«Ինչու վերադառնալ Հայաստան. որովհետև Հայաստանում մենք մեզ երջանիկ ենք զգում». Վարդան Մարաշլյան - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Ինչու վերադառնալ Հայաստան. որովհետև Հայաստանում մենք մեզ երջանիկ ենք զգում». Վարդան Մարաշլյան
  • «Ինչու վերադառնալ Հայաստան. որովհետև Հայաստանում մենք մեզ երջանիկ ենք զգում». Վարդան Մարաշլյան
  • «Ինչու վերադառնալ Հայաստան. որովհետև Հայաստանում մենք մեզ երջանիկ ենք զգում». Վարդան Մարաշլյան

«Ինչու վերադառնալ Հայաստան. որովհետև Հայաստանում մենք մեզ երջանիկ ենք զգում». Վարդան Մարաշլյան

15 Փետրվարի / 2019

«Ինչու վերադառնալ Հայաստան» և «ինչպես ինտեգրվել նոր միջավայրում». այս և այլ հարցերի պատասխաններն էր ներկայացնում «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հաջողության բանաձև» հարթակի հյուր Վարդան Մարաշլյանը, որը «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի համահիմնադիրն ու տնօրենն է։ Մի կառույցի, որի նպատակը յուրաքանչյուր հայրենադարձի խնդրով զբաղվելն է, նրա համար նոր հնարավորություններ բացահայտելը, նաև կարծրատիպերը կոտրելը և հաջողության պատմություններով ոգևորելն ու ցույց տալը, որ դժվարությունները հաղթահարելի են: Հիմնադրամն աշխատում է թե դասական սփյուռքից և թե վերջին մի քանի տարիներին ձևավորված սփյուռքի որոշ հատվածներից հայրենադարձված շուրջ 6.500 մարդկանց հետ։ Արդյունքում ստեղծվել է մի մեծ համայնք, որի շրջանակում միմյանց օգնում են հարմարվելու նոր պայմաններին ու նոր օրենքներին։

 

Լինելով հայրենադարձ և հայրենիք վերադառնալու և, ընդհանրապես, նոր միջավայրում աշխատանք, զբաղմունք գտնելու դժվարություններին քաջածանոթ` Վարդան Մարաշլյանն այդուհանդերձ վստահ է, որ սեփական ապագան պետք է կերտել հայրենիքում և ունի իր սեփական բանաձևը, այն է՝ «ոչ միայն լինել երջանիկ, հաջողակ անհատ, այլ նաև ազդեցություն թողնել սեփական երկրի զարգացման վրա»։ Ներկայացնելով իր փորձը և հայրենիք վերադառնալու որոշումը՝  հյուրն առանձնացրեց այն հիմնական դրդապատճառները, որոնք նպաստեցին վերջնական որոշում կայացնելուն։  «Ես չեմ կարող սպասել, մինչև դաշտը կայունանա. ես պետք է մասնակցեմ դրա կայացմանը։ Ամենակարևորը՝ ես ուզում եմ մասնակցել իմ երկրի զարգացմանը»,- ասաց նա։ Պատասխանելով հարթակի մասնակիցների հարցերին՝ պարոն Մարաշլյանը խոսեց սփյուռքի հետ հարաբերվելու ինստիտուցիոնալ մոտեցման մասին, կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում ինտեգրման միջավայրը բավականին դրական է և տարեցտարի շատանում է սփյուռքի շփումը Հայաստանի հետ, ինչը նպաստում է հայրենադարձությանը։

 

Հարթակի մասնակիցներին Վարդան Մարաշլյանը  խորհուրդ տվեց ավելի համարձակ, նախաձեռնող և ճկուն լինել, ինչպես նաև պատասխանեց նրանց հետաքրքրող բոլոր հարցերին։

 

«Հաջողության բանաձևը» «Այբ» կրթական հիմնադրամի նախագծերից մեկն է (մեկնարկել է 2012 թվականին)։ Այն վարպետության բաց դասերի և ելույթների հարթակ է, որը հայտնի ու հաջողակ մարդկանց կյանքի փորձին ծանոթանալու, նոր գաղափարներով ոգևորվելու, ինքնակրթվելու և զարգանալու հնարավորություն է տալիս։ Նախագիծն  իրականացվում է Skill ընկերության հետ համատեղ։

 

 

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին