«Դպրոցները ղեկավարելու նախկին մեթոդներն այլևս արդիական չեն», Վանդա Թիլոտսոն - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Դպրոցները ղեկավարելու նախկին մեթոդներն այլևս արդիական չեն», Վանդա Թիլոտսոն

«Դպրոցները ղեկավարելու նախկին մեթոդներն այլևս արդիական չեն», Վանդա Թիլոտսոն

04 Օգոստոսի / 2018

Վանդա Թիլոտսոնը Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի պրոֆեսոր է։ Տկն Թիլոտսոնը ԼՀՔ Կրթության ինստիտուտում աշխատում է արդեն շուրջ 14 տարի և ներգրավված է կենտրոնի մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացման գործում։

 

Տկն Թիլոտսոնը նաև ներգրավված է եղել Արարատյան բակալավրիատի դպրոցների ղեկավար կազմի մասնագիտական զարգացման ծրագրի մշակման գործում, որի շրջանակում նաև հանդես կգա որպես վերապատրաստող։

 

Հայաստան կատարած իր վերջին այցի ընթացքում հնարավորություն ունեցանք զրուցելու տկն Թիլոտսոնի հետ և ստորև ներկայացնում ենք վերջինիս հետ զրույցի հիմնական շեշտադրումները։

 

Առաջնորդ լինելը կարևոր է

 

Դպրոցների տնօրեններն օրինակ են ծառայում մյուսների համար, և կարևոր է, որ նրանք լինեն առաջնորդ։ Նրանք են սահմանում օրակարգը, և հենց նրանց նպատակի զգացումը, եռանդը, շահադրդումը (մոտիվացիան) և խանդավառությունն են, որ վարակիչ և ընդօրինակելի են դպրոցի անձնակազմի, ուսուցիչների և աշակերտների համար։ Եթե դպրոցի տնօրենն առաջնորդ է և արդյունավետ է գործում, ապա շատ մեծ է հավանականությունը, որ դպրոցի ողջ անձնակազմը կցանկանա նույն ուղով ընթանալ և միասին աշխատելով ստեղծել համագործակցային միջավայր դպրոցում, որի արդյունքում դպրոցը կբարգավաճի և ավելի սիրելի կդառնա աշակերտների համար։

 

Դպրոցները ղեկավարելու նախկին մեթոդներն այլևս արդիական չեն

 

Դպրոցները ղեկավարելու պահանջները փոխվում են ղեկավարման 20-րդ դարի պահանջներն այսօր այլևս արդիական չեն։ Այսօր աշխարհն արագ փոփոխվում է, և առաջնորդները պետք է խոր պատկերացում ունենան այդ աշխարհի մասին, որը կենտրոնացած է տեխնոլոգիաների, դրանց մշակման ու զարգացման վրա։ Վաղվա աշխատանքներն այսօր հնարավոր չէ ամբողջովին կանխատեսել, և այդ իսկ պատճառով պետք է պատրաստենք առաջնորդներ, որոնք ինքնավստահ են և, նույնիսկ չիմանալով, թե ինչ է սպասում ապագայում, ունակ են ձևավորելու այնպիսի աշակերտներ ու անձնակազմ, որոնք մրցունակ կլինեն ապագայի դեռևս անծանոթ պայմաններում։ Դա նշանակում է, որ տնօրենները պետք է ունենան առաջնորդության որոշակի որակներ։

 

Եվ հենց այդ նպատակն է հետապնդում մեր աշխատանքը Հայաստանում։ Այստեղի տնօրենները գտնվում են որոշակի կետի վրա, և մեր նպատակն այդ տնօրեններին  օգնելն է առաջ քայլելու՝ ընդլայնելու իրենց մտահորիզոնը, դարձնելու ավելի ստեղծարար, ռիսկերի գնացող և պատրաստ՝ բացահայտելու մեր շուրջ կառուցվող նոր աշխարհը։

 

Դպրոցի տնօրենը միակը չէ, որ պետք է ունենա առաջնորդության հմտություններ

 

Դպրոցի տնօրենի աշխատանքում կան որոշակի մարտահրավերներ։ Դրանցից մեկը շահադրդված անձնակազմ ունենալն է՝ անձնակազմ, որը, բացի համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ունենալուց, նաև կզարգացնի առաջնորդության որոշակի հմտություններ։ Դա զարգացման մի մաս է անհրաժեշտ է գիտակցել, թե որտեղ եք հիմա և դեպի առաջ քայլ կատարել։ Կասկածից դուրս է, որ այսօր տնօրենները, փոխտնօրենները և ուսուցիչները պետք է կերտեն ուսումնառության նոր ուղիներ՝ առաջնորդելով ուսումնառության գործընթացը։ Եվ սա առաջնահերթ է։

 

Հայ տնօրենների մասի՞ն

 

Առիթ եմ ունեցել հանդիպելու հայ տնօրենների հետ, որոնք ունեն մեծ հանձնառություն իրենց աշխատանքի հանդեպ և նվիրել են իրենց կյանքը դպրոցին։ Այդ տնօրեններին տեսնելն ու լսելը պարզապես բավականություն է պատճառում, իսկ նրանց ունեցած դերին, կատարած աշխատանքին ու ներդրած ջանքերին ծանոթանալը՝ ոգևորում։ Այս առումով հայ տնօրենները շատ բան ունեն ցույց տալու աշխարհի այլ դպրոցների տնօրեններին, և դա իսկապես տպավորիչ է։

 

Անի Բաբայան

Արարատյան բակալավրիատի հաղորդակցության մասնագետ

 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին