«Կրթության գործը բոլորիս գործն է». Նունե Դոլինյան - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Կրթության գործը բոլորիս գործն է». Նունե Դոլինյան

«Կրթության գործը բոլորիս գործն է». Նունե Դոլինյան

15 Մայիսի / 2019

 

Նունե Դոլինյանն Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրենն է, որը վերապատրաստվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրով։ Պատմում է այն մասին, թե իրենց դպրոցն ինչպես դարձավ դպրոց-կենտրոն և ինչպես են Արարատյան բակալավրիատի մեթոդներն օգնում բարելավելու կրթական միջավայրը և հաջողությունների հասնելու։

 

«Նախ ուզում եմ նշել, որ մեր դպրոցը բնագիտական առարկաների 2-ական վերապատրաստված ուսուցիչ ունի, որոնք իրենց ստեղծարարությամբ և նորարարական մտածելակերպով կրթության որակ են փոխում։ Մի անգամ նրանք առաջարկով հանդես եկան՝ կիսելու իրենց փորձը և այն տարածելու մարզի մյուս ուսուցիչների շրջանում։ Սկզբում այդ ամենը հենց մեր դպրոցից էինք սկսել, մյուս ուսուցիչների հետ, այնուհետև որոշեցինք մեր կուտակած գիտելիքները և փորձառությունը տարածել մարզում։ Վերապատրաստում-քննարկումներ կազմակերպելու համար հաստատում ստացանք կրթության և գիտության նախարարությունից և սկսեցինք բուն գործընթացը։ Վերապատրաստումների առաջին փուլին մասնակցեց Արմավիրի մարզի տարբեր դպրոցների 35 ուսուցիչ։ Պետք է նշեմ, որ որևէ ֆինանսական գործունեություն տեղի չի ունեցել։ Մեր ուսուցիչներն իրենց ցանկությամբ են կիսել իրենց փորձը, իսկ մասնակիցների գրանցումը բացառապես կամավորության սկզբունքով էր. մասնակցեցին նրանք, ովքեր ուզում էին ինքնակրթվել։ Եվս մեկ վերապատրաստում կունենանք օգոստոսին՝ թարմ գիտելիքներով և ոգևորությամբ դասերը սկսելու համար։ Մի խոսքով՝ դարձել ենք դպրոց-կենտրոն։ Եվ այս ամենը սկսվեց հենց Արարատյան բակալավրիատից։ Առանց թերագնահատելու մեր մյուս ուսուցիչների գիտելիքները և փորձը՝ ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ ԱԲ-ով վերապատրաստված մեր այդ ուսուցիչների դասապրոցեսը լիովին տարբերվում է՝ ոչ թե առարկայապես, այլ մեթոդապես։ Ամեն անգամ զգում եմ, թե ինչպես են աշակերտները փոխվում, նրանց հարցադրումներն են ուրիշ. Արարատյան բակալավրիատով անցած ուսուցիչների դասերին յուրաքանչյուր աշակերտ անելիք ունի։

 

Ծրագիրը չի շարունակվում, ո՛չ որովհետև մենք այդ պոտենցիալը չունենք, այլ որովհետև այն կասեցված է։ Իսկ ես պետք է ասեմ, որ մեր դպրոցի վարկանիշի վրա մեծ ազդեցություն է ունեցել Արարատյան բակալավրիատը։ Ծնողների վստահությունն է բավականին մեծացել դպրոցի նկատմամբ, ինչը չափազանց կարևոր գործոն է կրթական գործընթացը կազմակերպելու հարցում։

Մենք միայնակ չէինք կարող այս ամենն անել. թիմը ստեղծվեց, և մենք չենք ուզում այս ռեսուրսը բաց թողնել։ Իսկ կրթության գործը բոլորիս գործն է»։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին