Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը

Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը

15 Նոյեմբերի / 2019

 

«Այբ» կրթական հիմնադրամը սկսում է «Մեղու» հայերենի մրցույթի միջազգայնացման գործընթացը. նոյեմբերի 23-ին Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը։ «Այբ» կրթական հիմնադրամն այս մրցույթով նպատակ ունի մեծացնելու հայոց լեզվի նկատմամբ սփյուռքահայ երեխաների հետաքրքրությունն ու սերը, նպաստելու սփյուռքում հայապահպանությանը, ազգային արժեքների և մայրենի լեզվի պահպանմանը։

 

Հիմնվելով «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» մրցույթների անցկացման բազմամյա դրական փորձի վրա` «Այբ» հիմնադրամը ստեղծել և 2014 թվականից Հայաստանում և Արցախում անցկացնում է «Մեղու» հայերենի մրցույթը, որի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար, զարգացնել նրանց լեզվամտածողությունը և լեզվագիտական ունակությունները, օգնել աշակերտների ներուժի բացահայտմանը և ինքնադրսևորմանը, նպաստել հայոց լեզվի զարգացմանն ու տարածմանը: 6 տարիների ընթացքում «Մեղուն» ունեցել է 232.000-ից ավելի մասնակից՝ ամբողջ Հայաստանի և Արցախի 1001 դպրոցներից։

Հաշվի առնելով նախորդ տարիներին «Մեղու»-ի գրանցած հաջողությունները և հիմնվելով «Այբ» կրթական հիմնադրամի առաքելության վրա՝ մենք սկսում ենք «Մեղու» մրցույթի միջազգայնացման փորձնական ծրագիրը՝ մրցույթը հասանելի դարձնելով սփյուռքում ապրող մեր հայ երեխաների համար։ «Այբ»-ը «Մեղու»-ի միջազգայնացմամբ  նպատակ ունի իր գաղափարները և կրթական նախաձեռնությունները տարածելու նաև Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս։

 

Հայոց լեզուն հիմնարար միջոց է հայապահպանության համար: Մենք հավատում ենք, որ «Մեղուն» հենց այն նախաձեռնություններից է, որը, նպաստելով մայրենիի նկատմամբ հայ երեխաների հետաքրքրության աճին, կամրապնդի նրանց կապը հայրենիքի հետ։ Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո սփյուռքում լավագույն արդյունքներ արձանագրած երեխաների համար «Այբ» կրթական հիմնադրամը մտադիր է կազմակերպել ճանաչողական այց Հայաստան։

Վրաստանի, Իրանի և ԱՄՆ-ի մեր հայրենակից դպրոցականների համար արդեն ավարտվել է մրցույթի գրանցումը, իսկ Մոսկվայի 3-12-րդ դասարանների մեր երեխաները կարող են գրանցվել մինչև նոյեմբերի 20-ը՝ գրելով meghu@ayb.am էլ. հասցեին։

Մասնակցի՛ր առաջին միջազգային «Մեղու»-ին, գնահատի՛ր սեփական ուժերդ և դարձի՛ր հայերենի «Մեղու» շարժման մի մասնիկ։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին