«Ես ուզում եմ մի մասնիկը լինել այն հնարավորության, որը տրվում է ուրիշ աշակերտների». Շուշանիկ Բասմաջյան, «Այբ» ավագ դպրոցի շրջանավարտ, Քեմբրիջի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանների (UCLA) ուսանող, «Այբ» ավագ դպրոցի կրթաթոշակային ֆոնդի նվիրատու - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Ես ուզում եմ մի մասնիկը լինել այն հնարավորության, որը տրվում է ուրիշ աշակերտների». Շուշանիկ Բասմաջյան, «Այբ» ավագ դպրոցի շրջանավարտ, Քեմբրիջի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանների (UCLA) ուսանող, «Այբ» ավագ դպրոցի կրթաթոշակային ֆոնդի նվիրատու

«Ես ուզում եմ մի մասնիկը լինել այն հնարավորության, որը տրվում է ուրիշ աշակերտների». Շուշանիկ Բասմաջյան, «Այբ» ավագ դպրոցի շրջանավարտ, Քեմբրիջի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանների (UCLA) ուսանող, «Այբ» ավագ դպրոցի կրթաթոշակային ֆոնդի նվիրատու

15 Ապրիլի / 2019

 

Շուշանիկն «Այբ»-ի այն շրջանավարտներից է, որոնք սովորել են ավագ դպրոցի կրթաթոշակային ֆոնդի աջակցությամբ և դպրոցն ավարտելուց հետո իրենք են ամսական նվիրատվությամբ մասնակցում Հայաստանի, Արցախի և սփյուռքի երեխաների համար որակյալ կրթություն ապահովելուն։ Այս տարի Շուշանիկը կավարտի Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը, սովորում է նաև Քեմբրիջի համալսարանում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ֆինանսական աջակցություն է ստանում համալսարանից, ուսումն ամբողջովին անվճար է։ «Եթե դու ուզում ես սովորել, բարձր առաջադիմություն ունես, սակայն չես կարողանում վճարել ուսմանդ համար, նրանք նույնպես, ինչպես «Այբ»-ը, օգնում են քեզ սովորելու»։ Սովորելուն զուգահեռ Շուշանիկն աշխատում է նաև Լոս Անջելեսի քաղաքապետարանում որպես հաշվապահի օգնական։ «Գիտե՞ք՝ մինչև «Այբ» ընդունվելը կմտածեի՝ ես՝ ո՜ւր, UCLA-ն՝ ո՜ւր, բայց «Այբ»-ը հնարավորություն ու ուժ տվեց մտածելու մեծ երազանքների մասին ու նաև իրագործելու դրանք։ Շատ լավ եմ հիշում. մայրիկս ինձ ոգևորում էր, որ փորձեմ «Այբ» ընդունվել։ Ստացվեց, ընդունվեցի։ Մենք չէինք կարող այն ժամանակ վճարել ուսման վճարը և որոշեցինք դիմել կրթաթոշակի համար։ Եվ եթե չլիներ «Այբ»-ի կրթաթոշակային ֆոնդը, ես վստահաբար չէի կարողանա սովորել այստեղ և չէի էլ մտածի արտասահմանյան բուհերում կրթությունս շարունակելու ու մեծ երազանքների մասին».- ասում է Շուշանիկը։

 

«Ապա այնպես ստացվեց, որ ընտանիքով տեղափոխվեցինք ԱՄՆ։ Երբ փոքր քաղաքից տեղափոխվում ես մեծ քաղաք, որտեղ ամեն ինչ բավականին դժվար է ու տարբեր, դու պետք է պարզապես փորձես ապրել, «ողջ մնալ» և հաղթահարել ամեն ինչ։ Այդ ժամանակ ես մի առավելություն ունեի՝ անգլերեն իմանալը։ Երբ լեզուն գիտես, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում, կարողանում ես ինքնուրույն լուծել քո խնդիրները։ Մեր ընտանիքում միայն ես անգլերեն գիտեի։ Եթե «Այբ»-ը չլիներ, ես ու UCLA-ն չէինք հանդիպի։ Այո՛, որովհետև սովորելու այս ձգտումն «Այբ»-ում եմ ձեռք բերել։ Մինչև ԱՄՆ տեղափոխվելը, երբ արդեն իսկ մտածում էի արտասահմանյան բուհ ընդունվելու մասին, հետաքրքրվել էի անգլիական բուհական համակարգով, բայց պլանները մի քիչ փոխվեցին, երբ եկանք այստեղ։ Մեր ընտանիքում կրթությունը միշտ առաջին տեղում է եղել, այն այլընտրանք չունի։

 

«Այբ»-ն ինձ օգնեց հասկանալու, թե ես ինչ եմ ուզում կյանքում, ինչ ուղղությամբ եմ շարունակելու կրթությունս, ինչպես և որտեղ եմ ինձ տեսնում ապագայում։ Բացի հիմնական առարկաներից՝ այս դպրոցում ունեինք նաև կամընտրական առարկաներ։ Մենք կարող էինք ընտրել այն առարկաները, որոնք ուզում էինք ուսումնասիրել։ Ես ընտրեցի սոցիոլոգիան և հենց առաջին դասից հասկացա, որ դա իմն է։ Մեր երկրում սոցիոլոգիան տարածված չէ, և, չգիտեմ, էլի եթե «Այբ»-ը չլիներ իմ կյանքում, հնարավոր է՝ կրթությունս սոցիոլոգիայի ուղղությամբ չշարունակեի։ «Ուրիշ ոչ մի տեղ այդպիսի զգացողություն չունեմ։ Մենք կարող էինք պարզապես զրուցել մեր ուսուցիչների հետ, տարբեր թեմաներ քննարկել, հարցեր բարձրացնել, ոչ մի ուրիշ վայրում ուսուցիչ-աշակերտ այդպիսի հարաբերություններ չեք տեսնի։ Շատ եմ կարոտում։ «Այբ»-ում ինձ տանն էի զգում»։

 

Հայրենիք վերադառնալու ու այստեղ ապրելու մասին. «Կյանքն ամեն օր փոխվում է, չեմ կարող ասել, թե ինչպես կդասավորվի այն։ Ուզում եմ անպայման շարունակել կրթությունս։ Սակայն հայրենիքի հետ կապը միշտ ինձ հետ է։ Շատ-շատ եմ ուզում որևէ կերպ պետքական լինել, ինչ-որ բան անել հայրենիքիս համար. ես դա սկսել եմ «Այբ»-ի կրթաթոշակային ֆոնդին միանալուց՝ ամսական իմ փոքրիկ նվիրատվությունն ուղղելով Հայաստանի, Արցախի և սփյուռքի այն երեխաների կրթությանը, ովքեր ուզում են որակյալ կրթություն ստանալ և երազել ապագայի մասին։ Չէ՞ որ հենց ինձ նման սովորական մարդկանց թեկուզ փոքրիկ նվիրատվությունների շնորհիվ ես կարողացա հասնել այնտեղ, որտեղ հիմա եմ»։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին