«Պատանի քիմիկոսները», գիտությունն ու Համլետը - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Պատանի քիմիկոսները», գիտությունն ու Համլետը
  • «Պատանի քիմիկոսները», գիտությունն ու Համլետը
  • «Պատանի քիմիկոսները», գիտությունն ու Համլետը

«Պատանի քիմիկոսները», գիտությունն ու Համլետը

13 Մայիսի / 2019

 

Համլետ Խաչատրյանը հանդես է եկել Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի (ՊՔՀՄ) եռակի հաղթող թիմի՝ Վանաձորի «Էվրիկայի» կազմում: «Էվրիկան» ՊՔՀՄ-ին մասնակցում է արդեն 9 տարի, իսկ Համլետն ընդգրկվել է թիմի կազմում 2014 թ.-ից։ Ունի հարուստ գիտելիքներ, զեկուցելու և բանավիճելու հմտություններ. այսպես են բնորոշում Համլետին: Քիմիայի հանրապետական և միջազգային օլիմպիադաների մասնակից է և եռակի բրոնզե մեդալակիր։ Սովորում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, 2018 թ.-ից մրցույթի ժյուրիի անդամ է:

 

Նախքան Համլետի հետ հանդիպումը փորձում եմ հասկանալ, թե որտեղից պետք է սկսել. ՊՔՀՄ-ում Համլետի՝ եռակի հաղթող թիմի անդամ և ավագ լինելո՞ւց, նույն մրցույթում ժյուրիի անդա՞մ, թե՞ միջազգային օլիմպիադաների մեդալակիր լինելուց։

 

Պարզապես քիմիայի և մասնագիտության մասին։ «Դեռ մանկուց շատ էի սիրում քիմիան ու բժշկությունը, գիտությունը։ Միշտ հետաքրքրել է ինձ այդ ոլորտը։ Դրա համար որոշեցի ընդունվել բժշկական համալսարան։ Ամեն օր հասկանում եմ, որ այս ոլորտում ես երջանիկ եմ զգում ինձ»։

 

Համալսարանում հանդիպում ենք ինձ ծանոթ դասախոսներից մեկին. Համլետն ու դասախոսը բարևում են միմյանց։ Հարցնում եմ՝ ճանաչո՞ւմ եք իրար։ «Իհա՛րկե, մեր ամենապայծառ ուսանողներից է»։

 

 ՊՔՀՄ-ի և «Այբ»-ի մրցույթների մասին։ «Ես նաև «Կենգուրուին» և «Ռուսական արջուկին» եմ մասնակցել, բայց հաջողություն չեմ ունեցել. իմը քիմիան է և «Պատանի քիմիկոսները»։ Վերջինս սովորական դասագրքային քիմիայի մրցույթ չէ. այն գիտության մասին է, հարցերի և վերլուծությունների աշխարհի։ Մրցույթը շատ-շատերիս է օգնել բացահայտելու գիտությունը, կարդալու հետազոտություններ, ավելի լայն մտածելու և հարցեր տալու։ Բազմաթիվ լավ ընկերներ ունեմ մրցույթից՝ բոլորը քիմիայի աշխարհից։

Ցավոք, քիմիայի և բնագիտական առարկաների նկատմամբ սերն ու հետաքրքրությունը մեզանում այդքան մեծ չեն։ Այս ուղղություններով մարդիկ խուսափում են շարունակել կրթությունը։ Իսկ Պատանի քիմիկոսների մրցաշարը սեր է սերմանում քիմիայի հանդեպ, տարածում «քիմիական» մշակույթը։ Մեր դպրոցի թիմում ներգրավում էինք նաև ցածր դասարանների աշակերտների, որպեսզի սերնդափոխություն տեղի ունենա, և նրանք էլ նույն հետաքրքրասիրությամբ մոտենան քիմիային և գիտությանը»։ 

 

Միջազգային օլիմպիադաների մասին։  «Մրցույթի ընթացքում հարցերից մեկի շուրջ ուսումնասիրություններ էի կատարել, բազմաթիվ հետազոտություններ կարդացել, ինչն էլ ինձ օգնեց միջազգային օլիմպիադայում դառնալու մրցանակակիր»։

 

ՊՔՀՄ ժյուրիի անդամ լինելու մասին։ «Դե, գրեթե ոչինչ չի փոխվել։ Ուղղակի այս դերում շատ ավելի լավ եմ հասկանում աշակերտներին, նրանց հուզմունքը, ստրեսները և նվիրվածությունը»։

 

Ներկայի և հետագայի մասին։ «Այժմ այս ոլորտի ընկերներով աշխատում ենք մի ստարտափի նախագծի վրա։ Ուզում ենք միջազգային շատ հայտնի մի ոլորտ ներկայացնել Հայաստանում։ Արդեն ունենք որոշակի ֆինանսավորում և արդյունքներ։ Ուզում եմ ապագայում ևս զբաղվել գիտությամբ՝ համատեղելով կլինիկական աշխատանքը և հետազոտությունների աշխարհը։ Իմ կյանքը գիտության, քիմիայի և բժշկության ոլորտում է, և «Պատանի քիմիկոսներն» այդ կյանքի տրամաբանական, անբաժան մի մասնիկն է, իմ ճանապարհի սկիզբը»։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին