«Այբ» դպրոց - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց

«Այբ» դպրոց

«Այբ» դպրոցը բյուրեղացումն է հայ դպրության լավագույն ավանդույթների և համաշխարհային կրթության բարձրագույն նվաճումների: Այն սովորելու մի նոր միջավայր է, ուր ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել: «Այբ» դպրոցի առաքելությունն է ձևավորել ուսյալ, առաքինի, պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդների սերունդ:

 
«Այբ» դպրոցը եռաստիճան է՝ տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-9-րդ դասարաններ) և ավագ (10-12-րդ դասարաններ) դպրոցներ: Դպրոցում սովորում է ընդհանուր 352 աշակերտ (2016 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ), որոնց թվում են ինչպես ՀՀ, այնպես էլ արտերկրի (ընդհանուր թվի մոտ 10%-ը) քաղաքացիներ: Ամբողջ «Այբ» կրթական ավանը նախատեսված է 800 աշակերտի համար:
 

Դպրոցը մենք դիտում ենք որպես ոչ միայն գիտելիքներ ու հմտություններ փոխանցող հաստատություն, այլ հասարակական կյանքի ամենահիմնարար հասկացություն: Դպրոցում է ձևավորվում մարդը՝ որպես հասարակության անդամ և որպես որոշակի ընդհանրական գիտակցության կրող, դպրոցը տվյալ ժողովրդի ժառանգության և համամարդկային ձեռքբերումների փոխանցման հանգույցն է: Դպրոցը ոչ միայն համայնք է ինքնին, այլ առավել լայն համայնքի՝ հասարակության, ժողովրդի կենսական գործունեության կենտրոն: Դպրոցական ակումբները կրթվող համայնքի զարկերակներն են: Դպրոցական թատրոնը, կինոթատրոնը, ցուցասրահները, գրադարանները, այգիները համայնքի մշակութային կյանքի կարևոր գործառույթներ ունեն:

 

Երեխան գալիս է դպրոց ոչ թե ապագայում գործածվելիք գիտելիքներ ստանալու, այլ սովորելու այն, ինչ պետք է այսօր: Նա գալիս է ոչ թե անհաղորդ դիտորդ լինելու, այլ մասնակցելու, բացահայտելու իր ներուժը, ստեղծագործելու, ուրախանալու իր ստեղծածի արդյունքով: Միայն այդ դեպքում երեխան կզգա ուսման և կյանքի կապը, հետաքրքրված կլինի ճանաչելու և ստեղծագործելու: Ուսուցիչները նույնպես պետք է լինեն կրթվող համայնքի մասնիկը և դպրոց գան սովորելու նպատակով: Ուսուցիչները պետք է սովորեցնելով սովորեն և սովորելով սովորեցնեն: Ուսուցչի աշխատանքը պետք է սկսվի ու վերջանա դպրոցում: Միայն այս դեպքում առարկայի մատուցումը կունենա ջերմություն և անընդհատ կարտացոլի տվյալ առարկայի ոլորտում տեղի ունեցող զարգացումները:

 

Նոր կրթական ծրագիր

«Այբ» դպրոցի բացմանը նախորդող հինգ տարիների ընթացքում հիմնադրամի մասնագետները աշխատել են դպրոցի ներքին ճարտարապետության ու կրթական ծրագրի մշակման, փորձարկման ու կատարելագործման վրա: Դեռևս 2006 թվականից «Այբ» հիմնադրամի առաջին ծրագրի՝ «Առարկայական խորացված դասընթացների» շրջանակներում ծնունդ առավ «Այբ» դպրոցի կրթական հիմքը՝ այսօր արդեն «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) անունը ստացած և Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես որպես այլընտրանքային կրթական հարթակ ճանաչված ծրագիրը: ԱԲ-ը համաշխարհային մակարդակով մրցունակ և խստապահանջ ուսումնական ծրագիր է՝ նախատեսված ժամանակակից պետական և մասնավոր կրթական հաստատությունների համար: ԱԲ-ի միջազգային ճանաչման գործընթացը, որն իրականացվում է բրիտանական հեղինակավոր կրթական հաստատությունների հետ համագործակցությամբ, ավարտվել է 2016 թ. ամռանը: ԱԲ-ի ծրագրում համադրվում են մի շարք հիմնական և ընտրովի առարկաներ, այդ թվում՝ մաթեմատիկա, բնագիտական առարկաներ, պատմություն, հասարակագիտական առարկաներ, լեզուներ և արվեստ։

 

ԱԲ-ի ծրագրի շնորհիվ հայ երեխաները, սովորելով հայկական դպրոցներում, հայերենով, ստանում են միջազգային բոլոր խստապահանջ չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն, որի ավարտական հավաստագիրն ընդունելի ու ճանաչելի կլինի թե՛ տեղական, թե՛ միջազգային բուհերի կողմից:

 

Ուսուցիչներ
«Այբ» դպրոցի ուսուցչական կազմը համալրելիս մենք մեր առջև խնդիր ենք դրել դպրոց բերել մարդկանց, ովքեր դպրոցին պետք են, սակայն գուցե չեն դիտարկում դպրոցը որպես գործատու, ովքեր հասարակական կարևոր ոլորտների ու հաստատությունների լավագույն մասնագետներ են և կարող են ոչ միայն իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել աշակերտին, այլև օրինակ դառնալ նրա համար, վառել նրա մեջ ուսման հանդեպ կրակը, սովորեցնել նրան սիրել առարկան: Կրթական հանգույցի ստեղծագործական ծրագրերի մեջ ներգրավված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` գիտնականներ, արվեստագետներ, գործարարներ` ապահովելով դպրոցի կապը կյանքի և տեխնոլոգիաների նորագույն զարգացումների հետ: Դպրոցն ունի 94 ուսուցիչ, որից 21-ը՝ գիտ. դոկտոր և թեկնածու, 2-ը՝ արվեստի վաստ. գործիչ, 5-ը՝ սպորտի վարպետ, իսկ ուսուցիչներից 35-ն ունի 10-ից ավելի տարվա աշխատանքային փորձ:

 

«Այբ» դպրոցն այսօր ունի ուսուցչական ուժի գերհագեցում: Մեր ուսուցիչների կազմն ավելի մեծ է, քան պետք է այսօր դպրոցին: Եվ դա արված է մտածված. «Այբ» դպրոցն այսօր գործում է որպես ուսուցչական ու դասավանդման լավագույն տեխնոլոգիաների ու մեթոդաբանությունների ստեղծման ու փորձարկման լաբորատորիա, որտեղից, շնորհիվ «Այբ» հիմնադրամի ու ՀՀ կառավարության համատեղ իրականացվող տասնամյա համազգային ծրագրի, այդ փորձը տարածվելու է դեպի Հայաստանի ու Արցախի այլ դպրոցներ:

 

Այսօր «Այբ» դպրոցը գործում է որպես ուսուցիչների վերապատրաստման կենտրոն և դասավանդման լավագույն փորձի ստեղծման լաբորատորիա:

 

Կրթաթոշակային համակարգ

«Այբ» դպրոցի ավագ բաղադրիչը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է: «Այբ» ավագ դպրոցում կիրառվում է կրթաթոշակային համակարգ՝ նպատակ ունենալով ապահովել տաղանդավոր երեխաների անկախությունը ծնողների ֆինանսական հնարավորություններից և հավասար հնարավորություններ տալ բոլոր ընդունված աշակերտներին: «Այբ» հիմնադրամը հայթայթում է ֆոնդեր՝ անհատ բարերարների ու կազմակերպությունների նվիրատվություններից, որպեսզի որևէ աշակերտ, որ ընդունվել է «Այբ» ավագ դպրոց, չզրկվի այստեղ սովորելու հնարավորությունից ֆինանսական պատճառներով: «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 70%-ը ամեն տարի «Այբ» հիմնադրամից ստանում է կրթաթոշակ (ուսման արժեքի փոխհատուցում):

 

Աջակիցների համայնք

«Այբ»-ի՝ կրթությամբ վերափոխվելու գաղափարն այսօր համախմբել է մարդկանց, ովքեր կյանքում կայացել են կրթության շնորհիվ և իրենց ժամանակը, ֆինանսական միջոցներն ու հեղինակությունը ներդնում են հայկական կրթության զարգացման գործում: Այն, ինչ երեկ երազանք էր թվում, այսօր իրականություն է շնորհիվ այս մարդկանց ստեղծարար հավատի ու համագործակցության: «Այբ» դպրոցը, որը երկրի կրթական նորագույն զարգացումների ուղենիշ է, կյանքի է կոչվել բազմաթիվ գաղափարակիցների, բարերարների ու աջակիցների վստահության ու պտղաբեր ջանքերի շնորհիվ: Այսօր «Այբ»-ի դպրոցաշինության ծրագրին մասնակից մարդկանց այս ցանցը գործում է որպես մենտորական հզոր համակարգ, ուր ամեն մեկը, օգտագործելով իր գիտելիքը, փորձն ու կապերը, նպաստում է նոր տաղանդների բացահայտմանն ու զարգացմանը՝ այն համոզմամբ, որ վաղը կայանալուց հետո նրանք էլ ձեռք կմեկնեն իրենցից հետո եկողներին: Այս վառ անհատականություններից յուրաքանչյուրի ներդրումը «Այբ»-ի դպրոցաշինության ծրագրում անգին է:

 

Համագործակից կառույցներ

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.

 

«Արթին Վարուժան» ՓԲԸ 
«Արևորդի»
Բերքաբերի միջնակարգ դպրոց
«Զատիկ» երեխաների ցերեկային խնամքի կենտրոն
«Էյ Թի Փի» բարոգործական հիմնադրամ 
Հայաստանի Բրիտանական խորհուրդ
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամ (COAF)
Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Հայաստանի ամերիկյան համալսարան
«Մակադամյան» ընկերություն
«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»
«Մելինեթ» ընկերություն
«Սահման» ՀԿ
ՍերվիսՏիտան
«Սպայկա» ՍՊԸ
«Վէմ» ռադիոկայան
«ՎԳեյթ» ՍՊԸ
«PanArmenian» ֆոտոգործակալություն
«SFL» ընկերություն
«VOLO» ընկերություն

Ավելին

42

առարկա 8 առարկայախմբում և 8 նախագծային առարկա դասավանդվում է «Այբ» ավագ դպրոցում,

27 և 17 առարկա դասավանդվում է, համապատասխանաբար, միջին ու տարրական դպրոցներում:

  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց
  • «Այբ» դպրոց

94 ուսուցիչ

21-ը՝ գիտ. դոկտոր և թեկնածու, 2-ը՝ արվեստի վաստ. գործիչ, 5-ը՝ սպորտի վարպետ

70%+ կրթաթոշակառու

«Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է:

756.480.348 ՀՀ դրամ

«Այբ» հիմնադրամը տրամադրել է «Այբ» ավագ դպրոցին՝ որպես կրթաթոշակ (ուսման վարձի փոխհատուցում) 2011-2016 ուստարիներին:

«Այբ» դպրոցի կրթական փիլիսոփայությունն ու գործունեության կազմակերպումը խարսխված են հետևյալ ութ հիմնական սկզբունքի վրա:

1

Ամբողջական կրթություն

«Այբ»-ի նպատակն է՝ ձևավորել համակողմանի զարգացած, հոգեպես հարուստ և առողջ մարդկանց: «Այբ» դպրոցում համադրվում են գիտությունները, հումանիտար առարկաները, արվեստներն ու սպորտը:

 

2

Խորացված կրթություն

Մենք աշակերտին հնարավորություն ենք ընձեռում խորանալու իր նախընտրած առարկաների մեջ, ուսումնասիրելու, ստեղծագործելու իրեն հետաքրքրող ուղղության մեջ:

 

3

Արժեքներ

Մեր նպատակն է՝ ձևավորել ոչ միայն գիտելիքներով զինված մարդ, այլև բարոյապես մաքուր, սեփական ինքնությանը հաղորդ, պատկանելության և պատասխանատվության գիտակցություն ունեցող քաղաքացի: Դպրոցը, բացի գիտելիքի փոխանցումից, ունի արժեքների փոխանցման ու դաստիարակության կարևորագույն գործառույթ:

 

4

Համայնք

«Այբ»-ի ամենամեծ հարստություններից մեկը նրա շուրջ համախմբված բարերարներն են, ում ներկայությունը դպրոցում անգնահատելի կերպարային ազդեցություն է թողնում աշակերտների վրա և տալիս կրթությամբ կայանալու ցանկություն:

 

5

Միջավայր

«Այբ» դպրոցը զինված է ստեղծագործ գաղափարների իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաներով, որպեսզի մեր աշակերտները համաքայլ ընթանան արագորեն զարգացող գիտությանը և իրական ժամանակում փորձարկեն ստացած գիտելիքները:

 

6

Ստեղծարարություն

Մենք ձգտում ենք առավել լայն բացել մարդու ստեղծագործական ներուժը, նպաստել նրա ստեղծագործ ակտիվության դրսևորմանն ու զարգացմանը:

7

Աշխատելու արվեստ

«Այբ»-ում բոլորը սիրում են աշխատել և աշխատելով սովորում են կառավարել ժամանակը, տարանջատել կարևորն անկարևորից, ձևավորել աշխատանքի արդյունավետ կազմակերպման այլ հմտություններ:

 

8

Ընկերային (հասարակական) պատասխանատվություն

Մենք մեր աշակերտների մոտ դաստիարակում ենք այնպիսի արժեքներ, ինչպիսին են փոխօգնությունը, դիմացինի կարծիքի հետ հաշվի նստելը, ուրիշի մտքերը և աշխատանքը գնահատելն ու չգողանալը և այլն: Երեխան պետք է կարևորի հանրային շահը և գիտակցի, որ իր արարքով կամ անգործությամբ ազդում է իր և այլոց կյանքի վրա: