Այո՛, ես սիրահարված եմ քիմիային - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Այո՛, ես սիրահարված եմ քիմիային
  • Այո՛, ես սիրահարված եմ քիմիային
  • Այո՛, ես սիրահարված եմ քիմիային
  • Այո՛, ես սիրահարված եմ քիմիային

Այո՛, ես սիրահարված եմ քիմիային

25 Նոյեմբերի / 2019

 

Րաֆֆի Շահմուրադյանը Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի մասնակիցներից է, սովորել է Հերացու անվան ավագ դպրոցում, այժմ 1-ին կուրսի ուսանող է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի բաժնում:

— Իսկ թե ինչու կենսաքիմիա. երևի դա ինձ ամենահոգեհարազատ ոլորտն է: Ուրիշ որևէ այլ ոլորտում ինձ չեմ պատկերացնում, — ասում է Րաֆֆին: — Ես ամեն տեղ փորձում եմ կենսաքիմիա փնտրել: Նույնիսկ շատ մոտ ոլորտներում. եթե, օրինակ, ինձ տանեն կենդանաբանություն, ինչ-որ բան պատմեն ֆիզիոլոգիայից, ես դրա մեջ էլի ու էլի կենսաքիմիա եմ փնտրում: Իմ մտածողությունն է այդպիսին:

Ես Հերացու անվան ավագ դպրոցում եմ սովորել: Հիմա իրականում բոլորը հարցնում են, թե բա ինչու բժշկական չես տվել, կտրվե՞լ ես քննություններից: Ասում եմ՝ չէ՛, սա ստանդարտ պատմություն չէ. դիմել եմ հենց այստեղ և ընդունվել:

Իմ սերը քիմիայի հանդեպ շատ պատահական է ստացվել: Անկեղծ ասած՝ սկզբում որոշել էի բժիշկ դառնալ, սկսեցի պարապել: Սկզբում այսպես էի մտածում քիմիայի մասին՝ արագ սովորեմ, բժշկականի քննությունը տամ, անցնեմ առաջ: Մտածում էի, որ քիմիան անգիր անելու գիտություն է, որ պետք է անգիր անել այդ բոլոր բանաձևերը և ուղղակի տալ քննությունը: Հետո ինչքան շատ էի ուսումնասիրում, այնքան ամեն օր սիրահարվում էի քիմիային: Անկեղծ, ես սիրահարվեցի: Ու մինչև հիմա էլ սիրահարված եմ:

Իսկ Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը ի՞նչ դերակատարություն ունի Ձեր ու քիմիայի սիրո մեջ: 

— Հենց ամենասկզբից ահավոր ոգևորվել էի Պատանի քիմիկոսների մրցաշարի գաղափարով: Ես մասնակցել եմ «Հելիում» թիմի կազմում, իսկ նախորդ մրցաշարին՝ «Օգանեսոնի»: Այս տարի մեր մարզիչը երկու թիմ ներկայացրեց. մեծերի թիմը՝ «Օգանեսոն», փոքրերի թիմը՝ «Հերացի». այնպես ստացվեց, որ փոքրերը հաղթեցին մեզ, և դա ավելի ոգևորիչ էր: Պատկերացրեք՝ մենք անընդհատ խորհուրդներ էինք տալիս նրանց, օգնում պատրաստվելու մրցաշարին, և նրանք հաղթեցին մեզ,- ժպտալով պատմում է Րաֆֆին:

Հիմա էլ, պատկերացրեք, եթե ինչ-որ բան եմ կարդում համալսարանում, մտածում եմ միանգամից Պատանի քիմիկոսների մրցաշարի մասին. ի՞նչ կլինի, եթե ներառենք այս հարցը մրցաշարում: Եվ վստահաբար կարող եմ ասել, որ այս մրցաշարն ինձ անընդհատ դրդել է կարդալու, նոր բաներ բացահայտելու, նորը սովորելու:

Րաֆֆին նաև մեր հավաքական թիմի կազմում մասնակցել է Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշարին: Թիմն այդ տարի վերադարձավ երրորդ կարգի դիպլոմով, Րաֆֆին՝ անվանական պատվոգրով:

— Այդ ամենը մեզ համար ուղղակի անակնկալ էր: Նույնիսկ չէինք պատկերացնում, թե ինչ է մեզ սպասում: Այդքան մարդիկ, որ խոսում են քիմիայի մասին, ապրում այդ ամենով, և այդ ամեն ինչը՝ այնքան բնական՝ իր մեջ քիմիական շունչ ունեցող: Անկախ քո կամքից՝ ոգեշնչվում ու ոգևորվում ես. այդ միջավայրը, մարդիկ, ամեն ինչ քիմիայի մասին է:

Իսկ Ձեր կուրսում կա՞ն մարդիկ, որ Պատանի քիմիկոսների մրցաշարի հետ որևէ առնչություն են ունեցել:

— Իրականում «պատանի քիմիկոսներն» ամենուր են,— ծիծաղը հազիվ զսպելով՝ պատմում է Րաֆֆին: — Իմ կուրսեցին էլ է Պատանի քիմիկոսների մրցաշարի մասնակից: Կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասնակից է, այ էս տարվա հաղթող թիմի ավագն առաջին փուլում ինքն է եղել: Մի անգամ գրախոսության տարա իմ գրավոր աշխատանքը քիմիայի ֆակուլտետի դեկանատ: Երբ ներս մտա, աշխատակիցներից մեկը միանգամից հարցրեց՝ դու «Օգանեսոն» թիմի ավագը չե՞ս: Պարզվեց՝  փոխդեկանը՝ Գալստյան Արմենը, հենց մեր ժյուրիի անդամներից մեկն է: «Պատանի քիմիկոսներն» ամենուր են:

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ազդեցություն ունի Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը քիմիայի տարածման վրա:

— Մրցաշարն այս ոլորտում եզակիներից է: Ով որոշակիորեն կապ ունի քիմիայի հետ, անպայման գիտի Պատանի քիմիկոսների մրցաշարի մասին: Ինձ շատ է ոգևորում այն փաստը, որ մասնակից դպրոցներն ավելացնում են իրենց թիմերը: Մի դպրոցին մի թիմը այլևս չի բավարարում: Դպրոցներ կան, որ նախկինում մասնակցում էին մեկ թիմով, այժմ նույնիսկ երեք-չորս թիմը բավական չէ:

Ամենահաճելին այն է, որ ես չեմ կարող կապերս խզել այս մրցաշարի հետ. ուսանողական բաց մրցաշար է սպասվում, որին հենց ուսանողները կարող են մասնակցել: Համալսարանում անընդհատ խոսում եմ այդ մասին, հորդորում թիմեր կազմել և անպայման մասնակցել ուսանողական մրցաշարին:

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին