Ուսուցիչներն ակտիվորեն օգտագործում են «Քան» ակադեմիայի հարթակը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Ուսուցիչներն ակտիվորեն օգտագործում են «Քան» ակադեմիայի հարթակը
  • Ուսուցիչներն ակտիվորեն օգտագործում են «Քան» ակադեմիայի հարթակը
  • Ուսուցիչներն ակտիվորեն օգտագործում են «Քան» ակադեմիայի հարթակը
  • Ուսուցիչներն ակտիվորեն օգտագործում են «Քան» ակադեմիայի հարթակը

Ուսուցիչներն ակտիվորեն օգտագործում են «Քան» ակադեմիայի հարթակը

25 Մարտի / 2019

Մարտի 23-ին «Լոֆթ»-ում կայացավ «Անվճար, առցանց, հասանելի. սովորի՛ր «Քան»-ի հետ» միջոցառումը։ Որտեղի՛ց սկսել, ինչո՛ւ սկսել և ինչպե՛ս սովորել «Քան»-ի հետ. այս հարցերի պատասխաններն ընդգրկող միջոցառումը նպատակ ուներ «Քան» ակադեմիայի հնարավորություններն առավել հասանելի դարձնելու ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին և պարզապես ինքնակրթվող մարդկանց։ Հիշեցնենք, որ «Այբ» կրթական հիմնադրամն իրականացնում է  էլեկտրոնային ռեսուրսների թարգմանության ու ստեղծման նախագիծ, որի շրջանակում 2017 թ.-ից գործում է «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը։ 

 

«Քան» ակադեմիայի երիտասարդ թիմը միջոցառման ընթացքում ներկայացրեց «Քան»-ի ընձեռած հնարավորությունները, բաժինների տեղայնացման բոլոր յուրահատկությունները, կամավորական աշխատանքի կարևորությունը, ինչպես նաև տեսանյութերից օգտվելու հմտությունները։ Հանդիպմանը ներկա էին և ակտիվորեն մասնակցում էին բազմաթիվ ուսուցիչներ, աշակերտներ, ուսանողներ, պարզապես սովորելու ցանկություն ունեցող մարդիկ, ովքեր իրենց խոսքում փաստեցին, որ «Քան» ակադեմիան սովորելու ամենահարմար և արդյունավետ  հարթակներից է, որն ապահովում է որակյալ ուսուցում՝ լրացնելով իրենց  կրթական բացերը։ Ուսուցիչների խոսքով՝ «Քան»-ը լավագույն տարբերակն է նաև  այս կամ այն պատճառով դասերին չհաճախող աշակերտների համար՝ դասերին առցանց պատրաստվելու և դպրոցական ծրագրից հետ չմնալու առումով։

 

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գայանե Արամյանը ներկայացրեց նյութերի տեղայնացման պատմությունը, «Քան»-ի առաքելությունը և նշեց, որ թիմն աշխատում է նոր բաժինների ստեղծման ուղղությամբ։ Հաշվի առնելով, որ հնչեցին նոր առարկաներ ու բաժիններ ստեղծելու և թարգմանելու առաջարկներ, խոսվեց  առաջիկայում «Քան» ակադեմիայի օգնությամբ լեզուներ սովորելու հնարավորության մասին։ «Ծրագրերը շատ են, և մենք մեծ ոգևորությամբ աշխատում ենք իրականացնել այդ բոլոր ծրագրերը։ Առաջիկայում նույնպես սպասվում են այդպիսի միջոցառումներ, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ տեղեկանան ու օգտվեն «Քան»-ի հնարավորություններից։ Մեզ համար անչափ կարևոր է, որ հարթակը հասանելի լինի յուրաքանչյուր մարդու, ով ուզում է սովորել», - ուրախությամբ նշեց Գայանե Արամյանը։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին