«Ազգային երգ ու պար» առարկայի մշտադիտարկում դպրոցներում - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Ազգային երգ ու պար» առարկայի մշտադիտարկում դպրոցներում

«Ազգային երգ ու պար» առարկայի մշտադիտարկում դպրոցներում

12 Դեկտեմբերի / 2018

 

Ուսուցիչների եռանդը և ինքնավստահությունը միշտ է՛լ ավելի են մեծանում, երբ դասավանդման ընթացքում ուսուցիչները ստանում են շարունակական աջակցություն: Նրանք պետք է վստահ լինեն, որ կարող են բարձրացնել իրենց հուզող խնդիրները և գտնել լուծումներ: Ուսուցիչներին աջակցություն ցուցաբերելու և «ազգային երգ ու պար» առարկայի դասավանդման որակը բարելավելու համար Ազգային երգ ու պարի ակադեմիան (ԱԵՊԱ), համագործակցելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, սկսեց առարկայի մշտադիտարկման ծրագիրը:

 

Շաբաթներ շարունակ ԱԵՊԱ-ի մասնագետներն այցելում են մարզերի ու Երևանի դպրոցներ, փորձում վերհանել այնտեղ առկա խնդիրները և ուսուցիչներին ուղղորդել կատարողականության բարձրացման հարցում: Հիմնականում ուսուցիչների վերապատրաստում իրականացրած երգուսույցներից և պարուսույցներից բաղկացած խմբերը նոյեմբերի ընթացքում եղել են ավելի քան 50 դպրոցներում, իրականացրել դասալսումներ, ապա քննարկումներ ունեցել ուսուցիչների և տնօրենների հետ:

 

Մշտադիտարկում իրականացվել է Վայոց ձորի, Լոռու, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի մարզերի և Երևանի դպրոցներում: Երևանյան այցելությունների ընթացքում ԱԵՊԱ-ի խմբերին միացել են նաև կրթության և գիտության նախարարության մասնագետները: Դեկտեմբերին ծրագիրն իրականացվելու է նաև Արմավիրի մարզում:

 

Այժմ քննարկվում և ամփոփվում են մշտադիտարկման առաջին փուլի ընթացքում արդեն իսկ կատարված աշխատանքները: 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին