2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը, ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ, Դիլիջան քաղաքում բացեց Դիլիջանի կենտրոնական դպրոցը, որը պատկանում է «Այբ» դպրոցների ընտանիքին և «Այբ»-ի՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ իրականացրած առաջին դպրոցական նախագիծն է: «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԲ-ի համագործակցության արդյունքում ստեղծվեց քաղաքային դպրոցի մոդել՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ-ի աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Ընդ որում, դպրոցում ուսանելու պայմանները նույնն են բոլոր աշակերտների համար. ՀՀ ԿԲ-ն փոխհատուցում է բոլոր աշակերտների ուսման ծախսերը:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը հիմնական դպրոց է՝ իր տարրական և միջին բաղադրիչներով: Դպրոցը 4500 քմ տարածք զբաղեցնող, մի քանի ցածրահարկ նորակառույց, տեխնիկապես համալրված մասնաշենքերից կազմված համալիր է: Դպրոցի գաղափարախոսությունը, ֆիզիկական միջավայրն ու կրթական բովանդակությունը (ուսումնական առարկայական ծրագրերը, այդ թվում՝ հոգեբանի և լոգոպեդի աշխատանքի համար, դասավանդման մեթոդաբանությունը, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղաքականությունը, գնահատման չափանիշները և այլն) նախագծված են «Այբ»-ի չափանիշներով: Դպրոցի առաքելությունն է դառնալ ամբողջական ու մրցունակ կրթություն ու դաստիարակություն ապահովող միջավայր՝ կերտելով մի սերունդ, որը կրթված է, ունի ամուր հոգևոր արժեքներ, առաքինություն, գեղագիտական բարձր ճաշակ և առողջ կենսակերպի ձգտում:
Դիլիջանի կենտրոնական դպրոցի ծնունդը և հաջող գործարկումը «Այբ» կրթական հիմնադրամի առաջին փորձն էր՝ տարածելու «Արարատյան բակալավրիատ» ամբողջական կրթական հարթակը, որը մշակվել և կատարելագործվել է «Այբ»-ի կրթական ծրագրերում:
Իր գործունեության առաջին իսկ տարում Դիլիջանի կենտրոնական դպրոցն ազդեցություն ունեցավ մի քանի կապակցված ոլորտներում՝ կրթական, մշակութային, սոցիալական, համայնքաստեղծ: Դիլիջանյան միապաղաղ իրականությունը լցվեց բազմաթիվ հետաքրքիր կրթամշակութային և համայնքային միջոցառումներով՝ շնորհիվ դպրոցական համայնքի միասնական աշխատանքի: Դպրոցը պարբերաբար հանդես է գալիս Դիլիջանի այլ դպրոցների հետ համագործակցության և համայնքային զարգացմանն ուղղված նախաձեռնություններով:
Համագործակից կառույցներ
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.
ՀՀ Կենտրոնական բանկ
Դիլիջանի համայնքային կենտրոն
«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամ
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ
Միացյալ Համաշխարհային Քոլեջների Դիլիջանի դպրոց
Աշակերտների ընդհանուր թվի 31%-ը Երևանից է, 3%-ը՝ Վանաձորից և Իջևանից:
ուսանում է ԴԿԴ-ի 1-9-րդ դասարաններում (2018 թ․ հոկտեմբերի 31-ի դրությամբ)
ՀՀ ԿԲ-ի աշխատակիցների և Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների հարաբերակցությունը
Դպրոցի նպատակն է՝ ձևավորել համակողմանի զարգացած, հոգեպես հարուստ և առողջ մարդկանց: Դպրոցում համադրվում են գիտությունները, հումանիտար առարկաները, արվեստներն ու սպորտը:
Մենք աշակերտին հնարավորություն ենք ընձեռում խորանալու իր նախընտրած առարկաների մեջ, ուսումնասիրելու, ստեղծագործելու իրեն հետաքրքրող ուղղության մեջ:
Մեր նպատակն է՝ ձևավորել ոչ միայն գիտելիքներով զինված մարդ, այլև բարոյապես մաքուր, սեփական ինքնությանը հաղորդ, պատկանելության և պատասխանատվության գիտակցություն ունեցող քաղաքացի:
Յուրաքանչյուր դպրոցի ամենամեծ հարստություններից մեկը նրա շուրջ համախմբված համայնքն է՝ աշխատակիցներ, ուսուցիչներ, ծնողներ, աջակիցներ, գործընկերներ, ում ներկայությունը դպրոցում հարստացնում է ուսումնական առօրյան՝ տալով կրթությամբ կայանալու ու բարձունքների հասնելու վստահություն:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը զինված է ստեղծագործ գաղափարների իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաներով, որպեսզի մեր աշակերտները համաքայլ ընթանան արագորեն զարգացող գիտությանը և իրական ժամանակում փորձարկեն ստացած գիտելիքները:
Մենք ձգտում ենք առավել լայն բացել մարդու ստեղծագործական ներուժը, նպաստել նրա ստեղծագործ ակտիվության դրսևորմանն ու զարգացմանը: Մեր դպրոցի աշակերտները ներգրավված են իրական նախագծերում՝ կիրառելու ստացված գիտելիքները և կողմնորոշվելու հետագա մասնագիտության հարցում:
Մեր դպրոցում բոլորը սիրում են աշխատել և աշխատելով սովորում են կառավարել ժամանակը, տարանջատել կարևորն անկարևորից, ձևավորել աշխատանքի արդյունավետ կազմակերպման այլ հմտություններ:
Մենք մեր աշակերտների մոտ դաստիարակում ենք այնպիսի արժեքներ, ինչպիսին են փոխօգնությունը, դիմացինի կարծիքի հետ հաշվի նստելը, ուրիշի մտքերը և աշխատանքը գնահատելն ու չգողանալը և այլն: Երեխան պետք է կարևորի հանրային շահը և գիտակցի, որ իր արարքով կամ անգործությամբ ազդում է իր և այլոց կյանքի վրա: