Ֆաբլաբ - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Ֆաբլաբ
  • Ֆաբլաբ

Ֆաբլաբ

Ֆաբլաբը ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ, MIT) ստեղծած արհեստանոց-լաբորատորիա է՝ զինված հատուկ սարքավորումներով և նյութերով, որոնք հնարավորություն են տալիս նորարարական տեխնոլոգիաներ կիրառելու գիտական տարբեր ոլորտներում և արտադրելու գրեթե «ամեն ինչի» ձևանմուշ: Ֆաբլաբերում իրականացվող ծրագրերը վերաբերում են ինչպես տեխնոլոգիական նորարարություններին ու բարեփոխումներին, այնպես էլ գործարարական նոր մոտեցումներին ու զանազան հետազոտություններին արտադրության, ռոբոտաշինության, դիզայնի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: 2015 թվականին «Այբ» հիմնադրամը բացեց Հայաստանում առաջին երկու ֆաբլաբերը՝ Երևանի «Այբ» դպրոցին և Դիլիջանի կենտրոնական դպրոցին կից:
 

Ֆաբլաբը Հայաստանում նորարարական «խելացի» լաբորատորիաների ներդրման բացառիկ, լայնածավալ ազդեցության ծրագիր է, որը թույլ է տալիս կրթությունը դարձնել կիրառական:
 

Միանալով ֆաբլաբի ցանցին՝ Հայաստանը դառնում է աշխարհի լավագույն տեխնիկական բուհի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային կրթական հսկա ցանցի անդամ և հնարավորություն ստանում օգտվելու այն հմտություններից, գիտելիքից և փորձից, որոնք ստեղծվել են ցանցի անդամ լաբորատորիաներում:


ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսավորմամբ` «Այբ» հիմնադրամը ՄՏԻ-ից ձեռք բերեց երկու ֆաբլաբի լիցենզիա, ինչպես նաև սարքավորումներ Դիլիջանի կենտրոնական դպրոցին կից ֆաբլաբի համար: Իսկ արդեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ ջանքերով և ֆինանսավորմամբ «Այբ» հիմնադրամը կառուցեց և համալրեց Երևանի «Այբ» դպրոցին կից ֆաբլաբը:
 

Ֆաբլաբերը հնարավորություն են տալիս խթանելու գիտահետազոտական աշխատանքները ռոբոտաշինության, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մեքենաշինության և այլ ոլորտներում, ինչպես նաև հետազոտությունների նոր հարթակ են ստեղծում երիտասարդ հայ գիտնականների համար:

 
«Այբ» հիմնադրամը երկարատև բանակցային գործընթաց է վարել ՄՏԻ-ի հետ: Բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել ֆաբլաբի սարքավորումային լիակատար փաթեթը, որն այս պահին ներառում է՝
 

•    համակարգչային կարգավորմամբ լազերային կտրող սարք,
•    թվային կարգավորմամբ մետաղահատ (ֆրեզային) հաստոց՝ մեծ չափի ձևանմուշներ ստանալու համար,
•    ալեհավաքներ, տպագրական կաղապարներ, ճկուն սխեմաներ ստեղծող սարք,
•    եռաչափ տպիչներ,
•    ծրագրավորման արագագործ և փոքր ծախսատարությամբ միջոցներ,
•    այլ սարքեր ու ծրագրեր:
 

«Այբ» կրթական հանգույցի ամբողջ ծրագրի գործարկումից հետո ֆաբլաբը միանալու է հանգույցում գործող գիտության և տեխնոլոգիայի կենտրոնին: Այսպիսով՝ ֆաբլաբը, լինելով ցանկացած կրթական ու գիտական հաստատության համար փորձարկումների ու գաղափարների իրականացման բաց տիրույթ, լիարժեքորեն համապատասխանում  է կրթական հանգույցի գաղափարախոսությանը, այն է՝ դպրոցական ավանը դարձնել կյանքի ու հասարակության հիմնական ուղղությունների ու կարևոր հաստատությունների խաչմերուկ, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում է իր փորձն ու սովորեցնելով սովորում:

Երևանի ֆաբլաբի ստեղծումը հնարավոր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, իսկ Դիլիջանինը՝ ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ: 

 

Համագործակից կառույցներ

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.

 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Բիտերի և ատոմների կենտրո
Հայաստանի կենտրոնական բանկ
ՎիվաՍել-ՄՏՍ

 

Ավելին

565 ֆաբլաբ

գործում է աշխարհի մոտ 40 երկրում

Ֆաբլաբերն ակտիվորեն տարածվում ու ցանցավորվում են ամբողջ աշխարհով՝ հիմնականում կրթական կառույցներին կից

  • Ֆաբլաբ
  • Ֆաբլաբ
  • Ֆաբլաբ
  • Ֆաբլաբ
  • Ֆաբլաբ
  • Ֆաբլաբ

Մոտ $500.000 արժողությամբ 2 ֆաբլաբ

«Այբ»-ը բացել է Երևանում և Դիլիջանում

320 քմ ստեղծագործ մակերես՝

երկու ֆաբլաբերում