Սրբոց Թարգմանչաց եկեղեցի - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Սրբոց Թարգմանչաց եկեղեցի
  • Սրբոց Թարգմանչաց եկեղեցի
  • Սրբոց Թարգմանչաց եկեղեցի

Սրբոց Թարգմանչաց եկեղեցի

«Այբ» կրթական ավանում եկեղեցու առկայությունը խորհրդանշում է ճանաչողության ու բարոյական արժեքների կապը: Եկեղեցին երաշխիքն է ոչ միայն կրթված, այլև բարոյական սերնդի ձևավորման:


Դարեր շարունակ Հայ Եկեղեցին և Հայ Դպրոցը եղել են կողք կողքի` ապահովելով մեր ժողովրդի հոգևոր-ազգային միասնականությունը և ճանաչողական-արժեքային ներդաշնակությունը: Մեր սուրբ Թարգմանիչների՝ սբ Մեսրոպի, սբ Սահակի և նրանց աշակերտների շարժումը «Այբ» համայնքի համար եղել է մեծագույն օրինակ և ներշնչանքի աղբյուր, և եկեղեցու կառույցը խորհրդանշում է այն մարդկանց, որոնց էական գրավոր ժառանգության վրա խարսխված են հայ ինքնությունը և հոգևոր գիտակցությունը:

 

Ե դարում սբ Մեսրոպի, սբ Սահակի և նրանց աշակերտների շնորհիվ ստեղծվեցին ազգային գիր, գրականություն, երաժշտություն, դպրոց: Այս հանճարեղ մարդկանց համագործակցությունը վերածվեց դարերով շարունակվող շարժման և ապահովեց հայ ժողովրդի շարունակականությունը մինչև մեր օրերը: Այս յուրահատուկ շարժման շնորհիվ հոգևոր արժեքները և կրթությունը դարձան հայերի ազգային ինքնագիտակցության հիմք:


Հայ ժողովուրդը նրանց անվանել է սուրբ Թարգմանիչներ և նվիրականացրել է թարգմանության գաղափարը: Հայ աստվածաբանական գրականության մեջ թարգմանությունը համարվում է աստվածային իմաստությունն արարչությանը հաղորդակից դարձնելու, երկնայինը երկրավորի մեջ բացահայտելու մեծագույն շնորհ: Բացի դրանից, թարգմանության ոգին ցուցանիշն է համամարդկայինին հաղորդակից լինելու, համամարդկայինը սեփականեցնելու, սեփական ինքնությունը մեծ պատկերի մեջ տեսնելու կարողության:
 

«Այբ»-ն այսօր յուրատեսակ շարունակությունն է սրբոց Թարգմանչաց շարժման: Միավորելով կրթությամբ կայացած և կրթության մեջ ներդրում կատարելու պատրաստակամ մարդկանց` մենք համախմբում ենք նոր որակներ, գիտակցված արժեքներ, ապրված իրողություններ: Այսօր գաղափարակից մարդկանց փորձառությամբ, ջանքերով և ներդրումներով ստեղծվում ու մշակվում է հայ նոր դպրության ճարտարապետությունն իր բովանդակային, համակարգային, միջավայրային լուծումներով: «Այբ»-ի յուրաքանչյուր անդամ իր անցած ճանապարհով և գիտակից մասնակցությամբ հարստացնում ու հզորացնում է սրբոց Թարգմանչաց բազմադարյան շարժումը` ճանապարհ բացելով ապագա սերունդների համար:

 

«Այբ» դպրոցը աշխարհիկ դպրոց է: Այն գործելու է ոչ թե դպրոցին կից, այլ լինելու է մեծ կրթական ավանի մի մասը:


«Այբ» կրթական ավանը կազմված է չորս գոտիներից` ուսումնական (տարրական, միջին և ավագ դպրոց), սպորտային (մարզադահլիճներ, լողավազան, խաղահրապարակներ), հասարակական (ֆաբլաբ, գիտության և տեխնոլոգիայի թանգարան, հանրակացարաններ, մանկապարտեզ), հոգևոր (եկեղեցի և համայնքային կենտրոն):

 
Այս բոլոր գոտիները միմյանց են կապվում հանրային այգիներով ու կանաչ տարածքներով: «Այբ» կրթական ավանը համայնքի միկրոմոդել է, որտեղ բոլոր բաղադրիչները գործում են ինքնուրույն և փոխազդում են կրթության միջոցով: Այստեղ մարդիկ գալիս են սովորելու և սովորեցնելու: «Այբ» ավանը բաց է ուսանողների, գիտնականների, ստեղծագործողների և լայն հանրության համար: Սրբոց Թարգմանչաց եկեղեցին լինելու է հայ առաքելական և պատկանելու է Սուրբ Էջմիածնին և, ինչպես այլ եկեղեցիներ, ծառայելու է ինչպես Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր համայնքների բնակիչներին, այնպես և բոլոր հավատացյալներին:
 

«Այբ» ավանի եկեղեցին յուրօրինակ ճարտարապետական լուծումներով մի կառույց է: Այն կազմված է քարե գրքերից, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է սբ Թարգմանիչներից մեկին: Եկեղեցու հիմնահարկում գործելու է աստվածաբանական գրադարան, որտեղ մարդը հնարավորություն է ունենալու կարդալու, ուսումնասիրելու և հոգևոր իրողությունների մեջ խորանալու: 2012 թ. մարտին «Այբ» հիմնադրամն ամփոփեց «Այբ» կրթական ավանում կառուցվելիք Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ճարտարապետական հայեցակարգի նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքները: Մրցույթի անցկացման համար հատուկ ստեղծված www.holytranslators.com կայքում գրանցվել էին 119 անհատ ճարտարապետ և կազմակերպություն Հայաստանից, Ռուսաստանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից: Մրցույթի արդյունքում ծնվեց եկեղեցու 50 ճարտարապետական հայեցակարգ: Իսկ որպես սուրբ Թարգմանիչների պատվին կառուցվող եկեղեցու վերջնական նախագիծ ընտրվեց ճարտարապետ Էրիկ Օհանյանի հեղինակած նախագիծը:

 

Ավելին

119

անհատ ճարտարապետ և կազմակերպություն 4 երկրից

գրանցվել են Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ճարտարապետական հայեցակարգի բաց մրցույթին

  • Սրբոց Թարգմանչաց եկեղեցի
  • Սրբոց Թարգմանչաց եկեղեցի
  • Սրբոց Թարգմանչաց եկեղեցի
  • Սրբոց Թարգմանչաց եկեղեցի

Ներկայացվել է 50 նախագիծ

Ընտրվել է մեկը՝ որպես «Այբ» ավանի եկեղեցու վերջնական ճարտարապետական նախագիծ

25 քարե գիրք`

25 սբ Թարգմանիչների պատվին