«Քան»-ն օգնում է դասերն առավել հետաքրքիր դարձնելու - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Քան»-ն օգնում է դասերն առավել հետաքրքիր դարձնելու
  • «Քան»-ն օգնում է դասերն առավել հետաքրքիր դարձնելու
  • «Քան»-ն օգնում է դասերն առավել հետաքրքիր դարձնելու
  • «Քան»-ն օգնում է դասերն առավել հետաքրքիր դարձնելու
  • «Քան»-ն օգնում է դասերն առավել հետաքրքիր դարձնելու

«Քան»-ն օգնում է դասերն առավել հետաքրքիր դարձնելու

17 Մայիսի / 2019

 

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի թիմն այս անգամ Հայաստանի երկրորդ քաղաքում էր՝ տարածելու հայալեզու առցանց և անվճար կրթական հարթակի հնարավորությունները և ծանոթացնելու գյումրեցի ուսուցիչներին ու սովորողներին «Քան»-ի հետ։ Հանդիպման մասնակիցներին «Քան» ակադեմիայի թիմը ներկայացրեց, թե ինչ բաժիններ է թարգմանել և տեղայնացրել, ինչպես կարելի է գրանցվել կայքում, օգտվել նյութերից, ինչու է ստեղծվել այս հարթակը, և խոսեց հայաստանյան գրասենյակի նպատակների և ծրագրերի մասին։ Ներկայացնելով առկա վիճակագրությունը՝ գրասենյակի ղեկավար Գայանե Արամյանը նշեց, որ արդեն ունեն հայերեն շուրջ 2400 տեսանյութ, 1200 վարժություն ու հոդված,  և օրեցօր ավելի շատ մարդիկ են այս հարթակի օգնությամբ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերում, ինչն էլ  ոգեշնչում է «Քան»-ի երիտասարդ թիմին։

«Այբ» կրթական հիմնադրամը կարևորում է Գյումրիում և առհասարակ մարզերում կրթական նոր հնարավորությունների ստեղծումը և առկա ռեսուրսների տարածումը՝ հաշվի առնելով, որ կրթական կենտրոններն ու դասագրքերը ոչ միշտ են հասանելի բոլորին։

Ըստ հանդիպմանը ներկա ուսուցիչների, որոնք արդեն հասցրել էին կիրառել «Քան»-ի գործիքները՝ հարթակը աշակերտների հետաքրքրությունն այս կամ այն առարկայի նկատմամբ ավելացնելու լավ հնարավորություն է ընձեռում։ «Բոլորս էլ գիտենք, որ երիտասարդներն առավելապես հետաքրքրված են էլեկտրոնային գործիքներով ու նոր տեխնոլոգիաներով, իսկ դրանց միջոցով ստացած պատկերավոր ու նոր միջավայրում ուսումնառությունն ավելի արդյունավետ է, դասական դասապրոցեսը կարծես աստիճանաբար իր տեղը զիջում է նոր մեթոդներին»,- ասում է Գյումրու տնտեսագիտական վարժարանի ինֆորմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Համբարձումյանը։ Տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Եվա Օհանյանը  «Քան»-ի հարթակում գտել է իրեն հետաքրքրող բարձրագույն մաթեմատիկային վերաբերող հայերեն նյութեր, Լիլիթ Միքայելյանը՝ ֆինանսներին վերաբերող նյութեր՝ հետազոտության համար, և համարում են, որ առաջին կուրսեցու համար «Քան»-ը շատ մատչելի է բացատում ամեն ինչ։ Որպես առավելություն՝ ուսուցիչները նշեցին անվճար լինելու հանգամանքը, որպես իրենց համար նորույթ՝ այս հարթակի օգնությամբ էլեկտրոնային դասարան ստեղծելու հնարավորությունը։ Առաջարկ հնչեց նոր բաժիններ ավելացնելու «Քան» ակադեմիայի հայերեն հարթակում։

Մարզերում այցերը շարունակական են լինելու՝ ընդլայնելով օգտատերերի աշխարհագրությունը և ապահովելով կրթության հասանելիությունը։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին