Մասնագիտական կրթության նոր հնարավորություններ մարզերի երիտասարդների համար - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Մասնագիտական կրթության նոր հնարավորություններ մարզերի երիտասարդների համար
  • Մասնագիտական կրթության նոր հնարավորություններ մարզերի երիտասարդների համար
  • Մասնագիտական կրթության նոր հնարավորություններ մարզերի երիտասարդների համար

Մասնագիտական կրթության նոր հնարավորություններ մարզերի երիտասարդների համար

26 Փետրվարի / 2019

Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համագործակցությունը առցանց, անվճար, հայալեզու կրթությունը տանում է դեպի մարզեր՝ ապահովելով որակյալ, 21-րդ դարին համահունչ կրթություն բոլորի համար՝ «հասանելի ամենքին և ամենուր» կարգախոսով։

 

Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում փետրվարի 25-ին տնօրինության և դասախոսական կազմի հետ կայացած առաջին հանդիպումով մեկնարկեց Հայաստանի երեք մարզերում «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի հետ նախատեսված հանդիպումների շարքը։ «Մենք ուզում ենք հնարավորինս տարածել «Քան»-ի գաղափարը, որպեսզի Հայաստանի հեռավոր մարզերում բնակվող աշակերտները, մարդիկ առհասարակ, կարողանան զարգացնել իրենց հմտություններն ու կարողությունները և դրանք գործնականորեն կիրառելու նոր նպատակասլացություն ձեռք բերեն»,- նշում է «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ծրագրի ղեկավար Գայանե Արամյանը։

 

Քոլեջի տնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանի կարծիքով՝ համագործակցությունն առավել պետք է ընդլայնել՝ ընդգրկելով նոր մասնագիտություններ և համագործակցության նոր ձևաչափեր։ Այստեղ սովորող շուրջ 190 ուսանողների կրթության որակի բարելավումը քոլեջի տնօրինության և դասավանդողների հիմնական նպատակն է, և «Քան»-ի գաղափարը հենց դրան է ուղղված։

 

Մարկետինգի և ֆինանսական հաշվարկների դասախոս տիկին Համբարձումյանը նշում է, որ արդեն որոշակիորեն ծանոթացրել է ուսանողներին «Քան»-ի հարթակի հետ, նրանք ոգևորված են, և արձագանքը բավականին դրական է եղել։ «Սովորեցնելու մեթոդը բավականին տարբեր է, և ուսանողները շատ հեշտությամբ են ընկալում նյութն այսպես։ Ես պատրաստվում եմ անպայմանորեն կիրառել այն ուսուցման ժամանակ»։ Ապա շարունակում է. «Դե, ինչպես նաև տանը. մեր երկրորդ դասարանցի աղջկա համար բավականին հեշտ և հարմար է «Քան»-ի տեսանյութերով բազմապատկում սովորելը»։

 

Քոլեջի շուրջ 190 աշակերտների հետ շուտով կայանալիք հանդիպումն արդեն «Քան»-ի գաղափարի՝ բոլորին հասանելի որակյալ կրթության տարածման նոր ուղենիշ կսահմանի։

 

Մյուս մարզերում ևս կկայանան հանդիպումներ՝ ներկայացնելու «Քան» ակադեմիայի ընձեռած հնարավորությունները, և թե ինչպես կարող են սովորողներն ինքնակրթության միջոցով դառնալ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետներ։

 

«Քան» ակադեմիայի մասին

«Հասանելի ամենքին և ամենուր». «Քան» ակադեմիայի կարգախոսն է, որը կրթական առցանց մեկ հարթակում  է համախմբել աշխարհի  190 երկրներից 60 միլիոն մարդու և անհատական կարիքներին համահունչ ինքնակրթվելու, սովորելու, զարգանալու հնարավորություն ընձեռել։

«Քան» ակադեմիայի օգնությամբ հայալեզու սովորողները, ծնողներն ու ուսուցիչները և, ընդհանրապես, ինքնակրթությամբ զբաղվողները կարողանում են անվճար օգտվել աշխարհի առաջատար կրթական ռեսուրսներից մեկից և ստանալ 21-րդ դարին համահունչ հայալեզու կրթություն։ Արդեն ստեղծվել են հայերեն 2000 տեսանյութ, 900 վարժություն և ուսուցողական նյութ, և նախատեսվում է ստեղծել ու տեղայնացնել նաև նոր բաժինների նյութեր:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին