Ինչպես լինել ավելի լավ առցանց ուսուցիչ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Ինչպես լինել ավելի լավ առցանց ուսուցիչ

Ինչպես լինել ավելի լավ առցանց ուսուցիչ

06 Ապրիլի / 2020

 

Անկախ առցանց դասավանդման Ձեր փորձից՝ դժվար թե այն ավանդական դասավանդումից շատ հավանած լինեք։ Գաղտնիք չէ, որ մասնագետներից շատերը թերագնահատում են առցանց դասավանդման իրենց հմտությունների զարգացման կարևորությունը։

Շատերս պարզապես չգիտենք ինչպես դասավանդել առցանց, ինչպես անել դա ավելի արդյունավետ ու առանձնապես շահադրդված չենք սովորելու։ Այս հոդվածը տրամադրում է որոշ խորհուրդներ առցանց դասավանդումն ավանդականից ոչ պակաս արդյունավետ ու հաճելի դարձնելու համար։

 

10 կարևոր սկզբունք և լավագույն փորձ
 

1. Ներկա եղեք դասարանում
Բնականաբար, արդյունավետ դասավանդումը նախևառաջ ենթադրում է, որ Դուք պետք է ներկա լինեք դասարանում։ Չէ՞ որ ավանդական դասավանդման ժամանակ Դուք Ձեր աշակերտներին անուշադրության չեք մատնում, այլ մշտապես ներգրավում եք նրանց տարբեր վարժություններում։ Նույն կերպ պետք է վարվել նաև առցանց դասավանդման պարագայում։

Ապահովեք Ձեր տեսանելի ներկայությունը և ներգրավվածությունն առցանց դասարանում շաբաթական կտրվածքով միևնույն տևողությամբ, ինչ և նախկինում, ողջ կիսամյակի ընթացքում։ Ահա թե ինչպես կարող եք անել դա․

Ամեն շաբաթ գալիք և/կամ նախորդ թեման ներկայացնող/ամփոփող հրապարակում տեղադրեք առցանց ուսումնառության հարթակում։

Պատասխանեք հարցուպատասխանի առցանց հարթակում տեղադրված կամ Ձեր էլեկտրոնային հասցեին ուղարկված հարցերին։

Առցանց դասավանդման ժամերը համապատասխանեցրեք դասացուցակին և/կամ պայմանավորվածությանը։

Դասի թեմայի կամ տնային հանձնարարության կրկնվող սխալների վերաբերյալ կարճ տեսանյութեր հրապարակեք։

Գնահատեք և վերադարձրեք աշակերտների աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի։

Հաղորդակցվեք աշակերտների հետ առցանց քննարկումների ձևաչափով։

Առցանց դասին Ձեր մշտական ներկայությունը և ներգրավվածությունը կապահովեն նույնը նաև Ձեր աշակերտների համար։
 

2. Եղեք այնպիսին, ինչպիսին կաք

Ուսուցիչները սիրում են ավանդական դասավանդումը աշակերտների հետ հաղորդակցվելու և առարկայի նկատմամբ իրենց սերը փոխանցելու հնարավորության համար։ Ավանդական դասավանդման ժամանակ ուսուցիչը նաև կարող է աշակերտի դեմքից հասկանալ՝ ընկալե՞լ է արդյոք բացատրվող նյութը, թե ոչ։

Փնտրեք Ձեր անհատականությունն ու սերը առցանց տիրույթում արտահայտելու նոր տարբերակներ։

Արտահայտեք Ձեր անհատականությունը կարճ դասախոսությունների, հանձնարարությունների հրահանգների, հարցուպատասխանների կամ շաբաթական հրապարակումների միջոցով։

Ջերմ եղեք ձեր գրավոր խոսքում՝ արտահայտելով Ձեր աջակցությունը։

Եղեք մարդկային. օրինակ՝ հանձնարարության հրահանգի վերջում գրեք․ «Երեխեք ջան, եթե հանձնարարության վերաբերյալ որևէ հարց ունենաք, չամաչեք ինձ դիմել։ Հիշեք, որ ամեն պահի պատրաստ եմ օգնելու ձեզ ու ձեր առաջընթացին»։
 

3. Ձեզ նրանց տեղը դրեք

Սովորական դասարանում ուսուցիչը կարող է «կարդալ» ոչ խոսքային հաղորդակցման նշանները, մինչդեռ տնային պայմաններում դժվար է հասկանալ՝ երբ են աշակերտները շեղվում կամ սխալ ընկալում հրահանգները։ Լավ տարբերակ է խնդրել մի վստահելի գործընկերոջ, որ գնահատի Ձեր առցանց դասը, ապա դիտողությունների հիման վրա թեթևակի փոփոխել դասապլանը։   

Գիտակցաբար դրեք Ձեզ Ձեր աշակերտների տեղը և հնարավորինս պարզեցրեք տրվող հրահանգները։ Ուղղորդվեք այս սկզբունքով նաև հաջորդ քայլերը նախագծելիս։
 

4. Մանրակրկիտ մշակեք Ձեր դասընթացը

Դասընթացի նյութերը մշակելիս առաջնորդվեք Ձեր աշակերտների մտածելակերպով։ Կազմակերպեք դրանք մատչելի, հստակ, մեթոդապես հիմնավորված ու պարզից աստիճանաբար բարդ տրամաբանական սկզբունքով։
 

5. Դասընթացը տեսողական առումով գրավիչ դարձրեք

Առցանց դասընթացները ձանձրալի ու անհետաքրքիր լինելու հիմնավոր համբավ ունեն։

Պարտադիր չէ գրաֆիկական դիզայներ լինել դասընթացը գրավիչ դարձնելու համար։ Դասընթացը մի փոքր պատկերավոր դարձնելով՝ բավական կմեծացնեք դրա արդյունավետությունը։ Դասախոսության կամ հրահանգի երկար տեքստը բաժանեք ենթավերնագրերի և պարբերությունները միմյանցից բացատով առանձնացրեք։ Ավելացրեք Ձեր հեղինակած կամ YouTube-ից, լրատվական կայքերից և/կամ գրադարանային ռեսուրսներից վերցված նկարներ ու տեսանյութեր։
 

6. Ներկայացրեք Ձեր ակնկալիքները

Ահա թե ինչպես կարող եք անել դա։

Կազմեք հրահանգները խոսակցական ոճով, որպեսզի դրանք դասագրքային տպավորություն չթողնեն։

Անմիջականորեն ներկայացրեք հանձնարարության հիմնական պահանջները երկուրոպեանոց տեսանյութի միջոցով։

Տրամադրեք սանդղակներ, գծապատկերներ ու տեսողական այլ օժանդակ նյութեր։

Բարձր և միջին գնահատված աշխատանքներից հատվածներ ներկայացրեք, որպեսզի աշակերտները կարողանան տեսնել և հասկանալ դրանց տարբերությունը։

Մի խոսքով՝ հնարավորինս հասցեական աջակցություն ցուցաբերեք՝ առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու, որպեսզի աշակերտները միանգամից կռահեն՝ ինչ է իրենցից ակնկալվում։
 

7. Աջակցեք ուսումնական վարժանքներում

Բարդ հանձնարարությունները մասնատեք ավելի պարզ հատվածների, որպեսզի աշակերտները ստացված արձագանքի հիման վրա կարողանան աստիճանական առաջընթաց գրանցել։
 

8. Օրինակներ բերեք

Ավանդական դասապրոցեսի ժամանակ աշակերտները կարող են ձեռք բարձրացնել, եթե որևէ բան չեն հասկանում, և խնդրել ուսուցչին նորից բացատրել այն։ Ուսուցիչը տարբեր օրինակներ է բերում, նույնիսկ այլ ոլորտներից, որպեսզի աշակերտները ըմբռնեն տեղեկությունն իրենց համար հասկանալի տարբերակով։ Առցանց ուսումնառության ժամանակ օրինակներն առավել քան կարևոր են։ 
 

9. Ստեղծեք հաճելի մթնոլորտ

Ավանդական դասարանում ուսուցիչը պահպանում է դրական մթնոլորտն իր ժպիտով, ոգևորիչ խոսքերով, աշակերտների հետ տեսողական կապ պահպանելով։ Կիրառեք նույն սկզբունքը նաև առցանց դասերի ժամանակ։

Աշակերտները կցանկանան մասնակցել Ձեր դասերին, եթե Դուք՝

շատ տեսողական նյութեր, մեդիա, փոխգործուն գործիքներ ու վարժություններ օգտագործեք,

պարզեցնեք դասընթացի կառուցվածքն ու մատուցումը,

դրական տրամադրվածություն և համոզմունք ցուցաբերեք աշակերտների առաջընթացի վերաբերյալ,

հոգատարություն և ապրումակցում ցուցաբերեք առցանց դասերով ծանրաբեռնված  Ձեր աշակերտների նկատմամբ,

հարգեք նրանց ժամանակն ու մասնակցությունը դասին Ձեր ներկայությամբ և ներգրավվածությամբ։

Ավելի հաճելի դարձնելով Ձեր առցանց դասերը՝ կապահովեք աշակերտների բարձր հաճախելիություն։ Որևէ բան սովորելուց առաջ աշակերտները նախ պետք է ցանկանան ներկա գտնվել դասին։
 

10. Կարևորեք շարունակական առաջընթացը

Լավ ուսուցման գրավականը շարունակական կատարելագործումն է։ Ձեր առցանց դասարանում նույնքան ոգեշնչմամբ աշխատեք, որքան և սովորականում։ Մի փոքր ժամանակ ու ջանք ներդրեք որպես առցանց ուսուցիչ կատարելագործվելու հարցում։ Նույնիսկ փոքրիկ ջանքերը կարող են մեծ ազդեցություն ունենալ։

 

Թարգմանված է անգլերենից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին