«Այբ» կրթական հանգույց - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Այբ» կրթական հանգույց
  • «Այբ» կրթական հանգույց
  • «Այբ» կրթական հանգույց

«Այբ» կրթական հանգույց

«Այբ» կրթական հանգույցը «Այբ» հիմնադրամի կարևորագույն և խոշորածավալ ծրագրերից է: Այն Հայաստանում առաջին դպրոցական ավանն է, որի յուրաքանչյուր տարր կրում է կրթության հետ կապված բովանդակություն և նպաստում ուսյալ, մրցունակ, առաքինի սերնդի ձևավորմանը: «Այբ» կրթական հանգույցը կրթվող համայնքի միջավայր է, ուր խաչաձևվում են մանկավարժությունը, գիտությունը, արվեստը, գործարարությունը և հասարակական կյանքի այլ ոլորտներ: Մենք ձգտում ենք իրական կապ ստեղծել կյանքի զարգացման առաջատար ուղղությունների ու կրթության միջև և ուսումնառության գործընթացը չսահմանափակել սոսկ գիտելիքների փոխանցմամբ:

 

«Այբ» կրթական հանգույցի ճարտարապետական յուրօրինակ լուծումները հայ ճարտարապետների և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ու Հարվարդի համալսարանի առաջատար մասնագետների ու գիտնականների համատեղ աշխատանքի պտուղ են: Ճարտարապետական նախագծում հաշվի են առնվել դպրոցաշինության արդի զարգացումները և համաշխարհային փորձառությունը: «Այբ» հանգույցը յուրատեսակ փոքրիկ ավան է՝ իր բոլոր ենթակառուցվածքներով` դպրոց, գիտության ու տեխնոլոգիայի կենտրոն, ֆաբլաբ, եկեղեցի ու համայնքային կենտրոն, մանկապարտեզ, սպորտային համալիր, հանրակացարաններ, կանաչապատ տարածքներ և այլն: Այն զբաղեցնում է 6,95 հա հողատարածք Երևանի Արաբկիր վարչական շրջանում, Թբիլիսյան խճ. 11/11 հասցեով: Հանգույցը նախատեսված է 800 աշակերտի համար և ունի եռաստիճան համակարգ՝ տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-9-րդ դասարաններ) և ավագ (10-12-րդ դասարաններ) դպրոցներ:

 

«Այբ» կրթական հանգույցի առանցքային բաղադրիչը դպրոցն է: Դպրոցը մենք դիտում ենք որպես ոչ միայն գիտելիքներ ու հմտություններ փոխանցող հաստատություն, այլ առավել լայն՝ գոյաբանական համատեքստի մեջ: Դպրոցը հասարակական կյանքի ամենահիմնարար հասկացությունն է: Դպրոցում է ձևավորվում մարդը՝ որպես հասարակության անդամ և որպես որոշակի ընդհանրական գիտակցություն կրող, դպրոցը տվյալ ժողովրդի ժառանգության և համամարդկային ձեռքբերումների փոխանցման հանգույցն է:

 

Այսօր գործում են «Այբ» տարրական, միջին և ավագ դպրոցները (4300 քմ ընդհանուր մակերեսով)՝ հագեցած ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով ու լաբորատորիաներով, ուսումնառությանը տրամադրող գեղեցիկ ու հարմարավետ շենքային պայմաններով: «Այբ» կրթական հանգույցը մոտակա մի քանի տարիներին զարգանալու է նոր բաղադրիչների կառուցմամբ և գործարկմամբ: Արդեն հաստատված են ամբողջ կրթական ավանի ճարտարապետական նախագիծն ու գլխավոր հատակագիծը՝ «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի հեղինակությամբ։ Դպրոցին կից բացվել է ֆաբլաբ՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծած արհեստանոց-լաբորատորիա, որտեղ աշակերտները տեսականը կիրառում են գործնականորեն: Շարունակվում է ավանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու և համայնքային կենտրոնի շինարարությունը: Հաջորդ փուլով մեկնարկելու է նոր ավագ դպրոցի (մոտ 10.000 քմ մակերեսով) կառուցման ծրագիրը, որն ունենալու է ավելի հզոր կրթական, գիտական, սպորտային պայմաններ ու հնարավորություններ: Ապա գալու է նոր տարրական դպրոցի (մոտ 6000 քմ մակերեսով) շինարարության հերթը: Իսկ այսօրվա մասնաշենքերը ապագայում ծառայելու են միջին դպրոցին: Զուգահեռաբար ամբողջացվում և լրամշակվում է գիտության ու տեխնոլոգիայի կենտրոն-թանգարանի ծրագրի հայեցակարգը, ընթանում են բանակցություններ հովանավորների հետ:


«Այբ» կրթական հանգույցը («Այբ» դպրոցը) հոգաբարձուների խորհրդի կողմից ղեկավարվող հիմնադրամ է և հասարակական կառույց: «Այբ»-ը չունի սեփականատերեր և բաժնետերեր: «Այբ» ավագ դպրոցը ոչ պետական ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է Հայաստանում, և աշակերտների ավելի քան 70%-ը ամեն տարի ստանում է կրթաթոշակ (ուսման վարձի փոխհատուցում):

 

Համագործակից կառույցներ

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.

 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Հարվարդի համալսարան, Դիզայնի բարձրագույն դպրոց
«Ստորակետ» ճարտարապետական արհեստանոց

 

Ավելին

3.222.923.000 ՀՀ դրամ

կամ 7.922.679 ԱՄՆ դոլար արդեն ներդրվել է «Այբ» կրթական հանգույց» ծրագրում

2010-2015 թթ. ընթացքում

  • «Այբ» կրթական հանգույց
  • «Այբ» կրթական հանգույց
  • «Այբ» կրթական հանգույց
  • «Այբ» կրթական հանգույց

7 հա տարածք՝

իր 8 կրթական բաղադրիչներով, նախատեսված 800 աշակերտի համար

190 բարերար 10 երկրից

արդեն միացել է «Այբ»-ի դպրոցաշինության ծրագրին (2016 թ. հուլիսի 31-ի դրությամբ)

7.000 քմ

ուսումնական մակերես՝ «Այբ» դպրոցի գործող երեք մասնաշենքում

«Այբ» կրթական հանգույցի բաղադրիչները

1

Դպրոց

Դպրոցում է ձևավորվում մարդը որպես հասարակության անդամ և որպես որոշակի ընդհանրական գիտակցության կրող, դպրոցը տվյալ ժողովրդի ժառանգության և համամարդկային ձեռքբերումների փոխանցման հանգույցն է:

 

2

Եկեղեցի և համայնքային կենտրոն

«Այբ» կրթական ավանում եկեղեցու առկայությունը խորհրդանշում է ճանաչողության ու բարոյական արժեքների կապը: «Այբ» դպրոցը աշխարհիկ դպրոց է, և Սրբոց Թարգմանչաց եկեղեցին գործելու է ոչ թե դպրոցին կից, այլ լինելու է մեծ կրթական ավանի մի մասը:

 

3

Ֆաբլաբ

Ֆաբլաբը արհեստանոց-լաբորատորիա է, որը աշակերտներին հնարավորություն է տալիս գիտահետազոտական աշխատանքներ կատարելու ռոբոտաշինության, ճարտարագիտության, տեխնոլոգիայի, մեքենաշինության և այլ ոլորտներում, ինչպես նաև ստեղծում է հետազոտությունների նոր հարթակ երիտասարդ հայ գիտնականների համար:

 

4

Գիտության և տեխնոլոգիայի կենտրոն

Կենտրոն-թանգարանը մի նոր հարթակ է, որը կխթանի երիտասարդների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրությունը, փորձարարական գիտությունների ուսումնասիրման գործում փորձերի կատարումը, ուսուցիչների մասնագիտական զարգացումը:

 

5

Սպորտային համալիր

Առողջ մարմնում՝ առողջ ոգի և առողջ միտք: «Այբ» կրթական ավանում գործող մեծ սպորտային համալիրը կբավարարի սպորտի պարտադիր առարկաների, առողջ ապրելակերպի և ակտիվության պահանջները:

 

6

Մանկապարտեզ

Նախադպրոցական տարիքի երեխաները ներգրավվում են ամբողջական կրթության գաղափարի մեջ: Մանկապարտեզի նպատակն է բացահայտել և զարգացնել երեխաների ներուժը՝ ամրացնելով ճանաչողության նկատմամբ սերը:

 

7

Հանրակացարաններ և հյուրատուն

Նախատեսված են Հայաստանի մարզերից և արտերկրից աշակերտների, հրավիրյալ դասախոսների ու ուսուցիչների, ավանի հյուրերի համար:

 

8

Կանաչապատ տարածքներ

Կանաչապատ հատվածները շրջապատում են դպրոցը՝ ծառայելով որպես հանգստի գոտի, համայնքի հավաքատեղի, ինչպես նաև ուսման և առողջ ապրելակերպի համար բարենպաստ միջավայր: