«Այբ»-ը՝ նոր գործընկերության ջատագով - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Այբ»-ը՝ նոր գործընկերության ջատագով
  • «Այբ»-ը՝ նոր գործընկերության ջատագով

«Այբ»-ը՝ նոր գործընկերության ջատագով

24 Փետրվարի / 2021

 

«Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը խոսում է գործընկերության նոր մշակույթի մասին։ Հաջորդիվ կներկայացնենք այն կազմակերպություններին, որոնք, կիսելով մեր գաղափարները, մասնակցել են մեր նախագծերին։

 

«Պրոբոնո». ծանո՞թ բառ է

 

Պրոբոնո (լատ․ pro bono publico՝ «հանուն հանրային բարիքի», արտահայտության կրճատ տարբերակը) գործընկերությունը համագործակցության մի տեսակ է, երբ երկու կազմակերպություններ նպատակների կամ ռազմավարության համատեքստում գտնում են հետաքրքիր համագործակցության եզրեր, որոնք փաստացի տարբերվում են հովանավորչությունից. գործընկերները երկուսն էլ ներդնում են իրենց պրոֆեսիոնալ ռեսուրսը՝ միմյանց օժանդակելու համար: Նմանատիպ գործընկերությունը հատուկ է բիզնեսին և ոչ առևտրային կազմակերպություններին, որոնք միավորվում են շահույթ չհետապնդող մեկ նպատակի շուրջ: Երբ հովանավորչության մասին է խոսքը, հաճախ պատկերացում կա, որ գումարը տալիս ես ու մի կողմ քաշվում, իսկ պրոբոնո գործընկերության պարագայում երկու կազմակերպություններն էլ իրարից սովորում են, իրար հետ աճում, ու դա շատ հարստացնող փորձառություն է երկուսի համար էլ:
 

Ամբողջ աշխարհում նման գործընկերությունը բավականին մեծ թափով է զարգանում, և անչափ ուրախ եմ, որ Հայաստանում ևս զարգանում է այն միտքը, որ շատ կարևոր է աջակցել ոչ առևտրային կազմակերպություններին:

 

Ինչո՛ւ աջակցել շահույթ չհետապնդող կազմակերպություններին

 

Զարգացած աշխարհում ոչ առևտրային կազմակերպությունները տնտեսության երրորդ սեկտորն են, և հստակ գործում է բիզնես, պետություն և ոչ առևտրային կազմակերպություն եռամիասնությունը: Ոչ առևտրային կազմակերպություններն իրենց ճկուն և մասնագիտական ռեսուրսն ուղղում են այն բացերի լուծմանը, որոնց սովորաբար կա՛մ պետության, կա՛մ բիզնեսի ձեռքը չի հասնում։ Կարևոր մի շարք նպատակների համար տարվող արդյունավետ գործընթացներ նախաձեռնում և իրականացնում են հենց ոչ առևտրային կազմակերպություններն ամենատարբեր ոլորտներում՝ բնապահպանություն, մարդու իրավունքների պաշտպանություն, կրթություն և այլն: Եվ աջակցել ոչ առևտրային կազմակերպությանը նշանակում է աջակցել պետությանն ու հանրությանը:

 

Անցած տարին ու համավարակը ցույց տվեցին, որ բոլոր երկրներում էլ կրթության ոլորտում կան բացեր, որոնք ամենաճկուն ու արագ կերպով սկսեցին լրացվել հենց տարբեր մասնագիտական կազմակերպությունների ջանքերով: Շատ-շատերը սկսեցին մտածել կրթության որակի մասին. արդյո՞ք այն որոշակի նշաձող ապահովում է, թե ոչ, և ինչ կարելի է անել, որ այն ավելի լավը դառնա: Յուրաքանչյուր սովորողի և դասավանդողի հասանելի լինելու համար արտոնյալ պայմաններով բազմաթիվ կրթական ռեսուրսներ բացվեցին՝ դրանով իսկ նպաստելով ընդհանուր կրթության որակի բարելավմանը: 

 

«Այբ»-ը՝ նոր գործընկերության ջատագով

 

Մենք՝ որպես հիմնադրամ, ոչ միայն մեր մասնագիտական ոլորտում ենք գործունեություն ծավալում, այլև փորձում նոր մշակույթ բերել Հայաստան նաև գործընկերային հարաբերությունների, հիմնադրամների աշխատանքի, թափանցիկության, վստահության տեսանկյունից: Ժամանակին, երբ ինչ-որ կառույցների համար կարող էր տարօրինակ թվալ հաշվետու լինելը, մենք մշտապես հրապարակում էինք թե՛ ծրագրային, թե՛ ֆինանսական հաշվետվություններ և դրանով, հուսով եմ, օրինակ ենք ծառայել, թե ինչպես պետք է հիմնադրամն աշխատի և իր շահառուների հանդեպ հաշվետու լինի: Թերևս մեր որդեգրած հենց այս մոտեցումն է մեր հանդեպ վստահություն ստեղծել, և մեր նպատակները կարևոր են դարձել ոչ միայն մեր անմիջական շահառուների, այլև մի շարք գործընկեր կազմակերպությունների համար:  

 

Մեզ համար անցած տարին բավական ակտիվ էր պրոբոնո գործընկերության տեսանկյունից. մեր ամենակարևոր հարթակներից մեկը, որը մեզ տրամադրվեց որպես աջակցություն, թույլ տվեց ամբողջությամբ նոր արտադրանք ներկայացնել մեր շահառուներին: Դա զանգվածային մրցույթների առցանց հարթակն է․ այդ գործընկերության շնորհիվ մեր մրցույթները նորից հասանելի դարձան հազարավոր երեխաների: Եվ դա միակ օրինակը չէր: «Բարի ընթրիքի» շրջանակում մեր գործընկերներն աջակցում են մեզ, որպեսզի փոքրիկ ներդրումներով կարողանանք համալրել մեր կրթաթոշակային ֆոնդը և երեխաներին ապահովենք «Այբ» դպրոցում սովորելու հնարավորությամբ: 

Այս օրերին աշխատում ենք «Այբ»-ի 15-ամյակի բրենդինգի ուղղությամբ, դարձյալ ներգրավված է պրոբոնո գործընկեր, և երկու թիմերով աշխատում ենք այս նախագիծը կյանքի կոչել:

 

Մեծ հույս ունեմ, որ այս պրակտիկան ոչ միայն մեզ հատուկ կլինի, այլև կդառնա ամբողջ սեկտորի համար օրինակելի, և մենք նմանատիպ գործընկերություններ ավելի շատ կտեսնենք՝ հանուն հանրային բարիքի ստեղծման:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին