«Քան»-ը կարող է հասնել անգամ սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Քան»-ը կարող է հասնել անգամ սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր
  • «Քան»-ը կարող է հասնել անգամ սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր
  • «Քան»-ը կարող է հասնել անգամ սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր
  • «Քան»-ը կարող է հասնել անգամ սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր
  • «Քան»-ը կարող է հասնել անգամ սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր
  • «Քան»-ը կարող է հասնել անգամ սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր

«Քան»-ը կարող է հասնել անգամ սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր

20 Մայիսի / 2019

 

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի թիմը մայիսի 18-ին Տավուշի մարզում էր։ Մարզի դպրոցների տնօրենների, ուսուցիչների ու աշակերտների հետ հանդիպմամբ տրվեց ՀՀ Տավուշի մարզպետարանի հետ համատեղ կրթական ծրագրերի մեկնարկը։ Հիշեցնենք, որ «Այբ» կրթական հիմնադրամը մարզպետարանի հետ կնքված հուշագրի շրջանակում մարզում մի քանի ուղղությամբ իրականացնելու է ծրագրեր («ԱյբԼաբ»-երի ստեղծում, նախագծային ուսումնառություն, առցանց կրթություն, ուսուցիչների վերապատրաստում, կրթական տուրիզմ)՝ տարածելու իր հաջողված փորձն ու կրթական միջավայրը։

Ողջունելով մարզում կրթական նախաձեռնությունները՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը Դիլիջանի կենտրոնական դպրոցի («Այբ» ընտանիքի դպրոցներից մեկի) օրինակով նկատեց, որ «Այբ»-ը բաց է կիսելու սեփական հաջողված փորձը, և այդ ավանդույթն արմատավորվել է ավելի վաղ՝ մարզի երեխաների համար մշտապես կազմակերպվող շրջայցերով Դիլիջանի դպրոց ու համատեղ փորձարարությամբ։

 

«Քան» ակադեմիայի ընձեռած հնարավորությունների մասին հետաքրքրությունը մեծ էր, և հարցուպատասխանի ձևաչափով քննարկվեցին առցանց ու անվճար կրթության դերակատարությունն այս արագ փոփոխվող ոլորտում, էլեկտրոնային դասարան ստեղծելու առավելությունները, «շրջված դասարան» մեթոդի կիրառությունն ուսումնառության ընթացքում, բացակայելու պարագայում թեմաներն ամբողջությամբ յուրացնելու հնարավորությունը։ «Քան» ակադեմիայի հայերեն նյութերը շատ ավելի ընդգրկուն են, քան չափորոշիչներով սահմանվածը,  հետևաբար, ներկաների գնահատմամբ, դրանք փոխլրացման լավ միջոց են։

 

Ներքին Կարմիրաղբյուր սահմանապահ գյուղի միջնակարգ դպոցի տնօրեն Նառա Պապյանի խոսքով՝  չնայած հեռավորությանը՝ ունեն նվիրյալ ուսուցիչների թիմ, որը ջանք չի խնայում նորը դպրոց տանելու համար։ Տնօրենը հատկապես հավանել է տեսանյութերով ուսուցման հատվածը և վստահ է, որ «Քան»-ի հարթակը դպրոցում դառնալու է ամենակիրառվողներից մեկը։ ««Քան» ակադեմիայի ընձեռած հնարավորություններն ավելի լայն են, դասը հետաքրքիր և հասանելի են դարձնում ինչպես աշակերտների, այնպես էլ՝ ուսուցիչների համար։ Այստեղ չի անտեսվում ուսուցչի կամ աշակերտի դերը, այն փոխլրացնող գործիք է»,- ասում է մաթեմատիկայի ուսուցչուհի Նարինե Սարգսյանը և հավելում, որ մաթեմատիկայի բնագավառում տեսանյութերն օգտագործում է արդեն մոտ երկու տարի և փորձով է համոզվել, որ այն շատ ժամանակ է խնայում հատկապես թեստային աշխատանքների ժամանակ։
«Քան»-ի համագործակցությունը Տավուշի կրթական համակարգի տարբեր շահառուների հետ կստանա առավել խորացված և հասցեական շարունակություն։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին