Արդեն հասանելի է «Քան» ակադեմիայի հեռախոսային հավելվածը նաև հայալեզու սովորողների համար - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Արդեն հասանելի է «Քան» ակադեմիայի հեռախոսային հավելվածը նաև հայալեզու սովորողների համար

Արդեն հասանելի է «Քան» ակադեմիայի հեռախոսային հավելվածը նաև հայալեզու սովորողների համար

18 Դեկտեմբերի / 2019

 

Լավ նորությունները «Քան» ակադեմիայում շարունակվում են։ Մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ արդեն հասանելի է «Քան» ակադեմիայի հեռախոսային հավելվածը նաև հայերեն սովորողների համար: Անվճար, որակյալ հայալեզու կրթական հարթակն առավել հասանելի է դառնում հայ սովորողների համար՝ հնարավորություն ընձեռելով սովորելու ավելի արագ և հարմարավետ եղանակով՝ ձեռքի տակ միշտ ունենալով «Քան» ակադեմիայի հեռախոսային հավելվածը:


2019 թվականի աշնանը հայերենն ընդգրկվել է «Քան» ակադեմիայի այն գլխավոր 13 լեզուների շարքում, որոնք ունեն հեռախոսային հավելված: «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակն իր ողջ ջանքերն է ներդնում որակյալ, ժամանակակից կրթական այս հարթակը մեր սովորողների համար նորարար և ժամանակակից լուծումներով հասանելի դարձնելու համար:


Հեռախոսային հավելվածը կարող եք ներբեռնել և՛ Google Play-ից, և՛ App Store-ից: Ներբեռնելուց հետո պետք է ընտրել հայոց լեզուն և շարունակել սովորել «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի պատրաստած տեսանյութերով:


Հավելվածի գործիքները նախատեսված են միայն սովորողների համար: Այս պահին հեռախոսային հավելվածով հասանելի են մաթեմատիկայի, արվեստի պատմության, անգլերենի քերականության և ձեռնարկատիրության բաժինները:


Հայաստանում սովորողների շուրջ 40%-ն օգտվում է մեր կայքից հեռախոսների միջոցով, ուստի սա լավագույն հնարավորությունն է բոլորի համար՝ հարմարավետ, հեշտ և արագ եղանակով սովորելու «Քան» ակադեմիայի հետ:


«Քան» ակադեմիայի հեռախոսային հավելվածն աշխարհում 13 լավագույն հավելվածներից մեկն է App Store-ում, իսկ Google Play-ում այն ներբեռնվել է ավելի քան 10 միլիոն անգամ:


«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը կրթության ոլորտի նորարարությունները և ժամանակակից լուծումները բերում է Հայաստան՝ բոլորի համար ամենուրեք հասանելի դարձնելու որակյալ կրթությունը:


Դե ի՛նչ, մաթեմատիկա սովորելն այժմ ավելի հեշտ է. ներբեռնե՛ք հավելվածը  և սկսե՛ք սովորել «Քան» ակադեմիայի հետ այսօրվանից:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին