Բարի կամքը հաջողության սկիզբն Է - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Բարի կամքը հաջողության սկիզբն Է

Բարի կամքը հաջողության սկիզբն Է

06 Դեկտեմբերի / 2018

 

Դեկտեմբերի 5-ին ողջ աշխարհը նշում է Կամավորների միջազգային օրը, որն օրացույցում ամրագրվել է 1985 թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից:

 

Որպես կրթության ոլորտում կամավորության ջատագով՝ «Այբ» կրթական հիմնադրամը դեկտեմբերի 5-ին իր կողմից իրականացվող «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում մեկ հարթակում համախմբեց կամավորական և բարեգործական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին։

 

Միջոցառմանը մասնակցեցին «Դեպի Հայք» հիմնադրամի, Հայկական կամավորական կորպուսի, «Կամավորական նվաճումներ» միջազգային ասոցիացիայի, ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի, Հայաստանի երիտասարդական ակումբների ֆեդերացիայի, «Մուն Իվենթս» կազմակերպության, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կարիերայի կենտրոնի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի,  «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի» ներկայացուցիչները՝ պայմանավորվելով, որ պետք է համագործակցեն կամավորության գաղափարախոսությունը տարածելու նպատակով՝ հանուն հանրության բարօրության։

 

«Կամավորությունը դպրոցական նստարանից» խորագրով միջոցառմանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներն ու անհատ կամավորները քննարկեցին հասարակության մեջ կամավորության դերն ու նշանակությունն ամրապնդելու հնարավորություններն ու ներկայացրին իրենց փորձը՝ ընդգծելով կրթական միջավայրի կարևորությունն այս գործում։

 

Որպես օրինակ՝ «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը ներկայացրեց «Այբ»  դպրոցի փորձը՝ նշելով, որ դպրոցում գործում են հասարակական աշխատանքի խմբեր, որտեղ երեխաները հավաքվում են ըստ իրենց հետաքրքրությունների և հետագայում որպես կամավորներ ներգրավվում ամենատարբեր նախագծերում ու միջոցառումներում։ «Այսօր կրթությունը պետք է մարդկանց շրջանում ստեղծի այնպիսի մշակույթ, որ նրանք շահույթը չկապեն անմիջականորեն աշխատանքի հետ, և որ աշխատանքն առաջին հերթին լինի կյանքի ոճ․ աշխատանք, որը քեզ տալիս է ներքին բավականություն, ուրախություն և զգացողություն, որ դու պետք  ես աշխարհին»,— սա է  «Այբ»-ի տնօրենի բանաձևը։

 

Դպրոցի հասարակական ժամերից է ծնվել «Այբ» կրթական հիմնադրամի կարևոր նախաձեռնություններից մեկը՝ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ստեղծման գաղափարը։ Նախագծի շրջանակում մի խումբ խանդավառ աշակերտներ սեփական նախաձեռնությամբ սկսել են անգլերենից հայերեն թարգմանել ուսուցողական նյութեր՝ օժանդակելու աշակերտների ուսումնառությանն ու ուսուցիչների դասավանդմանը։ Արդյունքում, «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գայանե Արամյանի խոսքով, այսօր ստեղծված է հայալեզու բացառիկ էլեկտրոնային կրթական ռեսուրս՝  հասանելի բոլորին, հատկապես մարզերում։ «Սա այն դեպքն է, երբ կամավորական շարժումը դառնում է մասնագիտություն»,— ասում է Գայանեն։

 

«Կամավորական նվաճումներ» միջազգային ասոցիացիայի ղեկավար Ադրինե Շիրինյանը ներկայացրեց, թե ինչպես  է Հայաստանը դարձել  ասոցիացիայի անդամ, խոսեց միջազգային փորձի և կրթական հաստատություններում հաջողված կամավորական ծրագրերի մասին։ Սևան Կաբակյանը ներկայացրեց իր ղեկավարած «Դեպի Հայք» կազմակերպության հայանպաստ առաքելությունը, որը կյանքի է կոչվում բացառապես կամավորների ջանքերով։

 

Ավելացնենք, որ նախքան քննարկման մեկնարկը միջոցառման մասնակից կազմակերպությունները ցուցահանդեսում ներկայացրել են իրենց ընթացիկ ու առաջիկա նախագծերը՝ միջոցառման երիտասարդ մասնակիցներին հնարավորություն տալով ներգրավվելու որպես կամավորներ իրենց նպատակներին ու առաքելությանն առավելապես համապատասխանող աշխատանքներում։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին