Գիտության և կենսաբանության հանդեպ սերը պետք է սկսվի դպրոցից - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Գիտության և կենսաբանության հանդեպ սերը պետք է սկսվի դպրոցից

Գիտության և կենսաբանության հանդեպ սերը պետք է սկսվի դպրոցից

21 Նոյեմբերի / 2020

 

«Գիտությունը ցանկացած զարգացած հասարակության հիմքն է: Առնվազն 30 տարի լինելով գիտության մեջ՝ հասկացել եմ, որ ինչքան էլ մարդը լինի խելացի և գիտակ, չի կարող լինել ավելի իմաստուն, քան դարերի ընթացքում կուտակված գիտական փորձը: Եվ եթե մենք՝ որպես հասարակություն, ուզում ենք ինչ-որ բանի հասնել, պետք է հարգենք այդ գիտելիքները և դրանց վրա հիմնվելով ստեղծենք նոր գիտելիք, գտնենք խնդիրների յուրահատուկ և նորարարական լուծումներ և կանխատեսենք հնարավոր զարգացումներ:
 

Կենսաբանությունն այսօր ամենազարգացող ճյուղերից մեկն է: Եթե 20-րդ դարը ֆիզիկայի ու մաթեմատիկայի դարն էր, ապա կարող եմ ասել, որ 21-րդ դարը կենսաբանությանն է, և նույնպիսի թռիչք և բացահայտումներ մենք ակնկալում ենք կենսաբանությունից: Մեզ համար՝ որպես հայ ազգի, շատ կարևոր է կենսաբանության դերը, որովհետև մենք իրավունք չունենք մարդիկ կորցնելու, մենք պետք է ունենանք որակյալ բժշկություն, այդ թվում՝ վերականգնողական, առողջ բնություն, էկոլոգիայի արդյունավետ կառավարում, արտադրության բնագավառում հաջողություններ, իսկ այս բոլորի զարգացումն իսկապես պահանջում է կենսաբանական խոր գիտելիքներ և աշխատանք:  
 

Իսկ գիտության և կենսաբանության հանդեպ սերը պետք է սկսվի դպրոցից: Որպես ուսուցիչ՝ ես նախևառաջ սիրում եմ կենսաբանությունն ինքս: Եթե ուսուցիչը սիրում է իր առարկան, պրպտում է, փորձում իմանալ ավելին և իր աշակերտների հետ կիսում այդ պրպտումները՝ առանց ամաչելու: Մեզ մոտ խնդիրը, կարծում եմ, այն է, որ երեխաներն իրենց ուսուցիչներին ընդունում են որպես «հուշարձան», որն այնտեղ կանգնած է, նրան հարցեր տալ չի կարելի, նա ամեն ինչ գիտի և իդեալական է: Սակայն ուսուցիչ-աշակերտ առողջ համագործակցությունը շատ կարևոր է: Աշակերտը պետք է տեսնի քո եռանդը և սերը դեպի առարկան և դրանով ոգևորվի ու խանդավառվի: Ի հավելումն դրա անչափ կարևոր են լաբորատոր աշխատանքները, որոնց մասնակցում է յուրաքանչյուր աշակերտ, և նրա այդ զգացողությունը ոչնչով փոխարինել հնարավոր չէ: Եվ հավատացե՛ք, նույնիսկ ձեռքի տակ եղած ամենապարզ նյութերով կարելի է լաբորատոր աշխատանքներ կազմակերպել՝ ուղղակի ավելի ստեղծագործաբար մոտենալով աշխատանքին:
 

Կրթության գործընթացում նորարար մեթոդներն էական նշանակություն ունեն: Այս համատեքստում «Քան» ակադեմիան ուսուցիչների համար շատ օգտակար կարող է լինել, եթե նրանք անցնեն հետազոտահեն ուսուցման: Երբ ուսուցիչն աշակերտներին տալիս է հարցեր, որոնք Google-ում չկան, նրանք պետք է կարդան գրքեր ու տարբեր ուսումնասիրություններ, այնուհետև դասարանը վերածեն քննարկման հարթակի: Ուսուցիչը չպետք է այդքան ժամանակ ծախսի դասախոսության և դասը բացատրելու վրա, և այն գիտելիքը, որ ուսուցիչը կարող է տալ աշակերտին, նրա փոխարեն տալիս է «Քան» ակադեմիան: Հավատացե՛ք, երեխաների համար այդպես շատ ավելի հարմար է, կարող են «Քան»-ով նորից լսել դասախոսությունը, վարժություններն անել, սխալվել, ապա ուղղել իրենց սխալը և դասարան գալ արդեն իրենց հետաքրքրող հարցերով: Ահա այդտեղ ուսուցիչը կարող է շատ հմտորեն այնպես ուղղորդել, որ աշակերտներն իրար օգնեն, իրար բացատրեն, սկսվի քննարկում ամենատարբեր հարցերի շուրջ և մեծանա երեխաների հետաքրքրությունը: Այսպիսով խնայվում է դասարանային շատ մեծ ժամանակ, որը ծախսվում է կարևոր քննարկումների, պարզաբանումների և բանավեճերի վրա: Իսկ հետաքրքրության մեծացումն արդեն մեկ քայլ է դեպի առաջ»:

 

Զարուհի Կարաբեկյան, «Քան» ակադեմիայի կենսաբանության բաժնի նյութերի մասնագետ, ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի վարիչ, «Այբ» դպրոցի բնագիտական առարկաների խմբի ղեկավար 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին