Պատանի քիմիկոսների մրցաշարի համայնքի աշխատաժողովը մրցաշարից առաջ - Նորություններ | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Պատանի քիմիկոսների մրցաշարի համայնքի աշխատաժողովը մրցաշարից առաջ

Պատանի քիմիկոսների մրցաշարի համայնքի աշխատաժողովը մրցաշարից առաջ

20 Ապրիլի / 2021

Պատանի քիմիկոսների մրցաշարին ընդառաջ «Այբ» կրթական հիմնադրամը կազմակերպել էր աշխատարան մարզիչների և մրցաշարի թիմերի անդամների համար՝ «քիմիական» մարտերին լավ պատրաստվելու և տպավորիչ արդյունքներ ունենալու համար։  Պատանի քիմիկոսների ազգային և միջազգային մրցաշարերին մասնակցած և բազմիցս հաղթած թիմերի մարզիչ Սոնա Սիմոնյանն աշխատարանի 57 մասնակիցներին (աշակերտներ և մարզիչներ) ներկայացրեց իր փորձն ու դիտարկումները։ Նրան էին միացել նաև մրցաշարին որպես աշակերտ, հետագայում որպես ուսանող մասնակցած, ինչպես նաև միջազգային մրցաշարերում ներկայացած Րաֆֆի Շահմուրադյանը և Էմմա Մարտիրոսյանը, ովքեր խոսեցին մասնակիցների տեսանկյունից մրցաշարին պատրաստվելու նրբությունների մասին։  

 

Սոնա Սիմոնյանը Պատանի քիմիկոսների մրցաշարերում ներգրավված է 2012 թվականից․ այս ընթացքում հասցրել է մարզել տարբեր դպրոցների տարբեր թիմեր։ Մասնակցության տարիներին տիկին Սիմոնյանը կուտակել է հարուստ փորձ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մրցաշարերից և պատրաստ էր կիսել փոքրիկ նրբություններն ու գաղտնիքները, որոնք կօգնեն և՛ նորեկ թիմերին, և՛ փորձառու թիմերին ավելի լավ պատրաստվելու և մասնակցելու։  Տիկին Սիմոնյանը մատնանշեց մրցաշարին մասնակցելու համար գիտական պատրաստվածության կարևորությունը, գիտական գրականության ընթերցանության, ինչպես նաև մաթեմատիկայի և բնագիտական առարկաների իմացության անհրաժեշտությունը։ Մարզիչը կարևոր է համարում նաև բանավիճելու լավ հմտություններն ու գեղեցիկ խոսքը, ինչպես նաև մարզիչների դերը երեխաներին ոգեշնչելու՝ նրանց մեջ գիտության հանդեպ սեր առաջացնելու գործում։ Ոչ պակաս կարևորվեց նաև բանավեճերի դիտարժանության ապահովումը:

 

Այս տարվա Պատանի քիմիկոսների մրցաշարի վարողներից և խաղարկվող հարցերի հեղինակներից Րաֆֆի Շահմուրադյանը մասնակիցներին փոխանցեց գործնական խորհուրդներ և ներկայացրեց մրցաշարին պատրաստվելու իր «ալգորիթմը»։ Րաֆֆին նախորդ մրցաշարին խաղարկված «Ալկալոիդներ» հարցի օրինակով բացատրեց մասնակիցներին, թե ինչպես է պետք բանալի բառերի միջոցով փնտրել և գտնել հավաստի գիտական հոդվածներ, ինչպես դասակարգել և ծաղկաքաղ անել հոդվածներից՝ խոսքը հնարավորինս համոզիչ կառուցելու համար։ Հաջորդիվ քիմիայի միջազգային մրցաշարի մասնակից Սոնա Սարգսյանը ներկայացրեց խաղարկված թեմաներից մեկը, որին հետևեցին ելույթի ընդդիմախոսությունը և գրախոսությունը: Այդ գործընթացներն իրականացնող Րաֆֆին և Էմման ցուցադրեցին ընդդիմախոսելու և գրախոսելու իրենց հմտությունները, հարց տալու և պատասխանելու առանձնահատկությունները։


Աշխատարանի կազմակերպիչները, բանախոսները և մասնակիցներն ընդգծեցին Պատանի քիմիկոսների մրցաշարի նշանակությունը սովորողների համար քիմիան փոքր տարիքից հետաքրքիր դարձնելու, հետագայում նաև որպես մասնագիտական ուղղություն ընտրելու համար։ 


Հիշեցնենք, որ Պատանի քիմիկոսների մրցաշարի եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 9-ին, և քիմիայի բոլոր սիրահարները կարող են հետևել տպավորիչ մարտերին «Այբ» կրթական հիմնադրամի ֆեյսբուքյան էջով։

Ծանոթացի՛ր մեր ծրագրերին