Հույս ունեմ, որ պատերազմը շատ շուտ կավարտվի ու ես իմ դպրոցը կգնամ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Հույս ունեմ, որ պատերազմը շատ շուտ կավարտվի ու ես իմ դպրոցը կգնամ

Հույս ունեմ, որ պատերազմը շատ շուտ կավարտվի ու ես իմ դպրոցը կգնամ

30 Հոկտեմբերի / 2020

 

«Հույս ունեմ, որ պատերազմը շատ շուտ կավարտվի ու ես իմ դպրոցը կգնամ»,- ասում է արցախցի Լարիսան, որ սովորում է Ստեփանակերտի Հ. Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի 5-րդ դասարանում:


Լարիսան այժմ Երևանում է: ««Կենգուրուն» շատ եմ սիրում, միշտ փորձում եմ մասնակցել՝ տրամաբանությունս, միտքս զարգացնելու համար: Որոշեցի այս անգամ էլ փորձել ուժերս և մասնակցեցի առաջին առցանց «Կենգուրուին»: Նույնիսկ եթե տեղ չզբաղեցնեմ, միևնույն է, ուրախ եմ, որ մասնակցեցի, որ սխալներս իմանամ ու կատարելագործեմ գիտելիքներս»:

Լարիսան ապագայի հետ կապված շատ երազանքներ ունի: Ցանկանում է բժշկուհի դառնալ, «որովհետև բժիշկներն օգուտ են տալիս մարդկությանը: Կիմանամ, որ իմ աշխատանքը կօգնի զինվորներին: Մի քանի գիրք եմ բերել հետս, պարապում եմ տանը: Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, մարդ պետք է աշխատի ու զարգացնի իր գիտելիքները»,- ասում է փոքրիկ հերոսուհին:


Լարիսան երազում է իր սեփական շախմատի դպրոցն ունենալ. Ստեփանակերտում հանրապետական մրցաշարում մինչև 10 տարեկան աղջիկների խմբում գրավել է առաջին հորիզոնականը: Հիմա էլ տանն առցանց է շախմատ խաղում, որ ոչ մի բան բաց չթողնի:


Մեր երեխաները պետք է միշտ ժպտան ու երազեն, որովհետև անպայման #Հաղթելուենք:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին