Հայաստանի ներկայացուցիչները Կոստա Ռիկայում - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Հայաստանի ներկայացուցիչները Կոստա Ռիկայում
  • Հայաստանի ներկայացուցիչները Կոստա Ռիկայում
  • Հայաստանի ներկայացուցիչները Կոստա Ռիկայում
  • Հայաստանի ներկայացուցիչները Կոստա Ռիկայում

Հայաստանի ներկայացուցիչները Կոստա Ռիկայում

27 Նոյեմբերի / 2017

Նոյեմբերի 10-12-ը «Այբ» կրթական հիմնադրամի դպրոցական մրցույթների բաժնի աշխատակիցներ, Հայաստանում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) ծրագրի համակարգողներ  Աննա Մխիթարյանը և Արգիշտի Ստեփանյանը մեկնեցին Կոստա Ռիկա, որտեղ որպես դիտորդ մասնակցեցին «ՌՀՕ 2017»-ի միջազգային փուլին։

Այս տարի մրցույթի միջազգային փուլին մասնակցեց 53 երկրի 392 թիմ, որոնք երեք օր շարունակ մրցեցին «Սովորական» (Regular Category), «Բաց» (Open Category), «Ռոբոտների ֆուտբոլ» (WRO Football) և «Ուսանողական» (Advanced Robotics Challenge)  անվանակարգերում։ Տարբեր անվանակարգերում և տարիքային խմբերում հաղթող ճանաչվեցին Մալայզիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Հնդկաստանի, Թաիլանդի և Չինական Թայպեյի թիմերը։

Հատկանշական է, որ այս տարի մեդալների 1/3-ը բաժին ընկավ Ռուսաստանի հավաքականին, որը 5 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ նվաճեց։

«Հայաստանը ՌՀՕ-ին անդամակցող 66 երկրների շարքում է, և Հայաստանի ներկայությունը միջազգային փուլում՝ որպես երկրի, որը մրցույթի ազգային փուլը կազմակերպում է 2016 թվականից, չափազանց կարևոր էր, քանի որ ՌՀՕ-ում տարիների մասնակցություն ունեցած տարբեր երկրներից և նրանց պատվիրակություններից ներառված փորձը կարող է Հայաստանում այս մրցաշարի զարգացման համար կարևոր խթան լինել»,- նշեց Աննա Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ 2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացնում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը, որի հաղթող թիմն այնուհետև հնարավորություն է ստանում մասնակցելու մրցույթի միջազգային փուլին։

Այս տարի մրցույթի հայաստանյան փուլի հաղթող է դարձել «Այբ» դպրոցի «Կայզեն» թիմը:  ՌՀՕ-ի ազգային փուլի հաղթող թիմը միջազգային փուլ մեկնելու համար պետք է հաղթահարի լրացուցիչ ստուգաթեստ և բավարարի որոշակի չափանիշների: «Կայզենը» շատ լավ ելույթ է ունեցել նաև ստուգաթեստին, սակայն թիմի ելույթի արդյունքները մի փոքր չեն բավարարել դրված չափանիշներին, ուստի թիմն այս տարի չի մասնակցել միջազգային փուլին:

Հաջորդ տարի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը կանցկացվի հուլիսի սկզբին Երևանում, իսկ միջազգային փուլը՝ նոյեմբերին՝ Թաիլանդում։

Հայաստանում մրցույթի ազգային փուլի անցկացման բացառիկ հովանավորն է Creative Educational Technologies ընկերությունը (CET)։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին