Եթե «Կենգուրուն» չլիներ, ես մաթեմատիկային կվերաբերվեի որպես սովորական դպրոցական առարկայի - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Եթե «Կենգուրուն» չլիներ, ես մաթեմատիկային կվերաբերվեի որպես սովորական դպրոցական առարկայի

Եթե «Կենգուրուն» չլիներ, ես մաթեմատիկային կվերաբերվեի որպես սովորական դպրոցական առարկայի

09 Մարտի / 2021

 

Էլինա Օհանջանյանն առաջին առցանց «Կենգուրու 2020» մրցույթի հաղթողներից է։ Սովորում է ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։ Այս տարի ավարտում է դպրոցը։ 

 

Դիմել էի Հայաստանի ամերիկյան համալսարան, երեկ պատասխան ստացա, որ ընդունվել եմ արդեն, այսինքն՝ սեպտեմբերից սովորելու եմ ՀԱՀ-ի տվյալագիտության բաժնում․ այն այժմ շատ պահանջված մասնագիտություն է։ 

3-րդ դասարանից մասնակցում եմ «Կենգուրուին», նախկինում ստացել եմ լավագույն մրցանակներ, սակայն երբեք չէի հաղթել։ Այս տարի առաջին անգամ վաստակեցի հաղթողի կոչումը։ Շատ ուրախ էի, չէի սպասում, որ կհաղթեմ։ Գիտեի, որ բարձր կլինի արդյունքս, որովհետև մնացած տարիներից ավելի հեշտ էր՝ և՛ խնդիրներն ավելի հեշտ թվացին, և՛ ես էի ավելի հանգիստ։ Սովորաբար դպրոցում մրցույթը ստրեսային էր անցնում շատ էի շեղվում, իսկ տան պայմաններում հանգիստ նստած ավելի հեշտ գրեցի։ Ամեն դեպքում չէի սպասում, որ այդքան լավ եմ գրելու։ 

 

«Կենգուրուն» իմ կյանքում

Դպրոցում բոլոր առարկաներից միշտ լավ եմ եղել, բայց երբ սկսեցի մասնակցել «Կենգուրուին», սկսեցի պարապել մաթեմատիկա կամ պարզապես «Կենգուրուի» խնդիրներ լուծել։ Հենց այդպես սկսեցի ավելի շատ զբաղվել մաթեմատիկայով և հասկացա, որ այն ինձ ավելի շատ է դուր գալիս, քան մնացած առարկաները։ Եթե «Կենգուրուին» չմասնակցեի, երևի ֆիզմաթ․ դպրոց չէի դիմի ու չէի ընդունվի, իսկ ֆիզմաթ․ դպրոց դիմելը կրթությունս մաթեմատիկայով շարունակելու ամենամեծ պատճառներից էր։

Վստահաբար կարող եմ ասել, որ եթե «Կենգուրուն» չլիներ, ես մաթեմատիկային կվերաբերվեի որպես սովորական դպրոցական առարկայի։ Իսկ մաթեմատիկան ավելի շատ հոբբի էր, քան պարզապես ինչ-որ առարկա, որը սովորում էի դպրոցի համար։

 

«Կենգուրուի» տրամաբանությունը

Մաթեմատիկա սիրող մարդկանց համար հաճելի է «Կենգուրուի» խնդիրները լուծել։ Դրանք շատ տարբեր են դպրոցական խնդիրներից կամ օլիմպիադաներից և ամբողջովին կապված են տրամաբանության հետ։ Այսինքն՝ պարտադիր չէ իմանալ դպրոցական նյութը, որ կարողանաս խնդիրները լուծել։ Կարող ես պարզապես մասնակցել մրցույթին և ստուգել ինքդ քեզ և տրամաբանությունդ։

«Կենգուրուի» մի քանի խնդրագիրք ունեմ, որ լավագույն արդյունք ցուցաբերելու համար եմ նվեր ստացել։ Մեկ-մեկ հենց ժամանակ անցկացնելու համար լուծում եմ և հաճույք ստանում մաթեմատիկական տրամաբանությունից։

 

21-րդ դարում՝ առցանց

Սկզբում շատ թերահավատորեն էի մոտենում մրցույթի առցանց կազմակերպմանը, և իսկապես, կային խնդիրներ հարթակի հետ կապված։ Սակայն դրանք շտկվեցին։

Գրելուց հետո և գրելու ընթացքում հասկացա առցանցի դրական կողմը․ ես հիմա նստած չեմ դասարանում, հիմա ես չեմ մտածում, թե ով դասարանից դուրս եկավ, կամ որ ժամանակը կավարտվի շուտով (մրցույթի ընթացքում անընդհատ հիշեցնում են դրա մասին, ինչն էլ իր հերթին է նյարդայնացնում)։ Այդ իսկ պատճառով ինձ համար շատ հաճելի էր տան պայմաններում, լռության մեջ հանգիստ, խնդիրներ լուծել․ կարծես ավելի շատ ես իմ սիրելի հոբբիով զբաղվեի, քան ինչ-որ մրցույթի մասնակցեի։ 

Դե իսկ մեր դպրոցական համակարգին օդ ու ջրի պես պետք են փոփոխություններ ու համարձակ նորարարություններ՝ 21-րդ դարին համահունչ։

 

«Կենգուրու 2021» մրցույթը տեղի կունենա մարտի 21-ին՝ առցանց։ Գրանցվել կարող եք այստեղ։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին