Գյումրու ուսուցիչները հաջողությամբ կիրառում են դասավանդման նոր գործիքները - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Գյումրու ուսուցիչները հաջողությամբ կիրառում են դասավանդման նոր գործիքները

Գյումրու ուսուցիչները հաջողությամբ կիրառում են դասավանդման նոր գործիքները

20 Մայիսի / 2021

«Քան» ակադեմիայի հայաստանյան թիմն առցանց 5 աշխատարան անցկացնելուց հետո այցելել էր Գյումրի՝ դիտարկելու վերապատրաստված ուսուցիչների միջոցով հենց դասարաններում հարթակի գործիքները կիրառելու փորձը։ Հիշեցնենք, որ Գյումրու հանրակրթական դպրոցներում բնական և ճշգրիտ գիտությունների առարկաներ (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա) դասավանդող 40 ուսուցչի համար կազմակերպվել է աշխատարանների շարք՝  ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ։ Սա մեր երկրում գիտատեխնիկական ոլորտը զարգացնելու համար «Այբ» կրթական հիմնադրամի հերթական նախաձեռնություններից մեկն է։  

 

Գյումրու տնտեսագիտական վարժարանում, «Օյունջյան» դպրոց-վարժարանում, թիվ 15 և թիվ 7 դպրոցներում, «Պրոգրես» համալսարանի հենակետային դպրոց-վարժարանում ու «Ֆոտոն» վարժարանում անցկացված բաց դասերին նոր հմտություններ ձեռք բերած ուսուցիչները փորձարկեցին «Քան» ակադեմիայի այն բոլոր կրթական տեխնոլոգիաները, որոնք դասապրոցեսը դարձնում են երեխաների համար առավել հետաքրքիր, մասնակցային, փոխգործուն ու ճկուն։ Մասնավորապես կիրառվեցին շրջված դասարանի մոդելը, հենց դասի ընթացքում «Քան» հարթակով առաջադրանք տալու և կատարման ընթացքին ու առաջադիմությանը հետևելու գործիքը, տեսանյութերի ու վարժությունների օգնությամբ նոր թեման բացատրելու հնարավորությունն ու փոխադարձ գնահատման մեթոդները։


Ուսուցիչները մեծ առավելություն են համարում հայալեզու անվճար այս հարթակի հասանելիությունը հատկապես մարզերում՝ հաշվի առնելով նաև, որ այն ուսուցչին ու աշակերտին հավասարապես օգնում է թե դասարանային, թե առցանց և թե հիբրիդային կրթական մոդելում։ Ուսուցիչների ցանկությունը մեկն էր՝ ավելի ու ավելի ընդլայնել հարթակում առարկաների ցանկն ու թեստերի շրջանակը։


Աշխատարանները կշարունակվեն մինչև սեպտեմբեր՝ հաշվի առնելով նաև արդեն կիրառված փորձը և դրա հիման վրա նոր հմտություններ զարգացնելու անհրաժեշտությունը։

 

 

Գյումրու այցը եզրափակվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում աշակերտների համար կազմակերպված հանդիպում-քննարկմամբ, որի ընթացքում «Քան» ակադեմիայի կիրառման մասին երեխաների բոլոր հարցերը ստացան պատասխաններ. այս ծրագրի շրջանակում մենք կաշխատենք նաև 900 աշակերտի հետ։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին