Շնորհակալությո՛ւն, որ սիրեցիք քիմիան, սիրելի մասնակիցներ: - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Շնորհակալությո՛ւն, որ սիրեցիք քիմիան, սիրելի մասնակիցներ:

Շնորհակալությո՛ւն, որ սիրեցիք քիմիան, սիրելի մասնակիցներ:

19 Փետրվարի / 2020

 

Ծանոթացեք Վաչե Ղարիբյանի հետ: Նա առաջին անգամ անցկացվող Քիմիկոսների ուսանողական մրցաշարի մասնակիցներից է, սովորում է  Հայ-ռուսական համալսարանում, դեղագործական-դեղագիտական բաժնի 5-րդ կուրսի ուսանող է:

 

Մրցույթին մասնակցության մասին

«Տեղեկացանք, որ այսպիսի մրցաշար կա, որոշեցինք թիմ կազմել ու ներկայացնել մեր համալսարանը, թիմի անունն էլ որոշեցինք հենց RAU դնել: Իմ մասնագիտությունն ամբողջովին քիմիա է. ինձ թվում է` շատ հետաքրքիր կլինի բոլոր մասնակցող թիմերի համար: Գիտեմ, որ դպրոցականների համար կա նաև Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը, որի բովանդակային շարունակությունն է ուսանողական մրցաշարը: Այս մրցաշարի հարցերն այնպես են ընտրված, որ հետաքրքիր և ընդգրկուն լինեն թե՛ ավագ կուրսեցիների, թե՛ ցածր կուրսեցիների համար։ Ձևաչափը նույնպես նորություն էր ինձ համար»:

 

Մրցույթի հետագա զարգացման մասին

«Մրցույթի հետագա զարգացումը տեսնում եմ միջազգային հարթակներում հանդես գալու և ուսանողների համար նոր հնարավորություններ ստեղծելու մեջ, ինչպես նաև միջազգային լավագույն համալսարանների հետ համագործակցության: Կարծում եմ՝ մրցույթն առաջիկայում նաև տարածաշրջանային կարող է դառնալ՝ համապատասխանելով միջազգային բոլոր չափանիշներին և գիտականությանը: Վստահ եմ՝ հենց այդպես էլ կլինի»:

 

Մրցաշարը նպատակ ունի նաև կապելու գործատուներին այս ոլորտի ուսանողների հետ՝ նպաստելու այս ոլորտում ներգրավված ուսանողների և գործատուների հարաբերությունների ամրապնդմանը:

«Սա շատ յուրօրինակ քայլ է՝ կապելու աշխատաշուկան գործատուների հետ, բավականին լավ և օգտակար մտահղացում է: Կարծում եմ՝ գործատուն այդքան էլ լավ տեղեկացված չէ, թե ինչ մակարդակի վրա է կրթությունը, ինչ ուսանողներ են ներգրավված կրթական գործընթացներում և ինչ ներուժ ունեն նրանք: Եթե այս հարթակը գործի, և՛ գործատուն կիմանա՝ ինչ ուսանողներ և բաժիններ կան այս ոլորտում, և՛ ուսանողներն ավելի շահագրգռված կլինեն ավելի լավ մասնագետներ դառնալու: Հետաքրքրությունը ուսանողների նկատմամբ կստիպի բարելավել նաև ուսումնական գործընթացը՝ շղթայական ռեակցիայի նման»:

 

Քիմիա առարկայի նկատմամբ հետաքրքրության մեծացման վրա մրցաշարի ունեցած ազդեցության մասին

«Ճիշտ է հե՛նց դպրոցից սկսել այդ գործընթացը, ինչն «Այբ» կրթական հիմնադրամն անում է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի շնորհիվ, այնուհետև անդրադառնալ ուսանողությանը և նրանց է՛լ ավելի խրախուսել՝ շարունակելու իրենց կրթությունն այս ոլորտում և դառնալու պահանջված մասնագետներ: Միայն այս դեպքում կիրառական գիտություններով զբաղվելը կլինի և՛  հետաքրքիր, և՛ «նորաոճ»:

 

Վաչեն ցանկանում է շարունակել իր կրթության ճանապարհը. «Դեռևս շատ հեռուն չեմ նայում. հիմա նպատակ ունեմ ընդունվելու ասպիրանտուրա, խորացնելու մասնագիտացումս: Դրանից հետո արդեն կաշխատեմ ունենալ գիտական աստիճան և գիտելիքներս օգտագործել այս ոլորտի զարգացման համար:

Շնորհակալությո՛ւն, որ սիրեցիք քիմիան, սիրելի մասնակիցներ: Կհանդիպենք մրցաշարի ընթացքում»:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին