ԱյբԼաբ - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • ԱյբԼաբ
  • ԱյբԼաբ
  • ԱյբԼաբ
  • ԱյբԼաբ

ԱյբԼաբ

«Այբ» հիմնադրամի առաջին լայնածավալ ծրագրերից մեկը տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից առարկայական լաբորատորիաների` «ԱյբԼաբ»-երի ստեղծումն ու դրանցում դասավանդման մեթոդաբանությունների կատարելագործումն է: «ԱյբԼաբ»-երն ամբողջական լաբորատոր համալիրներ են` իրենց ուրույն տարածքային լուծումներով, կահավորանքի ու սարքավորումների համալրվածությամբ, հաղորդակցական և անվտանգության համակարգերով: «ԱյբԼաբ» ծրագրի նպատակն է ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ երեխային համակում է սովորելու, նորը ճանաչելու և արարելու ցանկությունը, որտեղ նա հնարավորություն է ունենում բացահայտելու իր ներուժը, փորձարկումներ և փոքրիկ հայտնագործություններ անելու, իր ապագա հաջողության հիմքերը դնելու:
 
«ԱյբԼաբ» նախագծի միջոցով ստեղծվեց ժամանակակից առարկայական լաբորատորիայի օրինակելի մոդել: «ԱյբԼաբ»-ը ոչ միայն լայն տարածում գտավ «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով ու ֆինանսական մասնակցությամբ, այլև դարձավ Հայաստանի տարբեր դպրոցներում ներդրվող նոր առարկայական լաբորատորիաների համար նախատիպ:

«Այբ» կրթական հիմնադրամը նպատակ է դրել շարունակել մարզերում լաբորատորիաների ստեղծման գործընթացը։ 

 

«Այբ»-ի ցույց տված օրինակների շնորհիվ նմանատիպ սեփական լաբորատորիա ունենալը կարևոր է դարձել նաև այլ դպրոցների համար, որոնցում «ԱյբԼաբ»-եր բացելու նախաձեռնությունը եկել է հենց այդ դպրոցներից: 

Ժամանակին դպրոցների համար բարերարություն անելը կարող էր սահմանափակվել դասասենյակի վերանորոգմամբ կամ համակարգչային տեխնիկայի նվիրաբերությամբ: «ԱյբԼաբ» նախագծի շնորհիվ բարերարությունը դպրոցների համար դարձավ առավել համակարգային ու թիրախային: «ԱյբԼաբ» ծրագիրը նաև օրինակ ծառայեց դեպի դպրոց նոր ֆինանսական միջոցներ ուղղելու և դպրոցների ու առհասարակ կրթական ոլորտի զարգացման գործում երկարաժամկետ ներդրումներ անելու:

 

ԱՅԲԼԱԲԵՐ

 

2007 թ.

Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց
Բենհուր Փախչանյանի անվան ֆիզիկայի «ԱյբԼաբ»
Ծառայում է ֆիզիկա և աստղագիտություն առարկաների դասերի անցկացմանը:
 
2008 թ.
Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց Քիմիայի «ԱյբԼաբ»:
Ծառայում է քիմիա և կենսաբանություն առարկաների դասերի անցկացմանը: 

Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի և քիմիայի երկու «ԱյբԼաբ»-երի ստեղծումը հնարավոր է դարձել «Այբ»-ի երկու հիմնադիրների՝ Դավիթ Փախչանյանի և Կարո Սարգսյանի աջակցության շնորհիվ:
 
2010 թ.
Բերդի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցներ, Բերդ (Տավուշի մարզ)
Հայկազ Մեժլումյանի անվան ինֆորմատիկայի «ԱյբԼաբ»
Ծառայում է ինֆորմատիկայի և համակարգչային տեխնիկայի կիրառություն պահանջող այլ առարկաների դասերի անցկացմանը: 

Բերդի դպրոցի ինֆորմատիկայի «ԱյբԼաբ»-ը ստեղծվել է «Այբ»-ի համահիմնադիր Արթուր Բերդի հովանավորությամբ:
 
2010 թ.
Քաջարանի թիվ 1 և թիվ 4 դպրոցներ, Քաջարան (Սյունիքի մարզ), 
Տարածաշրջանում էկոլոգիայի առաջին «ԱյբԼաբ»-եր
Ծառայում են «Քաջարան. բնությունը և էկոլոգիան» ուսումնական առարկայի և «Էկոլոգիա» խմբակի դասերի անցկացմանը: Օգտագործվում են բնագիտության, աստղագիտության, աշխարհագրության և անգամ օտար լեզուների դասընթացներն արդիական պահանջների համաձայն կազմակերպելու նպատակով: 

Էկոլոգիայի երկու «ԱյբԼաբ»-երը բացվել են Քաջարանի քաղաքապետարանի հովանավորությամբ:
 
2011 թ.
Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց, Վաղարշապատ (Արմավիրի մարզ), ֆիզիկայի «ԱյբԼաբ»: Ծառայում է ֆիզիկա առարկայի և բնագիտական այլ առարկաների դասերի անցկացմանը:
 
2012 թ.
Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց, Վաղարշապատ (Արմավիրի մարզ)
Կենսաբանության և քիմիայի «ԱյբԼաբ»-եր

Վաղարշապատի դպրոցի երեք լաբորատորիաների ստեղծումը ֆինանսավորվել է դպրոցի պահուստային ֆոնդից:
 
Կան ևս ութ լաբորատորիաներ, որոնք ստեղծվել են «Այբ» դպրոցներում «ԱյբԼաբ»-երի հայեցակարգով ու տեխնոլոգիաներով: «Այբ» ավագ դպրոցում գործում են ֆիզիկայի, քիմիա-կենսաբանության և ռոբոտիկայի լաբորատորիաներ, որոնց կառուցումն ու համալրումը ֆինանսավորվել է «Այբ» հիմնադրամի կողմից՝ դպրոցաշինության ընդհանուր ծրագրի ֆինանսավորման շրջանակներում: Իսկ ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսավորմամբ «Այբ» հիմնադրամի կողմից ստեղծված Դիլիջանի կենտրոնական դպրոցում գործում են գիտության, ատաղձագործության, տեխնոլոգիայի և ինֆորմատիկայի լաբորատորիաներ: Բոլոր «ԱյբԼաբ»-երը և «Այբ» դպրոցների լաբորատորիաները ապագայում կմիավորվեն մեկ ընդհանուր «ԱյբԼաբ» ցանցի մեջ, որի շնորհիվ ցանցում ընդգրկված դպրոցները հնարավորություն կստանան համատեղ օգտվելու ռեսուրսներից, ակտիվացնելու համագործակցությունը, փորձի և ինֆորմացիայի փոխանակումը, համատեղ նախագծերի իրականացումը:

 

Համագործակից կառույցներ
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.

 

Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց
Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոց
Քաջարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցներ
Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց
Քաջարանի քաղաքապետարան
«ՋԱՏՈ» ճարտարապետական արվեստանոց

 

Ավելին

8 «ԱյբԼաբ»

Հայաստանի 4 մարզի 5 դպրոցում

ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից:

  • ԱյբԼաբ
  • ԱյբԼաբ
  • ԱյբԼաբ
  • ԱյբԼաբ
  • ԱյբԼաբ
  • ԱյբԼաբ
  • ԱյբԼաբ

12 մլն ՀՀ դրամ

ծախսել է «Այբ»-ը առաջին երկու «ԱյբԼաբ»-երի ստեղծման վրա:

6 մլն x 6

ուղղվել է դեպի դպրոցներ՝ մնացած վեց «ԱյբԼաբ»-երի ֆինանսավորման նպատակով (դպրոցների ներքին ֆոնդերից կամ բարերարներից):

«ԱյբԼաբ»-երը՝

1

Ժամանակակից են

Նախագծված են տեղական և արտասահմանյան լավագույն փորձի հիման վրա:

2

Տեխնիկապես հագեցած են

Համապատասխանում են արդի տեխնոլոգիական և մասնագիտական չափանիշներին:

3

Անվտանգ են

Բավարարում են անվտանգության և էրգոնոմիկայի պահանջներին:

4

Վիրտուալ են

Տալիս են իրական և վիրտուալ  փորձերի անցկացման հնարավորություն:

5

Նախագծված են «մեկ սարք – մեկ դասասեղան» սկզբունքով

Յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է տրվում անձամբ փորձեր կատարելու:

6

Նպաստում են խորացված ուսուցմանը

Ապահովում են թե՛ հանրակրթական, թե՛ խորացված ծրագրերով ուսուցման իրականացումը: