ում ցանկացած երեխայի ներսում գտնվող լավն են լույս աշխարհ հանում»

«Մի՛ կարծեք, թե այստեղ իդեալական երեխաներ են հավաքված. «Այբ»-ում ցանկացած երեխայի ներսում գտնվող լավն են լույս աշխարհ հանում»

15 Ապրիլի / 2019

 

«Այբ[մ]ենք»

«Այբ»-ը գաղափար է։ «Այբ»-ը նաև համայնք է, երազանք ունեցող մարդկանց համայնք, որը վերջին տասներեք տարիների ընթացքում իր շուրջն է համախմբել այդ երազանքը որպես իրականություն տեսնել ցանկացող մարդկանց։

«Այբ[մ]ենք» հարթակում կներկայացնենք «Այբ» համայնքի տարբեր մարդկանց, նրանց ներուժն ու տեսլականը Հայաստանի կրթական ապագայի վերաբերյալ։ «Այբ»-ի մարդիկ են հենց այն հիմնական շարժիչ ուժը, որի շնորհիվ երազանքը դառնում է իրականություն, գաղափարը՝ վարակիչ։

 

Մեր շարքը սկսում ենք այբական ծնող Նունե Սիմոնյանի հետ հարցազրույցով

 

Տիկին Նունեի հետ ծանոթացանք հենց «Այբ» դպրոցի բակում։ Որոշեցինք շրջել դպրոցում և զրուցել։ Մինչ ես կհասցնեի հիանալ այդ հազվագյուտ խաղաղ, ուրախ միջավայրով, տիկին Նունեն պայուսակից հանեց պլաստիկ շշերի կափարիչները և շատ զգուշությամբ լցրեց դպրոցում տեղադրված հատուկ արկղի մեջ՝ վերամշակելու համար։ Ասում է, որ արդեն իրենց տատիկն է հավաքում պլաստիկե իրերն ու հիշեցնում բոլորին դրանք դպրոց բերել։

Տիկին Նունեն «Այբ»-ի ծնողներից է՝ մասնագիտությամբ հոգեբան։ Նրա երկու աղջիկներն այբական են։ Ասում է, որ իր ամենափոքրն էլ է անպայման «Այբ» հաճախելու։ Մեծ աղջիկն արդեն ավարտել է, ընդունվել համալսարան. «Արտասահմանյան հայտնի բուհերից մեկն է ընդունվել. երևի դրսում կշարունակի կրթությունը, տեսնենք»։ Մենք քայլում ենք դեպի ճաշարան, ապա՝ սպորտդահլիճ, և այդ ընթացքում բոլորը բարևում են տիկին Նունեին։ Նկատում եմ, ասում՝ երևի այստեղ բոլորը ճանաչում ու սիրում են նրան. «Դե, գիտե՞ք, ես սովորական այբական ծնող եմ ու բացառություն չեմ մյուսներից։ Բոլորի նկատմամբ կա այս ջերմությունն ու սերը»։

«Երբ մենք առաջին անգամ «Այբ» եկանք բաց դռների օրվան մասնակցելու համար, մեզ գրավեց միջավայրը: Ոչ մի ուրիշ վայրում այդպիսի զգացողություն չէի ունեցել, ասես հարազատ վայր լիներ, ընտանիք՝ առաջին իսկ հանդիպումից սկսած»։ Ապա ժպտուն, անկեղծ դեմքով հարցնում է. «Դուք չզգացի՞ք այդ ամենը, այդ ջերմությունը»։

Երկրորդ հարկում պատահական հանդիպում ենք տիկին Նունեի աղջկան։ Ժպտում է ու գնում դասի։

Շարունակում ենք մեր զբոսանքը գունավոր միջանցքներով, և տիկին Նունեն հպարտությամբ ցույց է տալիս տնօրենի ապակեպատ, թափանցիկ սենյակը, ուսուցչանոցը։ «Իմ կարծիքով՝ կրթությունն ավելին է, քան զուտ գիտելիքը։ Կրթությունն այն միջավայրն է, որտեղ երեխան հայտնվում է, այն մարդիկ, ովքեր անընդհատ, գրեթե ամբողջ օրը նրա կյանքում են, օրինակ են նրա համար։ «Այբ»-ը մեր ընտանիքին հենց այդ միջավայրը պարգևեց։ Իսկ այդ միջավայրը մարդիկ են հենց, «Այբ»-ի մարդիկ»,- ժպիտով նշում է տիկին Նունեն։ Խոսում ենք դպրոցին առնչվող ամենատարբեր թեմաներից, պատմում է, որ հասարակական ժամերի շրջանակում դուստրն ու նրա ընկերները «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն էին այցելում, որտեղ դասապատրաստում էին իրականացնում կենտրոնի երեխաների համար, շփվում նրանց հետ։

«Ամեն մի փոքրիկ առիթից հետո նկատում եմ, թե ինչպես է երեխաների մոտ ձևավորվում «իսկ ինչ կարող եմ ես անել ուրիշների համար» մտածելակերպը։ Ու հիմա նրանք մեծ, գիտակից, հասուն քաղաքացիների պես են մտածում։ «Այբ»-ի միջավայրում սովորելու շարունակությունը դառնում է այն, որ նրանք սկսում են հասարակության մեջ դրսևորվել որպես ազատ, անկախ մտածող մարդիկ, նրանց մեջ սերմանվում է պատասխանատվության զգացումը. իսկ ես ի՞նչ անեմ, որպեսզի բարելավեմ ինձ շրջապատող աշխարհը, ինչպե՞ս նախաձեռնեմ ու իրականացնեմ փոփոխություններ։ Ահա սա է «Այբ»-ի շարունակականությունը»։

«Դե տեսե՛ք»,- շարունակում է տիկին Նունեն.- «էլ որտե՞ղ կարող եք տեսնել, որ աշակերտներն այսպես անկաշկանդ ինչ-որ բան քննարկեն, մտածեն, թեմաները տարբեր անկյուններից ուսումնասիրեն», - ցույց տալով մի խումբ աշակերտների՝ ասում է նա։ Ապա շարունակում է. «Չէ՛, մի՛ կարծեք, թե այստեղ իդեալական երեխաներ են հավաքված. ամենևին ո՛չ։ Պարզապես «Այբ»-ում մարդիկ ցանկացած երեխայի ներսում գտնվող լավն են լույս աշխարհ հանում, աշխատում են դրա վրա, որպեսզի զարգացնեն այդ «լավ»-ը. և ստացվում է»։

Զրույցի մեջ ամբողջովին կլանված՝ փորձում եմ վերջին հարցով հասկանալ, թե ո՛րն է «Այբ»-ի ամենաուժեղ կողմը։ Պատասխանը միանշանակ է՝ «Այբ»-ի արժեհամակարգը, ազգային արժեքները։ «Նույնիսկ ծնողներս ենք արդեն ազգագրական պարեր պարում՝ մեծ սիրով ու հաճույքով։ Հատուկ ոչինչ չկա. «Այբ»-ի միջավայրն է այդպիսին», - եզրափակում է տիկին Նունեն։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին