«Քան»-ը գալիս է Գյումրի - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Քան»-ը գալիս է Գյումրի

«Քան»-ը գալիս է Գյումրի

26 Մարտի / 2021

«Այբ» կրթական հիմնադրամը գործընկերների՝ ԿԳՄՍ նախարարության, ԱՄՆ դեսպանատան և Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչների հետ ազդարարեց «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի նոր նախագծի մեկնարկը Գյումրիում. հանրակրթական դպրոցներում բնական և ճշգրիտ գիտությունների առարկաներ (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա) դասավանդող ուսուցիչների համար կազմակերպվելու է աշխատարանների շարք։ Աշխատարանները և «Քան» ակադեմիայի առարկայացանկի ընդլայնումն իրականություն են դարձել ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորման շնորհիվ, որը մեր երկրում գիտատեխնիկական ոլորտի առաջընթացի համար նոր հնարավորություն է ստեղծում։  


«Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, ողջունելով ուսուցիչների համար այս նոր հնարավորությունը, ներկայացրեց, թե ինչպես է «Քան» ակադեմիան աշակերտական կամավորական նախաձեռնությունից դարձել առցանց կրթական մեծ շտեմարան, որն այսօր արդեն անհատականացված ուսումնառության ու կրթական առօրյայի կարևոր բաղադրիչ է։ Հարթակի օգտակարությունը փաստեց նաև ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ  «Այբ» կրթական հիմնադրամն ու մասնավորապես «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակն առաջիններից էին, որ համավարակի պայմաններում արձագանքեցին նախարարության՝ կրթության շարունակականությունն ապահովելու կոչին։ Նա առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց «Քան» ակադեմիայի նյութերի համապատասխանությանը կրթական նոր չափորոշիչներին, ինչպես նաև նշեց․ «Կրթական նոր տեխնոլոգիաների կիրառումը և դրանց միջոցով դասավանդման որակի բարձրացումը, կրթական համերաշխությունը հնարավոր են դարձնում մի տեղում կուտակված փորձառությունը և լավ ռեսուրսը տարածելն ու տարբեր դպրոցներում բազմապատիկ արդյունք ստանալը»։


ԱՄՆ դեսպանատան կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանն ընդգծեց դժվարին ժամանակաշրջանում ճկունության և տեխնոլոգիաների միջոցով կրթական զինանոցն ընդլայնելու կարևորությունը` «Քան» ակադեմիան համարելով հենց այդպիսի հարթակ, որը մեկտեղում է ինքնակրթության և որակյալ դասարանային կրթության գործիքները գիտատեխնիկական ոլորտի համար։ «Կրթությունը դուրս է եկել ավանդական դասասենյակային և դասագրքային շրջանակներից ու պահանջում է ավելի ռեսուրսներով լի մոտեցումներ», - կարծում է դեսպանատան ներկայացուցիչը։


«Քան» ակադեմիան անվճար հայալեզու կրթական հարթակ է՝ նախատեսված թե ուսուցիչների, թե աշակերտների և թե պարզապես ինքնակրթությամբ զբաղվողների համար։ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Անուշ Այվազյանը միջոցառման մասնակից  շուրջ 40 ուսուցիչներին և տնօրեններին ծանոթացրեց հարթակի գործիքակազմին, ընձեռած հնարավորություններին և այն աշխատարաններին, որոնք անցկացվելու են Գյումրու ուսուցիչների համար՝ հատկապես շեշտելով «Քան» ակադեմիայի դեսպան-ուսուցիչների դերը կրթական նոր տեխնոլոգիաները հնարավորինս շատ գործընկերների հասանելի դարձնելու և արդեն կուտակված հաջող փորձը նրանց հետ կիսելու հարցում։ Ուսուցիչները կարևոր են համարում լինել կրթական այս մեծ համայնքում, որտեղ կիրառվում են լավագույն փորձն ու նորարար  մեթոդներ, մասնավորապես՝ այսօր խիստ պահանջված կրթության հիբրիդային տարբերակի գործիքները։

Շիրակի մարզպետարանում ևս սպասում են «Քան» ակադեմիային և պատրաստակամ են աջակցելու աշխատարանների անցկացմանը Գյումրիում, ինչպես նշեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ 

 

Այսպիսով՝ «Քան» ակադեմիան է՛լ ավելի է ընդլայնում իր աշխարհագրությունը և նորանոր շահառուներ ընդգրկում՝ հայալեզու որակյալ կրթությունը հասանելի դարձնելով ամենքին և ամենուրեք։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին