«Ի՞նչ է տալիս կրթությունը. այն կարող է վերափոխել անհատներին ու հասարակությունները հանուն ընդհանուր շահի». Ջոն Յանդել - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Ի՞նչ է տալիս կրթությունը. այն կարող է վերափոխել անհատներին ու հասարակությունները հանուն ընդհանուր շահի». Ջոն Յանդել
  • «Ի՞նչ է տալիս կրթությունը. այն կարող է վերափոխել անհատներին ու հասարակությունները հանուն ընդհանուր շահի». Ջոն Յանդել

«Ի՞նչ է տալիս կրթությունը. այն կարող է վերափոխել անհատներին ու հասարակությունները հանուն ընդհանուր շահի». Ջոն Յանդել

13 Մարտի / 2019

«Այբ» կրթական հիմնադրամը Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL ) Կրթության ինստիտուտի հետ համատեղ մշակել է Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրը։ Արդյունքում  այսօր մենք ունենք (առաջին փուլում) բարձր որակավորում ունեցող 100-ից ավելի ուսուցիչ Հայաստանի ողջ տարածքում։

Կարդացե՛ք UCL-ի Կրթության ինստիտուտի մշակույթի, հաղորդակցման և մեդիայի ֆակուլտետի ավագ դասախոս Ջոն Յանդելի հետ հարցազրույցը։

 

 

- Պարոն Յանդել, հաճախ ենք խոսում կրթության մասին. ի վերջո, ի՞նչ է այն մեզ տալիս։

 

- Կրթությունը միշտ էլ վիճարկելի տարածք է եղել: Կրթությունը նույնը չէ, ինչ դպրոցական ուսումնառության գործընթացները: Վերջիններս, իհարկե, կրթության կարևորագույն ձևաչափերից են, բայց կրթությունը տեղի է ունենում դպրոցական և համալսարանական պատերից այն կողմ նույնքան, որքան և դրանց ներսում: Այդպես եղել է տպագրության, էլ չեմ ասում՝ համացանցի, հայտնագործությունից էլ շատ առաջ ու առավել քան արդիական է՝ իր բոլոր տարբերություններով հանդերձ:  Ի՞նչ է տալիս կրթությունը. այն կարող է վերափոխել անհատներին ու հասարակությունները հանուն ընդհանուր շահի: Այն կարող է ազատարար լինել: Մյուս կողմից, և հաճախ միևնույն ժամանակ, կրթական գործընթացները, հատկապես՝ պաշտոնական կրթության համատեքստում, կարող են ճնշող և պարտադրող լինել: Դրանք կարող են սահմանափակել անհատների զարգացման ներուժը հասարակությունում կամ պարտադրել անհավասար ուժի հիմքով հարաբերություններ և գիտելիքի հասանելիության անհամաչափ բաշխում:  

 

- Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ գիտելիքներ ու հմտություններ պետք է փոխանցեն ուսուցիչներն իրենց աշակերտներին այժմյան աշխարհում:

 

- Փոխանցել ոչինչ պետք չէ. իմ կարծիքով՝ արդյունավետ կրթությունն այդպես տեղի չի ունենում, համենայն դեպս՝ ո՛չ ուսուցչի կողմից սովորողներին գիտելիք ու հմտություն փոխանցելու միջոցով: Շատ հասարակություններում՝ այժմյան աշխարհի մեծ մասում, կրթական որոշ տեսանկյուններից՝ Ձեր հարցը շատ տեղին կլիներ: Եթե, օրինակ, փողոցի անցորդներին հարցնեիք՝ ինչպիսի տեսք ունի կրթությունը, կամ եթե խնդրեիք նրանց այն պատկերել, ապա կարծում եմ՝  կստանայիք հստակորեն կահավորված մի սենյակ, որտեղ մեկը, ում հեշտությամբ կճանաչեիք որպես ուսուցչի, կանգնած կլիներ սենյակի սկզբնամասում, և նրա հետևում հավանաբար գրատախտակ կամ պրոյեկտորի էկրանի նման մի բան կլիներ: Սենյակի մյուս կահույքն էլ վստահաբար նրան ուղղված կլիներ՝ որպես համընդհանուր ենթադրություն, որ սենյակի սկզբնամասի այդ ուսուցչանման անձը, գրատախտակը կամ էկրանանման առարկան ինչ-որ առումով գիտելիքի, անգամ հմտությունների աղբյուր է սենյակի պակաս գիտակ ու պակաս հմուտ ներկաների համար: Կրթության այս մոդելը, իմ կարծիքով, խորապես խնդրահարույց և ապակողմնորոշիչ է: Ինձ շատ ավելի հետաքրքրում են կրթության այն ձևերը, որոնք երկխոսություն և խնդիրների համագործակցային հետազոտություն են ենթադրում: Ես ամենևին չեմ բացառում ցանկալի գիտելիքների ու հմտությունների յուրացման ճանապարհին  համագործակցային հետազոտության մասնակիցների շրջանում տարբեր մոտեցումների, արդյունքների և այլ տարբերությունների ի հայտ գալու հավանականությունը, բայց համագործակցելու ու երկխոսելու այդ փորձն անտեսելը նշանակում է խրախուսել կրթության մեջ ներգրավված մարդկանց՝ ժխտելու սովորողների ներդրումը կրթական գործընթացներում: Հետևաբար, գիտելիքի կամ հմտությունների փոխանցմանը վերաբերող հարցադրումն ինքնին սովորողին ներկայացնում է որպես թերացողի, դատարկ տարայի, կարիքավորի, որին անհրաժեշտ է «լցնել» գիտելիքներով ու հմտություններով, ինչը երբեք կրթական գործընթացի իմ փորձառությունը չի եղել:

 

- Ի՞նչ կարող է անել ուսուցիչը, որ մրցունակ լինի 21-րդ դարում, երբ սովորողները կարող են համացանցից ցանկացած գիտելիք ու տեղեկություն ստանալ: Ինչ-որ առումով՝ արդյոք համացանցն արդեն չի՞ փոխարինել ուսուցիչներին:

 

- Շատերը տարբերակում են «գիտելիք» ու «տեղեկույթ» հասկացությունները: Այո՛, ճիշտ եք, համացանցից կարելի է ահռելի ծավալով տեղեկույթ ստանալ: Ոմանց կարծիքով՝ համացանցից ստացված տեղեկույթի և պաշտոնական կրթության գործընթացների միջև տարբերությունն այն է, որ վերջինիս դեպքում տեղեկությունը դասակարգվում է ըստ գիտելիքի տրամաբանական միավորների, որոնց ճանաչման ու վերարտադրման միջոցով և տվյալների հավաքմանը զուգահեռ՝ գիտելիքն ամրապնդվում ու ընդլայնվում է: Որոշ մարդիկ ահա այս կարծիքին են: «Գուգլ» որոնողական համակարգով կարող ես բազմապիսի տեղեկություններ գտնել, օրինակ, լույսի արագության կամ ձգողականության մասին, բայց այդ տեղեկույթը տիեզերքի գործունեությունը նկարագրող քիչ թե շատ ըմբռնելի մոդելի վերածելու  համար օգտակար է իմանալ ֆիզիկա առարկան, որում դասակարգվում և ընդլայնվում է այդպիսի տեղեկույթը: Իհարկե, այդ ամենի մեջ ճշմարտություն կա, բայց, օրինակ, պատմության, հումանիտար առարկաների, գրականության, գրականագիտության կամ բանասիրության պարագայում այդքան էլ վստահ չեմ, որ դրանց վերաբերյալ առարկայական գիտելիքն իր տեսակով շատ է տարբերվում համալսարանից ու դպրոցից դուրս ստացված գիտելիքից: Կարծում եմ՝ մշակույթի, պատմության, լեզվի կամ գրականության վերաբերյալ գիտելիքը ևս  գիտելիքի կազմակերպված միավորներից է բաղկացած: Ուստի չեմ կարծում, որ ուսուցիչների առարկայական գիտելիքներն էապես տարբերվում են համացանցային տեղեկույթից կամ վերջինից ավելի լավն են. այդ պնդմանը համաձայն չեմ: Սակայն կարծում եմ, որ ուսուցիչների, ավելի ճիշտ՝ դպրոցական կրթության առավելությունը ոչ թե այն է, թե ինչ են ուսուցիչները մատուցում, այլ թե ինչ է մատուցում դպրոցական ուսումնառությունը, որը կատարվում է համատեղ սովորելու համար հատուկ ստեղծված ու նախատեսված տարածքում: 

 

Այսպիսով՝ այստեղ ուսումնառության մեջ մի լավ բան կա, որը պարզապես գիտելիքի յուրացման գործընթաց կամ դրա կազմակերպումը չէ, այլ այն հաղորդակցությունը, որ տեղի է ունենում բարենպաստ պայմաններում՝ այն հաջող օրերին, երբ ամեն ինչ հարթ է ընթանում ու ոչ ոք մյուսի համար խնդիրներ չի ստեղծում: Սա հիմնովին մարդկային, անքակտելի ու փոխկապակցված այն հաղորդակցությունն է, որն ընձեռում է միմյանցից սովորելու, աշխարհն ու մյուսներին ճանաչելու միջոցով սեփական անձը բացահայտելու ու ինքնակատարելագործելու հնարավորություն: Իհարկե, սա միայն դասարանում տեղի չի ունենում, այլև ընտանիքում, աշխատավայրում ու նաև փողոցում, բայց դպրոցական միջավայրը հատուկ նախագծված է նման հաղորդակցային ուսումնառության համար, իսկ ուսուցիչներն իրենց ուրույն դերն ունեն այդ ձևաչափով ուսումնառության կազմակերպման մեջ: Ուսուցիչների մանկավարժական հմտությունը հենց դրանում է. այդ է պատճառը, որ ուսուցիչներին միայն որպես գիտելիքի աղբյուր դիտարկելով՝ անտեսում կամ թերագնահատում ենք նրանց դերակատարությունը աշակերտների հետ մանկավարժական հարաբերություններ հաստատելու գործում: 

 

Ինչպիսի՞ն է լավ ուսուցիչը, և ի՞նչ խորհուրդ կտայիք Հայաստանի ուսուցիչներին:

 

- Գուցե ուսուցիչների այն խումբը (Արարատյան բակալավրիատի), որին հանդիպել եմ, ներկայացուցչական չլինի, բայց դատելով այդ խմբի գիտելիքներից և հմտություններից՝ մեծապես տպավորված եմ: Այդ ուսուցիչները նպատակադրված են ստեղծելու իրենց սեփական փորձը, բաց են տարբեր մեթոդներ փորձարկելու համար և պատրաստակամ՝ կիսելու իրենց փորձը, ինչը հատուկ է ուսումնագործնական համայնքի լավագույն ձևերին, որ կան դասավանդման ոլորտում։

Հանդիպածս ուսուցիչների այդ պատրաստակամությունը՝ կիսելու սեփական փորձի հետազոտության արդյունքներն ու միանալու ինձ տեքստի հետ աշխատանքի ու տեքստերի ստեղծման տարբեր եղանակների ուսումնասիրության աշխատանքներում, շատ ոգեշնչող էր ինձ համար: Հիացած էի այդ հանդիպումներին նրանց ակտիվ մասնակցությամբ: Կարծում եմ՝ նույնիսկ եթե նրանք Հայաստանի ուսուցչական համայնքի ներկայացուցչական մի մասն են կազմում միայն, Հայաստանի կրթությանը, այնուամենայնիվ, պայծառ ապագա է սպասում: 

Իսկ ի՞նչ խորհուրդ կտայի. կասեի. «Ընդգրկվե՛ք նոր ծրագրերում։ Դուք լավ ժամանակ կանցկացնեք ու նաև նոր բաներ կսովորեք»: 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին